Խեղճ Թամանյանն այս ընթացքում երեւի մի քանի անգամ գերեզմանում շուռ է եկել. hraparak.am
Advertisement 1000 x 90

Խեղճ Թամանյանն այս ընթացքում երեւի մի քանի անգամ գերեզմանում շուռ է եկել. hraparak.am

«Քաղաքի կանաչապատումը երբեք չի կարելի դիտարկել որպես առանձին բլոկ․ դա ամբողջության մի մասն է կազմում, եւ ցանկացած հարց պետք է համալիր մոտեցմամբ դիտարկվի եւ լուծվի։ Այս իմաստով Երեւան քաղաքի կանաչապատում կամ այն, ինչ որ ցույց են տալիս որպես կանաչապատում, ցավոք սրտի, ես չեմ տեսնում, որ որեւէ ձեւով ինչ-որ համալիր մոտեցում ունենա»,- մեզ հետ զրույցում ասաց բնապահպանության փորձագետ Արման Վերմիշյանը՝ անդրադառնալով Երեւանի կենտրոնում բազմամյա ծառերը սակուրաներով փոխարինելու քաղաքապետարանի որոշմանը։

«Քաղաքների կառավարման համար ամենաէական փաստաթղթերից մեկը գլխավոր հատակագիծն է, որը ցույց է տալիս, թե քաղաքն ընդհանրապես մոտակա որոշակի ժամանակահատվածում ինչպես պետք է զարգանա, եւ հենց այստեղ է, որ միջդիսցիպլինար հետազոտություններ են իրականացվում, նորմալ վերլուծություններ են կատարվում, հասկանում են՝ յուրաքանչյուր ոլորտ մյուսի վրա ինչ ազդեցություն կունենա, ինչպես պետք է խնդիրներ լուծեն, որ այլ խնդիրներ եւս լուծվեն։ Այ, սա է ճիշտ մոտեցումը»,- ասաց Վերմիշյանը։

Բնապահպանության փորձագետն ասում է՝ քանի որ Երեւանը հիմա փաստացի չունի գլխավոր հատակագիծ, արդյոք այս հարցում հայեցակարգային կամ ծրագրային մոտեցում ցուցաբերվե՞լ է, թե՞ ոչ։ Որքանով ինքն ուսումնասիրել է, տեսնում է, որ ոչ մի լուրջ փաստաթուղթ չկա։ «Ուղղակի ներկայացուցիչների հետ խոսակցությունների արդյունքում հասկացա, որ իրենք ոչ մի նախագիծ էլ չունեն կամ եթե ունեն էլ՝ շատ տեղային ինչ-որ բան է, որովհետեւ ունեն՝ մի գաղափար ասեմ, չգիտեմ ինչ կոչեմ՝ վախենում եմ որեւէ ձեւով նկարագրել, թե դա ինչ է, ասում են, որ այս-այս փողոցներում ծառերը հանվելու են, տնկվելու են սրանք։ Հիմա, տվյալ պարագայում խոսքը գնում է Կասկադի հարեւանությամբ Մոսկովյան փողոցի մասին՝ ոնց հասկացա, Բաղրամյանից մինչեւ Մաշտոցի պողոտա ընկած հատվածն է։ Երկու կողմից հիմնականում հացենիներ էին, կարող է մեկ-երկու ուրիշ ծառեր էլ լինեին, բոլորը հանել եւ տեղը տնկել են այդ սակուրա կոչվող ծառատեսակները։ Հաջորդ քայլով պետք է Սայաթ-Նովա պողոտան՝ Օպերայի մերձակայքում, ասացին, որ այնտեղ թեղիներ են, դրանք հանվեն, ու այնտեղ էլ գնդաձեւ սոսիներ տնկվեն։ Երեւան քաղաքում մենք ծառերի հետ կապված իսկապես խնդիր ունենք՝ սա ակնհայտ է, բայց արդյոք այն, ինչ արվում է, դա ճի՞շտ քայլ է, լուծում է, թե ոչ՝ սա է ամբողջ հարցը»,- ասաց Արման Վերմիշյանը։

Այս ծառափոխությունն իրականացնող ՀՈԱԿ-ի ներկայացուցիչների հետ ինքը բավականին երկար խոսել է, բացատրել, թե ինչպես է արվում պլանավորումը, որ քայլը որից հետո պետք է անել, եւ որ այն, ինչ իրենք անում են, ամենավերջին փուլի քայլեր են, ընդ որում՝ սխալ։ Ինչ վերաբերում է սակուրային, Վերմիշյանն ասում է, որ չնայած նեղ մասնագետ չէ, ու նախընտրելի է, որ հենց մասնագետներն այդ մասին խոսեն, սակայն կա ինտերնետ, ու կարելի է համացանցում կարդալ այս ծառատեսակի մասին։ Եվ, առհասարակ՝ մայթեզրերին, եթե այլ առանձնահատկություններ չկան, նորմալ սաղարթ առաջացնող ծառատեսակներ պետք է լինեն։

