ԱՄՆ-ից և Իտալիայից մի խումբ հնագետներ Լագաշ քաղաքի ավերակներում պեղումներ կատարելիս հնագույն պանդոկ են հայտնաբերել։ Տիգրիս և Եփրատ գետերի միախառնման մոտ գտնվող այս բնակավայրը Հին Միջագետքի հնագույն քաղաք-պետություններից մեկն էր, որտեղ հիմնականում բնակվում էին շումերները: Գտնվում է ժամանակակից Իրաքի տարածքում։
Պեղումների վայրում նրանք հայտնաբերել են կավե սառնարանային համակարգի մնացորդներ, մեծ վառարան, այցելուների համար նախատեսված նստարաններ և սպասքի բազմաթիվ կտորներ (մոտ 150 ափսե): Միաժամանակ բազմաթիվ ափսեներում պահպանվել են սննդի հետքեր ու մնացորդներ, այդ թվում՝ ձկան ոսկորներ։
Հետազոտողները այս վայրը պայմանականորեն անվանել են «բար», քանի որ գարեջուրը շումերների շրջանում ամենատարածված խմիչքն էր, և, հավանաբար, այս հասարակական հաստատությունը նույնպես չէր կարող գործել առանց դրա:
Ավելի վաղ այս խմինչքի արտադրության բաղադրատոմսերից մեկը հետազոտողները գտել էին քաղաքի նույն տարածքում գտնվող տաճարի շենքում՝ կավե սալիկի վրա։
Լագաշը զբաղեցնում էր ավելի քան 450 հեկտար և մ.թ.ա III հազարամյակում ժամանակակից Իրաքի հարավի ամենամեծ բնակավայրերից մեկն էր, նշում են հետազոտության հեղինակները։ Միաժամանակ նրանք կարծում են, որ քաղաքը բացի քաղաքական և կրոնական նշանակությունից, ունեցել է նաև արդյունաբերական գործառույթ․ ըստ երևույթին, քաղաքը գրավիչ հանգրվան էր տարածաշրջանի արհեստավորների համար։
Բնակավայրի տարածքում պեղումները օգնում են գիտնականներին ավելին իմանալ այդ ժամանակաշրջանում ապրած ոչ բարձրաստիճան մարդկանց կյանքի մասին։
Հրապարակման պատրաստեց ita.am-ը