Հղիության ընթացքում ալկոհոլ օգտագործելը կարող է ազդել չծնված երեխայի դիմագծերի վրա
Advertisement 1000 x 90

Հղիության ընթացքում ալկոհոլ օգտագործելը կարող է ազդել չծնված երեխայի դիմագծերի վրա

Հղիության ընթացքում ալկոհոլ օգտագործելը կարող է ազդել չծնված երեխայի դիմագծերի վրա, պարզել են Մարդու վերարտադրողականության եւ սաղմնաբանության եվրոպական միության գիտնականները: Արդյունքները հրապարակված են Human Reproduction ամսագրում։

Գիտնականները վերլուծել են 9 տարեկան 3149 եւ 13 տարեկան 2477 երեխաների եռաչափ պատկերները: Նրանք օգտագործել են արհեստական ​​ինտելեկտն (AI) ու խորը ուսուցման ալգորիթմները երեխաների դեմքի ձեւի փոփոխության եւ նրանց մայրերի կողմից հղիությունից առաջ եւ հղիության ընթացքում օգտագործած ալկոհոլի միջեւ:

Վերլուծությունը ցույց է տվել, որ շաբաթական 12 գրամից քիչ ալկոհոլը կարող էր ազդել երեխայի դիմագծերի վրա․ դա համարժեք է 175 մլ գինուն կամ 330 մլ գարեջրին։

Պարզվել է, որ ալկոհոլ օգտագործելու ամենատարածված հետեւանքներն են եղել վեր ցցված քիթը, կարճ քիթը, փոքր կզակը եւ աչքերի տակ եղած խոր փոսերը՝ պտղի ալկոհոլային համախտանիշի ախտանիշները:

Այս փոփոխությունները դառնում են ավելի քիչ նկատելի երեխայի մեծանալուն զուգընթաց, եւ գրեթե անհետանում  13 տարեկանում: Գիտնականները ենթադրում են, որ դա կարող է պայմանավորված լինել շրջակա միջավայրի այլ գործոնների ազդեցության աճով կամ նշանները փոխհատուցվում են երեխայի մեծանալուն զուգընթաց։

Պտղի ալկոհոլային համախտանիշի այլ ախտանշանները ներառում են կոգնիտիվ խանգարումներ, հիպերակտիվության եւ ուշադրության դեֆիցիտի խանգարում (ADHD) եւ խոսքի զարգացման ուշացում: Ուսումնասիրությունը ընդգծում է, որ հղիության ընթացքում ալկոհոլի անվտանգ չափաբաժին չկա:

news.am