Արեւի վրա վերջին շաբաթվա ընթացքում նկատվել է երկրորդ հսկա մուգ բիծը։ Չափերով այն ավելի փոքր է, քան առաջինը․ Երկրի ոչ թե 30 տրամագծի չափով, այլ ընդամենը 20, բայց գտնվում է աստղի հասարակածին մոտ, ինչը գրեթե երաշխավորում է պլազմայի արտանետում դեպի Երկիր։ Սակայն գիտնականների խոսքով՝ Երկրի բնակիչները անհանգստանալու կարիք չունեն։
Մարտի 22-ին գիտնականները Արեւի վրա նկատել են հսկայական բիծ, որն առաջացրել է պսակային զանգվածի աննշան արտանետում: 3 օր անց Երկրի վրա անսպասելիորեն ուժեղ գեոմագնիսական փոթորիկ բռնկվեց, ինչին, ըստ երեւույթին, նպաստեց այն, որ միեւնույն ժամանակ տեղի ունեցավ պսակային զանգվածի աննշան արտանետումների մի ամբողջ շարք, ինչը ուժեղացրեց արեւային քամու ազդեցությունը Երկրի մագնիսական դաշտի եւ նրա մթնոլորտի վրա։ Այդ ժամանակահատվածում հյուսիսափայլերը նկատվել են ընդհուպ մինչեւ ԱՄՆ-ի հարավային նահանգներ եւ Ռուսաստանի Չելյաբինսկից հարավ:
Գիտնականների կարծիքով՝ վերջերս հայտնաբերված նոր բիծը գրեթե 100 տոկոսով կարող է շատ մեծ արագությամբ Երկիր արեւային քամի ուղարկել:
«Այն, որ այս անցքը գտնվում է հասարակածի վրա, նշանակում է, որ մենք գրեթե վստահաբար Երկրի վրա արագ քամի կտեսնենք մի քանի օր անց այն բանից հետո, երբ այն շրջվի կենտրոնական միջօրեականից այն կողմ», – Insider-ին տված հարցազրույցում ասել է Լոնդոնի համալսարանական քոլեջի տիեզերքի ֆիզիկայի եւ կլիմայի ամբիոնի դոցենտ Դանիել Վերշարենը՝ (Daniel Verscharen)։ Իմ հաշվարկներով՝ արագ քամին այդ պսակային անցքից Երկիր կհասնի մոտավորապես այս շաբաթ՝ ուրբաթ լույս շաբաթ օրվա գիշերը»։
Սակայն այս երեւույթի արդյունքում որեւէ արտառոց բան տեղի չի ունենա։ Ըստ գիտնականների՝ հյուսիսափայլերի ինտենսիվությունը կլինի ավելի քիչ, քան մարտի 24-ին։