«Ընդ որում՝ այդ ծառատեսակները մաքսիմալ դիմացկունություն պետք է ունենան փոշու, մեքենա-տրանսպորտային արտանետումների եւ այլ բացասական ազդեցությունների մասով։ Հիմա այս մասով արդյո՞ք այդ ծառերը այդ չափանիշներին համապատասխանում են, թե՞ ոչ։ ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներից մեկը, կարծեմ հարցազրույցի ժամանակ, ասաց՝ քանի որ Թամանյանը Երեւանը վարդագույն էր տեսնում, իրենք որոշեցին սակուրաներ տնկել, որ վարդագույն լինի։ Հասկանո՞ւմ եք, սա, ախր, այնքան հեռու է քաղաքային կառավարումից ու պլանավորումից, ինչ-որ մեկի անհասկանալի ճաշակի հետեւանքն է։ Ինչի՞ սակուրա, ինչի՞ վարդագույն, խեղճ Թամանյանն այս ընթացքում երեւի մի քանի անգամ գերեզմանում արդեն շուռ է եկել, երբ որ տեսել է, թե ինչ օրի են գցել Երեւան քաղաքն այս 30 տարվա մեջ։ Հիմա ես չգիտեմ՝ սա վայ-հայրենասիրությա՞ն դրսեւորում է, սա անգրագիտությա՞ն դրսեւորում է, անճաշակությա՞ն դրսեւորում է, թե ինչի դրսեւորում է։ Թամանյանն ի՞նչ կապ ունի վարդագույն սակուրաների հետ»,- հարցադրում է անում Արման Վերմիշյանը։

Բնապահպանության փորձագետը նշում է, որ այն հատվածներում, որտեղ սակուրաներ են տնկում, կանաչ տարածք, որպես այդպիսին, չկա, իսկ մայթերը լուրջ վերակառուցման կարիք ունեն։ Հող են բերել, լցրել այդ հատվածներում, ջրագծեր են փոխել, այնինչ կանաչ հատվածը պետք է ընդլայնվեր, որովհետեւ այն հատվածական է, իսկ թե ինչու է հատվածական՝ Վերմիշյանին ՀՈԱԿ-ի ներկայացուցիչներն այդպես էլ չեն կարողացել բացատրել։

«Մայթը որոշ չափով կարելի էր ձեւափոխել։ Միանշանակ, լայն սաղարթ ներկայացնող ծառեր էր պետք տնկել, եթե որեւէ ծառ վթարված էր՝ վթարված ծառն այլ գործընթաց է, համատարած ծառերի շարքերը փոխելը՝ այլ։ Եթե որոշում են, որ ամբողջությամբ պետք է փոխվի, ապա գոնե վարչական շրջանի կամ փողոցների համադրությամբ պետք է նախագիծ կազմվեր՝ դենդրոնախագիծ, ու ոչ միայն դենդրոնախագիծ՝ այդտեղ քաղաքաշինական հարցեր էլ կան, որովհետեւ այնտեղ կոմունիկացիաների հարցեր կան, ինչպես արդեն նշեցի, մայթի փոխարինման հարց կա, գուցե տրանսպորտի երթեւեկության որոշակի դետալներ պետք էր հաշվի առնել։ Վերջիվերջո, քաղաքում հեծանվային եւ ցածր արագության, փոքր շարժիչավոր տրանսպորտի, հատկապես էլեկտրական տրանսպորտի միջոցները, հատկապես այդ սկուտերների մասին է խոսքը, դրանց համար արահետներ պետք է արվեն»,- ասաց Վերմիշյանը։

Փորձագետը հիշեցնում է, որ բնապահպանությունը քաղաքում միայն ծառն ու ծաղիկը չեն՝ դա գործիքներից մեկն է, ընդ որում՝ ոչ միայն էկոլոգիական խնդիրներ են դրանք լուծում, այլ նաեւ՝ ճարտարապետական, քաղաքաշինական, ուրբանիստական։ Քաղաքային կանաչապատման մասին խոսելիս առաջին հերթին պետք է դիտարկել՝ տվյալ միջավայրում այդ ծառն ու թուփը կամ ծաղիկը որքանով է համապատասխանում։ Մի տեղ դա կարող է համապատասխանել, իսկ մի այլ տեղ՝ ոչ։

«Կոմպլեքս պետք է նայել, հիմա մի օրինակ եմ բերում, որը կարող է սվիններով նաեւ ընդունվի։ Հիմա ծառերի շարքը հանեցին, իսկ գուցե այդտեղ պետք էր հեծանվային արահետ անել։ Գուցե այդպես ավելի՞ մեծ բնապահպանական էֆեկտ կարողանայինք ստանալ։ Ես չեմ ասում՝ ծառերը կտրենք, արահետներ կառուցենք, բայց քանի որ իրենք հատման խնդիր էին դրել, ես հիմա այդ հարցը բարձրացնում եմ»։ Անդրադառնալով ծառերի հատման արդարացմանը, թե ծառերը փտած են, Վերմիշյանը դա որակեց ապատեղեկատվություն․ «Այն, որ ասում են՝ ծառերը փտած են, սուտ է․ երկու կողմից անցել ենք, արդեն կտրածները նկարել ենք, դեռեւս չկտրածները նկարել ենք, մյուս մայթին՝ ոչ Թամանյանի արձանի կողմից, մեծ ծառեր կան։ Հիմա հարց եմ տալիս՝ որ դուք ասում եք՝ գեղեցիկ չի լինի, եթե մեկը թողնենք, մյուսը հանենք, գուցե։ Բայց հաշվի առնելով քաղաքի ծանր էկոլոգիական վիճակը, փոշին եւ այլն, ստվերը, չմոռանանք, որ Երեւան քաղաքը կիսաանապատային քաղաք է, Երեւանում մայթերում շատ էական է ստվեր ունենալը մարդկանց համար։ Հիմա այս պայմաններում գուցե դեկորատիվ արժեքը մի քիչ իջեցնենք այն հատվածներում, որտեղ ծառերն արդեն վնասված են, դրանք փոխարինեք՝ սա ընդամենը մոտեցում է, բայց ամենակարեւորը, կրկնում եմ՝ պլանավորումն է»,-ասաց փորձագետը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ hraparak.am



Նման նյութեր