«Տիեզերական մրցավազքի» խելահեղ ժամանակաշրջանը, կարծես թե, մնաց անցյալում․ տիեզերական նոր նախագծերի պետական ֆինանսավորումն այլևս նախկինի պես առատաձեռն չէ: Սա ստիպում է NASA-ի նման կառույցներին գնալ որոշակի չնախատեսված քայլերի, հակառակ դեպքում Lunar Outpost նախագիծը կմնա ընդամենը հայեցակարգ: Որպես այս ծրագրի մաս, ենթադրվում է, որ NASA-ի կուտակած փորձն ու տեխնոլոգիաները կօգնեն մասնավոր ընկերություններին Լուսնի վրա հիմնել իրենց գաղութները, բազաները, գործարանները և այլ օբյեկտներ, եթե իհարկե բավարար գումար ունենան:
NASA-ն վերջերս հաստատել է LunarCrush-ի նախագիծը: Եթե կարճ՝ նախագծի էությունը հետևյալն է․ հունիսին SpaceX Falcon 9-ը Լուսին կուղարկի MAPP ապարատը, որի միջոցով Nokia-ն Երկրի արբանյակի հարավային բևեռում կկառուցի առաջին բջջային ցանցը։ Եվ անկախ արդյունքներից, քանի որ այնտեղ դեռ ոչ ոք և ոչինչ չկա՝ երկու շաբաթից լուսնագնացը կանջատվի։ Իսկ սարքը, որի վրա առկա է գրություն, կմնա լուսնի մակերեսին։
Գրությունը ծածկագիր է կրիպտո դրամապանակի համար՝ 62 բիթքոյններով: Ներկայիս արժույթով Լուսնի վրա կթողնեն 1,5 միլիոն դոլարին համարժեք բիթքոյնի դրամապանակի ծածկագիր։ Այսինքն՝ ինչ-որ տեղ լուսնի մակերևույթի վրա իսկական գանձ կմնա՝ հասանելի բոլորին։
Ըստ նախագծի հեղինակների՝ սա կարող է ոգեշնչել հետազոտողներին ուսումնասիրել այս տիեզերական օբյեկտը: Բազմաթիվ պատմական էքսպանսիաներ զարգացել են նմանատիպ սցենարներով՝ սկսած աշխարհագրական մեծ հայտնագործություններից մինչև առաջին «ոսկու տենդը»։ Միգուցե գայթակղությունը լավ խթան դառնա մարդկության ամենաարկածախնդիր գաղափարների իրականացման համար: LunarCrush-ի էությունը հենց սա է՝ տիեզերական նոր նախագծերի պետական ֆինանսավորման նվազման ֆոնին խթանել մասնավոր ընկերությունների՝ այս ոլորտում իրականացվող ներդրումների հոսքը։
Հրապարակման պատրաստեց ita.am-ը