Երևանում պարբերաբար որոշ փողոցների լուսացույցներ չեն աշխատում: Քաղաքացիների զգալի մասը վերջապես սովորել էր, որ փողոցը պետք է անցնել միայն այն ժամանակ, երբ վառվում է անցորդների համար կանաչ լույսը: Բայց Երևանի որոշ փողոցներում խափանվել էր լուսացույցի աշխատանքը, և մարդիկ կրկին անցնում էին փողոցն անցնելու «հին մեթոդին»՝ ինչպես պատահի:
Մեկ շաբաթ աշխատում և փչանում է, օրինակ, Հյուսիսային պողոտայում գտնվող լուսացույցը: Սոցիալական ցանցում այլ փողոցների մասին էլ գրառումներ կան.
«Մոտեցա խաչմերուկին, դեդին և կանաչ լույսերը միաժամանակ վառվում էին, զարմացած դանդաղեցրեցի, գիծը հատեցի, չորս կողմից լույսերը անջատվեցին, մտա խաչմերուկ՝ պարզվեց կարմիր լույսի տակ եմ մտել Խոսքը 7-րդ մասիվի խաչմերուկի մասին է»,- սոցիալական ցանցում դժգոհել էր մի օգտատեր:
«Մարզահամերգային համալիրի մոտ էլ կանաչ և կարմիր լույսերը միաժամանակ են վառվում: Լավագույն դեպքում գալիս, սարքում են, սակայն երկու օրից նույն վիճակն է»,- նշել էր մեկ այլ քաղաքացի:
Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից խնդրի առնչությամբ հայտնեցին, որ արդեն կայացել է մրցույթը, կա հաղթող կազմակերպություն (One click), և աշխատանքները սկսվելու են:
«Մոտ օրերս այդ ուղղությամբ աշխատանքները կմեկնարկեն՝ ամբողջ ծավալով: Գիտակցում ենք, թե ինչ է անհրաժեշտ»,- փոխանցեցին Քաղաքապետարանից:
Ի դեպ, Երևանում կան հետիոտնային կանչի ռեժիմով աշխատող լուսացույցներ, որոնք ևս հաճախ չեն աշխատում: Նման լուսացույցները հիմնականում տեղակայվում են կրթական հաստատությունների, մշակութային ու մարզական օջախների, ինչպես նաև առողջապահական կազմակերպությունների հարևանությամբ:
Անի Կարապետյան