«Աշխարհն ինձ խելագար հռչակեց, երբ առաջին շնորհանդեսի ժամանակ ասացի, որ մարդուն կարելի է տեղավորել մագնիսի մեջ»։
1971-ին, ամերիկացի բժիշկը ներկայացավ նոր առաջարկով․
Նա պնդում էր, որ ինքը, սեփական հետազոտությունների արդյունքում պարզել է․
«Մարմնի հիվանդ և առողջ բջիջները տարբեր կերպ են ենթարկվում մագնիսային ազդեցությանը»։
Այն թվերի համար, նման հայտարարությունը հազիվ էլ բերեր եզրակացության, որ ասողը խելագար է՝ ինչպե՞ս կարելի է մարդուն տեղավորել մագնիսի մեջ․․․
Ընդամենը երեք տարի անց, այս բժիշկը կստանա արտոնագիրը՝ աշխարհում առաջին անգամ օգտագործել այն սարքը, որն ինքը հայտնագործել էր, ու որը, 1974-ից վեր, միանգամայն փոխեց բժշկության մասին մարդու ու աշխարհի պատկերացումները, և այսօր, մոլորակն ուղղակի «փրկվում» է այդ սարքի շնորհիվ․․․
Մինչև 1977 թ-ը, մարդու մարմնի հիվանդությունը կոնկրետ ախտորոշելու միակ տարբերակը, պարզապես վիրահատական միջամտությունն էր՝ մինչև չբացեին մարմինը, ոչինչ հայտնի չէր դառնա։ Իսկ ամերիկացի այս հանճարեղ գիտնականը, փորձում էր համոզել աշխարհին, որ կարելի է ամեն ինչ իմանալ հիվանդության մասին՝ առանց վիրահատական միջամտության, ու այն էլ՝ հիվանդության վաղ ու նոր սկսվող շրջանում, ինչը կնպաստի դրա արագ կանխարգելմանն ու կփրկի միլիոնավոր կյանքեր։
Կանցնի երեսուն տարի, և 2003-ին, Նոբելյան մրցանակ՝ այս սարքը ստեղծելու համար, կստանան երկու՝ այս հանճարեղ գյուտի հետ ի սկզբանե բացարձակ կապ չունեցող մարդիկ՝ Պիտեր Մենսֆիլդն ու Պօլ Լոտերբուրը, իսկ հանճարեղ այդ գիտնականին, դավադրաբար դուրս կթողնեն այդ ցանկից, բայց, ավելի հետ գնալով․․․
1915-ին, Կեսարիայից դուրս եկած, Դեր-Զորի անապատներով թուրքական յաթաղանից փախչում էր երիտասարդ ընտանիքը՝ Վահան և Օդետ զույգը։
Կիսամեռ ու արդեն հյուծված, Վահանի մայրն էր իրենց հետ, մինչև 1917-ը այս ընտանիքը թափառեց Սիրիական փողոցներում, Հալեպում, մինչև որ 1920-ին, բոլորովին երջանիկ պատահականությամբ, նրանց հաջողվեց նավ ստել ու հասնել ԱՄՆ։
Երիտասարդ այս զույգը աշխատանք էր փնտրում՝ բոլորովին անծանոթ երկրում, անծանոթ լեզվի ու մշակույթի մեջ։
Արդեն քսան տարի անց, 1936-ի մարտի 16-ին, Նյու Յորք Նահանգի Մելվիլ քաղաքում հաստատված, Վահան Դամադյանի և Օդետ Եզիջյանի տանը, ծնվեց բավական փարթամ տղա երեխան, ու, որպես հարգանքի դրսևորում, թոռնիկին առաջինը գրկեց տատիկը․․․
Տղայի դպրոցական տարիներին, Վահան ու Օդետը համոզված էին, որ իրենց տղան աշխարհահռչակ ջութակահար է դառնալու․ նա հաճախում էր հայտնի՝ Ջուլիարդի երաժշտական դպրոց և արդեն վիրտուոզի սահմանին էր հասնում, ու հանկարծ, սկսեց հետաքրքրվել մեծ թենիսով։ Տաղանդավոր այդ պատանին, հասցրեց նույնիսկ մասնակցել Դեյվիսի բաց առաջնությանը, բայց երբ տատիկը հիվանդացավ, նա պարզապես կոտրվեց՝
