ԱՄՆ Լուիզիանա նահանգի Թուլեյնի համալսարանի գիտնականները The European Physical Journal Plus-ում հրապարակած ուսումնասիրության միջոցով ցույց են տվել, որ համակարգիչ կարող է ստեղծվել նույնիսկ այնպիսի փոքր մասնիկի հիման վրա, ինչպիսին ատոմն է:
Ինչպես տեղեկացնում է Scitechdaily.com-ը, ըստ գիտնականների՝ մեկ ատոմը միանգամայն բավական է տվյալների պահպանման և մշակման համար, ընդորում՝ տվյալների մուտքագրումն ու մշակումը լիովին օպտիկական կլինի։
«Մենք ունեինք գաղափար, որ հաշվարկելու ունակությունը համընդհանուր հատկություն է, որն ունեն բոլոր ֆիզիկական համակարգերը, բայց այս պարադիգմում կա հսկայական հնարավորություն, թե ինչպես կարելի է փորձել հաշվարկներ կատարել»,- ասել է ուսումնասիրության առաջատար հեղինակներից Ջերարդ Մաքքոլը:
Գիտնականների համար կարևոր է եղել ապացուցել, որ ամբողջությամբ օպտիկական մուտքով և ելքով մեկ ատոմի վրա կառուցված համակարգը ոչ գծային հատկություններ կցուցաբերի: Սա առավել կարևոր է, քանի որ առաջին պլանում են հայտնվում նեյրոմորֆիկ համակարգիչները կամ արհեստական բանականությամբ աշխատող համակարգիչները, որոնք մասամբ կրկնօրինակում են ուղեղի աշխատանքը և, հետևաբար, իրենց էությամբ դառնում են ոչ գծային:
Զարգացնելով իրենց կոնցեպտը՝ գիտնականներն առաջարկել են ոչ գծային մեկ ատոմից բաղկացած համակարգիչ, որի մուտքագրվող տվյալներն ուղղակիորեն կոդավորված են լույսի մեջ, իսկ ելքագրվող ինֆորմացիոն նույնպես դուրս է գալիս լույսի տեսքով։ Այնուհետև հաշվարկը որոշվում է ֆիլտրերով, որոնց միջոցով անցնում է լույսը:
«Մեր ուսումնասիրությունները հաստատեցին, որ այս մոտեցումը սկզբունքորեն աշխատում է, ինչպես նաև ապացուցեցին այն փաստը, որ համակարգը ավելի լավ է գործում, երբ մուտքային լույսը ներկայացվում էր այնպես, որ համակարգում ավելի բարձր աստիճանի ոչ գծայնություն առաջանա»,- բացատրել է Ջերարդ Մաքքոլը։
«Ես հավանաբար կասեի, որ այս աշխատանքով մենք փորձում ենք ընդգծել, որ հաշվարկելու ունակ նվազագույն համակարգ իսկապես գոյություն ունի մեկ ատոմի մակարդակում, և որ հաշվարկները կարող են իրականացվել բացառապես օպտիկական գործընթացների օգնությամբ»,- հավելել է նա: