ՏՏ, մաթեմատիկայի ոլորտներում ուսանողների՝ տարկետում չստանալու դեպքում խաթարվելու է կրթության շարունակականությունը, և եթե հնարավորություն չունեցան ուսումը շարունակելու՝ ուզած-չուզած պետք է գնան, դրսում շարունակեն. Կարեն Քեռյան
Advertisement 1000 x 90

ՏՏ, մաթեմատիկայի ոլորտներում ուսանողների՝ տարկետում չստանալու դեպքում խաթարվելու է կրթության շարունակականությունը, և եթե հնարավորություն չունեցան ուսումը շարունակելու՝ ուզած-չուզած պետք է գնան, դրսում շարունակեն. Կարեն Քեռյան

ՀՀ կառավարությունը մարտի 23-ի նիստում հավանության է արժանացրել բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման տրամադրման կարգը, պայմանները և բուհերի ու մասնագիտությունների ցանկը սահմանելու վերաբերյալ որոշման նախագիծը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ քաղաքացիների կրթության հիմքով տարկետում տրամադրելու գործող ընթացակարգով բակալավրի կրթական ծրագրով սովորելու համար քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տրամադրվում է համապատասխան օլիմպիադաներում մրցանակակիր լինելու և http://www.shanghairanking.com/ կայքի տվյալ տարվա ցանկերի առաջին հինգ տասնյակում ընդգրկված հաստատություններում սովորելու համար, իսկ մագիստրատուրայում և ասպիրանտուրայում՝ նաև համապատասխան նվաճումներ ունենալու և կարգով սահմանված նշանակալի նվաճումների հաշվարկի մեթոդաբանությամբ համապատասխան միավորներ ունենալու դեպքում: ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ նշված ձևաչափով կարգը կիրառվել է ավելի քան 8 անգամ, և արդեն միանշանակորեն կարելի է պնդել, որ գործող կարգավորման կիրառումը խնդրահարույց է.

«Մասնավորապես, ստացվում է այնպես, որ բակալավրի կրթական ծրագրով տարկետման իրավունքով կրթություն ստանալու համար քաղաքացին, եթե օլիմպիադաների մրցանակակիր չէ, ապա պետք է մեկնի արտերկիր սովորելու, որպեսզի ստանա տարկետում: ԿԳՄՍ նախարարը հայտնել է, որ այս պահին ընտրվել են 5 բուհ՝ Երևանի պետական համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Ռուս-հայկական (սլավոնական) համալսարան և Հայաստանում ամերիկյան համալսարան, որոնք կրթություն են կազմակերպում ԲՏՃՄ ուղղություններով: Ըստ նախարարի՝ չեն դիտարկվել ՏՏ ոլորտի մասնագիտությունները՝ հաշվի առնելով դիմորդների մեծ թիվն այս ուղղություններով:

Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախկին ղեկավար Կարեն Քեռյանը ցավով է նշում՝ մաթեմատիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում տարկետման տեղեր չեն հատկացվել, այն դեպքում, երբ հանդիսանում են գերակա ճյուղ:

Փոխարենը, նրա խոսքով, տարկետում ստանալու հնարավորություն է ընձեռվել ԵՊՀ-ում «Ֆիզիկա» և «Քիմիա» մասնագիտություններով: Ընդ որում՝ այս մասնագիտություններով պետպատվերով տեղերը թափուր են մնում վերջին տարիներին։

ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշումը, միևնույն է՝ շարունակելու է գործել: Այն վերաբերում է Գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները սահմանելուն:

«7-8 տարի առաջ ունեինք լրիվ այլ տարկետման կարգ: Այն ժամանակ շատ բուհեր և մասնագիտություններ տարկետումներ ստանում էին, հետո կրճատվեց, խիստ պահանջներ դրվեցին: Ըստ էության, հիմա այնպիսի պահանջներ են, որ ասպիրանտուրա ընդունվող մարդը դիսերտացիան արդեն պետք է ունենա, որ ընդունվի: Կարծում եմ, խելամիտ չէ այդպես առաջ շարժվելը: Ու, որպեսզի ինչ-որ ձևով գնային հնին, օրենքում պետք է փոփոխություն արվեր, որն արվեց ԿԳՄՍՆ նախկին նախարար Վահրամ Դումանյանի օրոք, և մնում էր օրենքից բխող Կառավարության որոշման կայացումը, թե որ մասնագիտություններով, որ բուհերում և ի՞նչ ձևաչափով պետք է որոշվի տարկետման բաշխման հարցը: Կառավարությունը լիազորություն էր ստանալու՝ ասել, թե ո՞ր բուհերը, մասնագիտությունները կարող են ստանալ տարկետման տեղեր»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԲՈԿ նախկին ղեկավարը:

Նրա խոսքով՝ լայն հնարավորություն օրենքով բացվել է, բայց Կառավարության այս որոշմամբ շատ ավելի նեղ օղակի է տրվել այդ հնարավորությունը:

Կարեն Քեռյանն ընդգծեց. «Տեղեկատվական տեխնոլոգիաների, մաթեմատիկայի ոլորտում ուսանողների՝ տարկետում չստանալու դեպքում խաթարվելու է կրթության շարունակականությունը, բայց այդ մարդիկ վերը նշված 451-Ն որոշմամբ հնարավորություն ունեն գնալ և արտասահմանում շարունակել կրթությունը: Փաստորեն, Հայաստանում հնարավորություն եթե չունեցան ուսումը շարունակելու, ուզած-չուզած պետք է գնան, դրսում շարունակեն: Սակայն պետք է ամեն ինչ անել, որ երիտասարդները մնան գիտության և կրթության ոլորտում: Հիմա մեզ մոտ ատենախոսությունների պաշտպանությունների քանակն է էապես նվազել: Այս մասին բարձրաձայնել եմ նաև պաշտոնավարման ընթացքում: Պաշտպանությունների քանակը շատ ավելի քիչ է, քան անհրաժեշտ է մեր կարիքները հոգալու համար: Ու հիմա եթե կառավարության որոշմամբ կարելի էր ավելի լայն շրջանակի հնարավորություն տալ, որի արդյունքում պաշտպանությունների թիվը կաճեր, կհամալրվեր դասախոսների և գիտնականների կազմը, այդ ամենը շատ նեղ ուղղություններով է հնարավոր լինելու անել»,- եզրափակեց ԲՈԿ նախկին ղեկավարը:

Անի Կարապետյան



Նման նյութեր