«Հորական կողմից իմ տատիկս, ում ես Մեծ մայր էի ասում, ինձ համար աշխարհ էր՝ աշխարհից դուրս․․․ինչ որ գիտեմ, լսել ու սովորել եմ նրանից, որովհետև ծնողներս ստիպված էին շատ աշխատել, և իմ գիտակցական մանկությունն ու պատանեկությունը անցան տատիկիս հետ՝ Հայաստանից ու հայերից խօսելով՝ գիշերն ի լույս»։- Այսպես կհիշի իր մանկության ու պատանեկության տարիները նա, ով տակավին ընտրության առաջ՝ մեծ թենիս, թե՞ ջութակ, պատկերացում էլ չուներ, որ ինքը կդառնա այն գիտնականը, ով բառացի կփոխի բժշկական ու գիտական աշխարհի պատկերացումները, ով կդառնա միլիոնավոր կյանքեր փրկող սարքի գյուտարարը։
Տատիկի մոտ քաղցկեղ հայտնաբերվեց, և այլևս նրան օգնել հնարավոր չէր։
Բանն այնն է, որ աշխարհում արդեն կար գերմանացի Ռենտգենի հայտնագործած սարքը, բայց դա ոչ միայն ամբողջովին չէր նկարում մարդու ներսը, այլև՝ անուղղելի վնաս էր հասցնում առողջությանը, ու ամերիկացի այս երիտասարդը, մի օր, ընկերոջ հետ զրույցում ասաց․
«Պատկերացնու՞մ ես, հնարավոր լիներ մարդու մարմնի շուրջը մի սարք փաթաթել, որը կզններ ներսի ամեն մասնիկը, ամեն օրգանը ցույց կտար, որ դրսից մենք տեսնեինք այդ ամենն այնպես, ասես մարմնի մեջ լինենք»:
Ընկերը ծիծաղեց․ «ա՛յ քեզ ապուշ միտք:
Բայց երիտասարդը գնաց իր նպատակի հետևից․
1956 – ին, Մեդիսոնի Վիսկոնսինի բժշկական համալսարանում, (University of Wisconsin-Madison) քսանամյա երիտասարդը ստացավ մաթեմատիկայի բակալավրի գիտական աստիճան, իսկ 1960 – ին Նյու Յորքում գտնվող Ալբերտ Էյնշտեյնի անվան բժշկական քոլեջում (Albert Einstein College of Medicine)՝ արդեն դոկտորի գիտական աստիճան՝ տակավին 24 տարեկան մի երիտասարդ։
Երկրին ծառայելու համար, հասցրեց անգամ ԱՄՆ ռազմաօդային ուժերին կամավորագրվել, բայց օդաչու, թենիսիստ, ութ տարի ջութակով տարված, երբեմնի տաքարյուն պատանին, ով անընդհատ կռիվների մեջ էր ընկնում երիտասարդ տարիքում, վերադարձավ բժշկության՝ լուրջ գիտական աշխատանքի, և 1977 -ին, աշխարհում առաջին անգամ, Եղեռնից փրկված Վահան Դամադյանի և Օդետ Եզինջյանի որդին՝ Ռեյմոնդ Դամադյանը, աշխարհին կներկայանա որպես գիտնական, ով հայտնագործեց ու ստեղծեց «Մագնիսառեզոնանսային պատկերի ախտորոշման սարքը»,՝ Магнитно-резонансная томография (МРТ), որը հնարավորություն էր տալիս զննել ներքին օրգաններն առանց վիրահատական միջամտության, ինչպես ինքն ասում էր քսան տարի առաջ։
Բացարձակ թիկունք չունենալով, խղճուկ, կարելի է ասել, իր լաբորատորիայում մշակած, գծագրած ու ստեղծած այս սարքի արտոնագրի տերը, դուրս մնաց Նոբելյան մրցանակի ցանկից, երբ իրենց հարուստ տերերի հետ, արդեն եղածը արդիականացրածի համար, Նոբելյան մրցանակ ստացան Պիտեր Մենսֆիլդն ու Պօլ Լոտերբուրը։
Տատիկի մահից հետո արդեն, երբ ոչնչով չկարողացավ օգնել իր «Աշխարհից դուրս աշխարհին», լինելով Հարվարդի համալսարանի ուսանող, Ռեյմոնդը, կռիսների վրա արված փորձերից նկատեց, որ հյուսվածքներն այլ կերպ են արձագանքում, երբ դրանք ենթարկվում են մագնիսային ճնշման։
Աշխարհում առաջինը ու առաջին անգամ, իր նոր գյուտը օգտագործելով, Ռեյմոնդը գտավ կռիսների մեջ հիվանդ ու առողջ տեսակները, փաստացի՝ սա քաղցկեղի առաջին ախտորոշումն էր առանց մեկ սմ բացվածքի, ու Ռեյմոնդը այն անվանում էր «պատուհան դեպի ներս»։
1971 -ին Նյու Յորք թայմսը գրեց, որ ամերիկացի գիտնականը գտել է քաղցկեղը ախտորոշելու տարբերակ՝ առանց վիրահատական միջամտության։
Եւս երեք տարի տևեց, մինչև հաստատեցին նրա գյուտն ու տվեցին արտոնագիրը, որից հետո, ևս երեք տարի, մինչև պատրաստ էր այսօրվա МРТ կոչվածի առաջին մոդելը, ու միայն 1977-ին, այն առաջին անգամ կփորձարկվի մարդու վրա, ում տեղավորում էին մագնիսի մեջ, ինչպես ասում էր երիտասարդը, ով ուզում էր փրկել տատիկի կյանքը՝ Ռեյմոնդը այն փորձարկեց ինքն իր վրա։
Սա հիրավի հեղափոխական հայտնագործություն էր բժշկության մեջ։
Ավելի ուշ, նրա աշխատանքների ու հայտնագործության հիմքերի վրա Նոբելյան ստացած գիտնականներից մեկի մտերիմը կասի․
«Բանն այնն է, որ Դամադյանի կրոնական հայացքները՝ իբրև գիտնականի, չէին ընդունում «վերևներում»․
Ռեյմոնդը հավատում էր, որ անկախ մարդկային հաջողություններից, ամեն ինչի Տերն ու ստեղծողը Աստված է, ու հենց այդ հիմնավոր համոզման համար, նրան պարզապես հրեցին մի կողմ, դավադրաբար անտեսեցին ու մերժեցին, իսկ նրա աշխատանքները սեփականացրեցին ուրիշները։ Գիտանակնների համար, Դարվինի էվոլուցիոն տեսությունը մերժելը վիրավորական էր, ու նրանք վրեժ լուծեցին Դամադյանից»։
Ավելի ուշ, այն երկուսը՝ Նոբելյան ստացած գիտնականները, կասեն, որ առանց Ռեյմոնդի հայտնագործության, աշխարհում չէր լինի այդ՝ միլիոնավոր կյանքեր փրկող սարքը։
Իսկ ինքը՝ Ռեյմոնդը, ավելի հաստատուն էր․
«Ես ստեղծել եմ առաջին սարքն ու եղել եմ աշխարհում առաջին՝ դրա արտոնագրի տերը․ եթե մարդիկ ուզում են այլ պատմություն գրել, ես արդեն անկարող եմ ինչ-որ բան փոխել․․․»
Դամադյանն արդեն պապիկ էր, թոռներ ուներ, և առանձնակի առճակատման չգնաց Նոբելյանի կազմի հետ, ու, չնայած դրան,
Դոկտոր Ռեյմոնդ Դամադյանը հայտնագործեց նաև այս սարքի «կանգնած» մոդելը։
1989-ին, Դամադյանի անունը ներառվեց Միացյալ Նահանգների ազգային՝ «Գյուտարարների փառքի սրահում»՝ ՝ որպես կարևորագույն նշանակություն ունեցող հայտնագործման հեղինակ։
2003-ին, ամերիկյան «Վարդանանց ասպետներ» կազմակերպությունը, նրան շնորհեց «Տարվա մարդ» տիտղոսը։
«Տեխնոլոգիայի և նորարարության ասպարեզի ազգային մեդալ» -ի մեդալակիր, «Ազգային գյուտարարների փառքի սրահ»-ի մեդալակիր, «Լեմելսոնի պարգև» պատվավոր մրցանակի մեդալակիր, Կեսարիայից Նյու Յորքի ափեր հասած Վահան Դամադյանի և Օդետ Եզիջյանի որդի Ռեյմոնդ Դամադյանը, մահացավ անցյալ տարի՝ Նասաու շրջանի Վուդբերի քաղաքում, 86 տարեկանում՝ աշխարհին թողնելով գիտական ու բժշկական իսկական հեղափոխություն՝ «Մագնիսառեզոնանսային շերտագրություն» կոչվող ապարատը, որը ախտորոշում ու փրկում է միլիոնավոր կյանքեր ողջ աշխարհում։
Նրա առաջին, օրիգինալ, «ամբողջական մարմին» սկաները, որը ինքը կոչել էր «Չհանձնվող», այժմ պահվում է Օհայո նահանգում գտնվող Ազգային գյուտարարների փառքի պատկերասրահում։
Ես ընդամենը հիշեցի Պարսից արքա Դարեհի խօսքը հայերի մասին․
«Հայերին հնարավոր չէ հաղթել, նրանց հնարավոր է միայն բաժանել»:
Նկարում՝ Դոկտոր Ռեյմոնդ Դամադյանն ու իր ստեղծած՝ աշխարհում առաջին Մագնիսառեզոնանսային ապարատը։