James Webb տիեզերական աստղադիտակը ևս մեկ հետաքրքիր հայտնագործություն է արել. այն ուսումնասիրել է երկու աստղերով հսկա էկզոմոլորակի մթնոլորտը, որը հայտնի է որպես VHS 1256 b անունով և ֆիքսել «փոշու փոթորիկ»՝ սիլիկատային տուրբուլենտ ամպերով: Գիտնականներն այս մասին պատմել են Astrophysical Journal Letters-ում վերջերս հրապարակված հոդվածում:
Ինչպես տեղեկացնում է Space.com-ը, նախկինում աստղագետները կարող էին հավաստի տեղեկություն ստանալ էկզոմոլորակի մթնոլորտի բաղադրության պարամետրերից մեկի վերաբերյալ միայն։ Սակայն James Webb-ը կարողացել է տեղեկություն ստանալ մթնոլորտի բաղադրության մի քանի պարամետրի վերաբերյալ։
Այն ոչ միայն կարողացել է VHS 1256 b-ի սպեկտրում առանձնացնել մեթանը, ջուրը, ածխածնի օքսիդը և ածխածնի երկօքսիդի հետքերը, այլ նույնիսկ դրա ամպերում ճանաչել է փոշին և սիլիկատային հանքանյութերից բաղկացած ավազը: Կարելի է ասել, որ James Webb-ն այս մոլորակի վրա ֆիքսել է փոշու փոթորիկ։ Ինչ-որ առումով VHS 1256 b էկզոմոլորակի հարցում աստղագետների բախտը բերել է։ Այն համեմատաբար երիտասարդ է մոլորակ է՝ մոտ 150 միլիոն տարեկան, ուստի դրա վրա ջերմաստիճանը բավական բարձր է: VHS 1256 b-ի վերին մթնոլորտում ամպերի ջերմաստիճանը հասնում է +830 °C-ի։
James Webb աստղադիտակի ինֆրակարմիր սպեկտրոգրաֆները նախատեսված են հենց այսպիսի պայմաններում աշխատելու համար։ Տվյալները ստացվում են ինչպես մոտ ինֆրակարմիր սպեկտրոգրաֆով (NIRSpec), այնպես էլ միջին ինֆրակարմիր (MIRI) գործիքով: Եթե VHS 1256 b-ի մթնոլորտն այդքան տաք չլիներ, ապա դրա սպեկտրը հնարավոր կլիներ ճանաչել միայն աստղի սկավառակի վրայով մոլորակի անցնելու գործընթացի ժամանակ՝ մթնոլորտի միջով ֆոնային լույսի անցնելու հաշվին:
Ընդորում, այս մեթոդը ևս թերություն ունի. աստղային լույսը շատ կդժվարացներ մոլորակի վերաբերյալ տվյալներ ստանալու գործընթացը: Կորոնոգրաֆներն ու այլ գործիքներն օգնում են պայքարել դրա դեմ, բայց ոչ ամբողջությամբ: Եվ VHS 1256 b-ի հարցում աստղագետների բախտն այստեղ ևս բերել է։ Այս էկզոմոլորակն այնքան հեռու է պտտվում իր աստղի շուրջը, ավելի ճիշտ՝ իր զույգ աստղերի շուրջը (սա երկակի համակարգ է), որ աստղերի լույսը չի խանգարում դիտարկմանը: VHS 1256 b-ը մեկ պտույտ կատարում է 10 000 տարում։
VHS 1256 b էկզոմոլորակը գտնվում է արեգակնային համակարգին համեմատաբար մոտ՝ մոտ 40 լուսային տարվա հեռավորության վրա, ինչը James Webb-ին թույլ է տալիս վստահ դիտարկումներ կատարել: Աստղադիտակը հավաստիորեն արձանագրել է, թե ինչպես են սիլիկատային ավազի և փոշու ամպերը բարձրանում և խառնվում օդային զանգվածների հետ մեկ օրվա ընթացքում (այստեղ օրվա տևողությունը 22 ժամ է): VHS 1256 b էկզոմոլորակը դարձել է մինչ օրս առաջին մոլորակային օբյեկտը, որի պայծառությունը չափազանց շատ է տատանվում օրվա ընթացքում։ Կարելի է ասել, որ James Webb-ի շնորհիվ գիտնականներն առաջին անգամ հետևում են այլմոլորակային աշխարհում առկա եղանակային երևույթներին։