Գիտնականների միջազգային խումբն (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա և Գերմանիա) ամփոփել է 12 տարի տևած ուսումնասիրության արդյունքները, որոնց հիման վրա ստեղծվել է նոր կոնեկտոմ՝ կենդանի էակի նյարդային համակարգի կապերի ամբողջական քարտեզ։ Հետազոտության առարկան եղել է պտղաճանճը, որն ունի պարզունակ, բայց լիարժեք ուղեղ։ Նախկինում գիտնականներին հաջողվել էր ստանալ օղակավոր որդերի և շերեփուկների նյարդային հանգույցների կոնեկտոմներ։
Պտղաճանճի ուղեղը բաղկացած է 3016 նեյրոններից, որոնց միջև կա 548 000 կապ: Տվյալները չափազանց ճշգրիտ են, քանի որ դրանք ստացվել են ճանճերի ուղեղի տասնյակ հազարավոր հատվածներ էլեկտրոնային մանրադիտակի միջոցով ուսումնասիրելու հիման վրա։ Պարզվեց, որ դրանց ուղեղի կառուցվածքը շատ ավելի բարդ է, քան կարծում էին գիտնականները, օրինակ՝ այնտեղ կան հատվածներ, որոնք ասես ստեղծված են մեքենայական ուսուցման կամ նման այլ գործառույթ իրականացնելու համար։
Չնայած բոլոր կենդանի էակների ուղեղը տարբեր է, սակայն դրանց աշխատանքի սկզբունքները նույնն են՝ զգայական տեղեկատվության ընդունում և մշակում, ազդանշանների փոխանցում, հիշողության կազմակերպում, ուղեղի տարբեր մասերի փոխազդեցություն միմյանց հետ և այլն։ Գիտնականները ցանկանում են հասկանալ, թե ինչպես է այդ ամենն աշխատում երկու մակարդակներում՝ կենսաբանական և կազմակերպչական: Ինչպես է ձևավորվում նեյրոնների միջև կապը, ինչպես են դրանք փոխանակում ազդանշանները և ինչպես է մշակվում տեղեկատվությունը:
Պտղաճանճի ուղեղի ամբողջական քարտեզն ավարտելուն պես, գիտնականները կկարողանան ուսումնասիրել ուղեղի առանձին հատվածները՝ դրանց հետ անմիջականորեն փոխազդելով: Այսինքն տեղադրել սենսորներ և ուսումնասիրել նեյրոնների գործունեությունը տարբեր գործողությունների ընթացքում: Սա թույլ կտա ավելի ճշգրիտ հետևել, թե ինչպես է աշխատում միջատի ուղեղը տարբեր տեսակի տեղեկատվությունների հետ:
Հրապարակման պատրաստեց ita.am-ը