Երկրին է մոտենում աստերոիդ, որը երեք անգամ մեծ է Չելյաբինսկի երկնքում 2013 թ․ պայթած աստերոիդից, որը վնասներ էր պատճառել ինչպես մարդկանց, այնպես էլ շենք-շինություններին։ 2023 DZ2 անունն ստացած աստերոիդը մարտի 25-ին Երկրի կողքով կանցնի բավական մոտ հեռավորության վրա։
Ըստ գիտնականների հաշվարկների՝ 2023 DZ2-ը Երկրի կողքով 28,044 կմ/ժ արագությամբ։ Հաղորդվում է, որ այն տեսանելի կլինի Հյուսիսային կիսագնդից նույնիսկ համեմատաբար փոքր աստղադիտակներով: Բացի դրանից, կիրակի՝ Երևանի ժամանակով ժամը 03:30-ին, The Virtual Telescope Project-ը ուղիղ եթերով կհեռարձակի օբյեկտի թռիչքը Երկրի կողքով։
Հյուսիսային կիսագնդից աստղադիտակով դիտելու դեպքում աստերոիդը նման կլինի դանդաղ շարժվող աստղի և Երկրին ամենամոտ կլինի մարտի 25-ին (շաբաթ)` Երևանի ժամանակով ժամը 10:52-ին:
Աստերոիդը հայտնաբերել են Լա Պալմայի (Կանարյան կղզիներ) աստղադիտարանի աստղագետները 2023 թ․ փետրվարին, այն 44-99 մ տրամագիծ ունի։ Քանի որ աստերոիդի հետագիծը հատում է Երկրի ուղեծիրը, այն պատկանում է Ապոլոնի դասի աստերոիդներին։ 2023 DZ2-ի ճշգրիտ ծագումն անհայտ է։ Ըստ Earthsky.org-ի՝ այս օբյեկտների մեծ մասը գալիս է Մարսի և Յուպիտերի միջև գտնվող աստերոիդների գոտուց, դրանք լքում են իրենց ուղեծրերը գազային հսկայի հետ «անհաջող» փոխազդեցության պատճառով:
Ի դեպ, Չելյաբինսկի երկնքում պայթած աստերոիդն ուներ 18 մ տրամագիծ և դրա պայթյունի հետևանքով 1400 մարդ տարբեր աստիճանի վնասվածք էր ստացել, վնասվել էր մոտ 7000 շինություն։ 2023 DZ2-ը փաստացի մոտ երեք անգամ մեծ է դրանից։ Երկրի հետ հնարավոր բախման դեպքում այն հավանաբար եռակի շատ վնաս կարող էր պատճառել։
Բարեբախտաբար, Virtual Telescope Project աստղադիտակից ստացված տվյալների համաձայն, այն մեր մոլորակին կմոտենա մինչև 173,000 կմ հեռավորության վրա։ Համեմատության համար նշենք, որ Երկրից Լուսին միջին հեռավորությունը 384,400 կմ է: Ըստ Space.com-ի՝ դատելով 2023 DZ2-ի ուղեծրի մասին առկա տեղեկություններից՝ Երկրի հետ այս աստերոիդի բախման հավանականությունը չափազանց փոքր է։
Ավելի մանրամասն՝ news.am