Կառավարության մարտի 30-ի նիստում Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը տեղեկացրել էր, որ 2023-ի ապրիլի 1-ից անցում ենք կատարում ԱՊՊԱ ազատականացված սակագների համակարգին։
«Ազատականացումը համակարգի բնականոն զարգացման հաջորդական փուլն է, որովհետև կարծում ենք, որ արդեն բյուրոն թե՛ տեխնիկապես, թե՛ իր կարողությունների տեսանկյունից պատրաստ է ազատական համակարգի անցմանը։ Ավտոսեփականատերերի համար ունենալու ենք իրենց ռիսկերին համարժեք արդար գնի ձևավորման համակարգի ներմուծում, որը նախկինում չենք ունեցել։ Ազատականացման արդյունքում քաղաքացիներն ավելի լավ կպատկերացնեն իրենց վարքագծի և ԱՊՊԱ պայմանագրի համար վճարվող գումարների միջև եղած կապը։ Երկրորդ` գների ազատականացման արդյունքում կվերանան վարորդների անհատական վարքագծի հետ կապ չունեցող գործոնները։ Օրինակ` մենք ունեինք խմբային մոտեցում տաքսիստների համար կամ մինչև 80 ձիաուժ ունեցող մեքենաների սեփականատերերի համար։ Այդ կառուցակարգերն այլևս չեն գործելու, այլ գործելու է ազատ շուկայական մեխանիզմ, վարորդի անհատական տվյալները ձևավորելու են այն սակագինը, որն ինքը վճարելու է ԱՊՊԱ-ի համար: Քաղաքացիներն այսուհետ առցանց հարթակով ԱՊՊԱ պայմանագիր կնքելիս միաժամանակ տեսնելու են բոլոր ապահովագրական ընկերությունների գնառաջարկը։ Ըստ այդմ, կարող են ընտրել իրենց համար լավագույն գին/որակ հարաբերակցությունը»,- պարզաբանել էր ԿԲ նախագահը։
Մարտին Գալստյանի խոսքով՝ եթե բոլոր ավտոսեփականատերերն ընտրեն իրենց առաջարկվող գներից նվազագույնը, ապա 56 տոկոսի համար գները կնվազեն, 21 տոկոսի համար գները գրեթե չեն փոխվի, 23 տոկոսի համար՝ կթանկանան:
Տաքսու վարորդ, «Վարորդների պաշտպանության լիգայի» փոխնախագահ Պողոս Օղլուկյանը համամիտ չէ, որ վարորդների համար գները կնվազեն:
«Նման բան չկա: Երևի խոսքն այն վարորդների մասին է, ովքեր վթարներ չեն ունեցել: Շատ քիչ վարորդներ կլինեն, և գուցե 2000 դրամով էժան լինի: Մի փոքր վթարի դեպքում ապահովագրությունը 100 տոկոսով թանկանում է: Իսկ 1 միլիոնից 100.000 վճարելու դեպքում, երբ հարվածես թանկանոց մեքենայի, ընկնում ես վերջին դաս, և 300 տոկոսով թանկանում է: Տեսեք, եթե երկուսս էլ ունենք «Նիսսան» մեքենա ու տարեկան վճարում ենք 44.000 դրամ, ձեր մեքենան 2019թ. է, իմը՝ 2017: Վթարի դեպքում ձեզ կվճարեն 100 տոկոսով, ինձ՝ 50, պատճառաբանելով, որ 5 տարեկանից մեծ է մեքենան»,- մեզ հետ զրույցում ասաց Պողոս Օղլուկյանը:
Նա հայտնեց նաև, որ տաքսու վարորդների համար խնդիրներն ավելի շատ են, ԱՊՊԱ-ն 80 տոկոսով թանկ է:
«Եթե 6 ամիս վարել ես տաքսի ու գնում ես ապահովագրական ընկերություն՝ ասելով, որ՝ ընկեր ջան, էլ տաքսի չեմ քշում, պատասխանում են, որ հնարավոր չէ, միայն կլինի այն դեպքում, եթե մեքենան վաճառեն, անվանափոխություն լինի: Այսինքն, ինձ որպես տաքսի գրանցել ես ու չես կարողանում հանել՝ թողնելով սովորական մեքենա՞: Նման բան աշխարհում չեմ լսել: Տաքսու դեպքում ԱՊՊԱ-ի համար վճարում ես 18.000 դրամ, սովորական մեքենայի դեպքում՝ 10.000: Տաքսին համարում են ռիսկային, ես էլ պնդում եմ, որ վթարների դեպքում տաքսիների թիվը քիչ է, այդ ո՞նց եք տաքսին համարում ռիսկային: Մի բան ասում ես, հակադարձում են, թե՝ առավոտից երեկո տաքսի ես քշում, քոնը ռիսկային է: Տո քե՞զ ինչ, ես, 50 տարի է, վթար չունեմ»,- եզրափակեց Պողոս Օղլուկյանը:
Անի Կարապետյան