Երեւանաբնակ նկարչուհի Էդիտա Սիմոնյանը նկարում է ծաղիկների թերթիկներով՝ չօգտագործելով մատիտներ կամ ներկեր: Նրա ստեղծագործությունների մեջ կան Սարյանի գործերից կրկնօրինակներ, բնանկարներ, զանազան կոմպոզիցիաներ եւ, նույնիսկ, տեքստեր՝ Նարեկացու «Մատյան Ողբերգությունից»…
«Կենդանի» նկարների հատուկ էներգիան
Էդիտան աշխատում է ծաղկաթերթերի հետ, գրեթե, քսան տարի․ այս հոբբին վաղուց դարձել է մասնագիտություն, բայց միայն վերջերս է նա իմացել, որ նման ստեղծագործությունն ունի իր անունը՝ «օշիբանա». 15-րդ դարից ճապոնական սամուրայները դիմում են այս հնարքին իրենց ուշադրությունը բացասականից շեղելու, ինչպես նաեւ ուղեղն ու ձեռքերը համաժամանակյա աշխատանքին վարժեցնելու նպատակով: Ավելին, այս ոճի մեջ տարբեր տեխնիկա է օգտագործվում․ մեկը օգտագործում է ոչ միայն ծաղիկներ, այլեւ տերեւներ, ցողուններ, մինչդեռ մեր հերոսուհին գլուխգործոցներ է ստեղծում միայն ծաղկաթերթիկների օգնությամբ:
«Ծաղկաթերթիկները ոչ միայն շատ փխրուն, այլեւ քմահաճ նյութեր են: Նրանք փոխում են գույնը թե չորանալուց, թե պոկվելուց: Օրինակ՝ կանաչ փիփերթը կանաչ է մնում միայն, երբ այն քաղում ենք վաղ առավոտյան՝ ժամը հինգի մոտակայքում։ Եթե չորացնեք ցերեկը պոկվածը, կստանաք վառ դեղին գույն։ Սպիտակ վարդը նույնպես տարբեր երանգ է ունենում՝ կախված բողբոջի թարմությունից, իսկ չորացած բորդոն դառնում է գրեթե սեւ։ Թարմ ծաղկեփնջերի ծաղկաթերթերից մի գույն ենք ստանում, թառամածներից՝ բոլորովին այլ։ Բոլոր ծաղիկներն ունեն իրենց բնավորությունը, որը նրանք փոխանցում են նկարին: Աշխատանքներս առանձնահատուկ էներգիա ունեն, շատ զգայուն են։ Իրականում նկարները քմահաճ չեն, միայն խորհուրդ չի տրվում դրանք պահել արեւի ուղիղ ճառագայթների տակ։ Բայց, միեւնույն ժամանակ, նրանք շատ ուժեղ զգում են մարդու աուրան։ Եղել են դեպքեր, երբ կոմպոզիցիան երկար տարիներ կանգնել է նորի պես, իսկ հետո մարդիկ վիճել են դրա ներկայությամբ, եւ առավոտյան ծաղկաթերթերը սեւացած հայտնաբերել»։
Ամբողջը՝ news.am