Դեմենցիան խնդիրներ է առաջացնում մտածողության, հիշողության եւ դատողությունների հետ, ասվում է WebMD պորտալի նյութում: Համաձայն Ալցհեյմերի հիվանդության ամսագրում հրապարակված նոր հետազոտության՝ ապատիան դառնում է դեմենցիայի զարգացման ընթացքի մաս: Այս ուսումնասիրությունը հատուկ ուշադրություն է դարձրել չափավոր կոգնիտիվ խանգարումներով մարդկանց մոտ ապատիային:
Հետազոտության արդյունքներ
Գիտնականների խումբն ուսումնասիրել է չափավոր կոգնիտիվ խանգարումների ախտորոշմամբ 1092 մարդու։ Հետազոտությանը մասնակցել են մի փոքր ավելի շատ կանայք, քան տղամարդիկ (59 տոկոս), իսկ մասնակիցների միջին տարիքը կազմել է մոտ 72 տարեկան։
8 տարվա ընթացքում հետազոտողները կատարել են մոտ 2900 դիտարկումներ, որոնցում հետազոտության մասնակիցները դիտարկվել են մեկից ինը անգամ, իսկ տիպիկ մասնակիցը դիտարկվել է երկու անգամ:
Ընտանիքի անդամները եւ խնամակալները լրացրել են հարցաթերթիկ, որում հարցեր են եղել տարբեր ախտանիշների, ներառյալ ապատիայի մասին, եւ մասնակիցները մի շարք կոգնիտիվ թեստեր են լրացրել: Այս խմբից 158-ն ունեցել է ապատիա, իսկ 934-ը՝ ոչ։
Ուսումնասիրության ժամանակահատվածում մարդկանց գրեթե մեկ հինգերորդը չափավոր կոգնիտիվ խանգարումներից անցել է Ալցհեյմերի հիվանդության: Մարդկանց խմբի, որոնք ունեցել են ապատիա, 36 տոկոսի մոտ զարգացել է այս հիվանդությունը: Ապատիա չունեցող հիվանդների մոտ միայն 14 տոկոսի մոտ է ախտորոշվել Ալցհեյմերի հիվանդություն։
Հիշողության խանգարման առաջընթացը ապատիա ունեցող մարդկանց մոտ ավելի արագ է եղել, քան այն չունեցողների մոտ: Ապատիա ունեցող հիվանդների մոտ 2,4 անգամ ավելի բարձր է եղել Ալցհեյմերի հիվանդության վերածվելու ռիսկը:
«Չափավոր կոգնիտիվ խանգարումներով տարեց մարդկանց մոտ մենք հայտաբերեցինք, որ ապատիան եղել է Ալցհեյմերի հիվանդության զարգացման բարձր հավանականության կանխորոշիչ», – ասել է հետազոտության ավագ հեղինակ, բժշկական գիտությունների դոկտոր, հոգեբուժության պրոֆեսոր եւ Մակգովերնի բժշկական կենտրոնի նյարդահոգեբուժական ծրագրի ղեկավար Անտոնիո Տեյշեյրան:
Ապատիան որպես «կարմիր դրոշ»
Նյարդահոգեբուժական ախտանշանները, ինչպիսիք են ապատիան, կարող են առկա լինել չափավոր կոգնիտիվ խանգարումներով հիվանդների մինչեւ 85 տոկոսի մոտ, ինչպես նաեւ հայտնաբերվում են նաեւ Ալցհեյմերի հիվանդության վաղ փուլերում:
Թեյշեյրան ապատիան սահմանել է որպես «հետաքրքրության կորուստ եւ նպատակային վարքագծի նվազում», նշելով, որ այն հաճախ ընթանում է դեպրեսիայի հետ միասին, բայց դրանք նույնը չեն:
«Դեպրեսիան եւ հաշմանդամությունը կարող են ուժեղացնել ապատիան, բայց դեպրեսիա կամ հաշմանդամություն ունեցող ոչ բոլոր մարդիկ են դառնում անտարբեր», – ասել է նա: Եվ ընդհակառակը՝ «ապատիա ունեցող ոչ բոլոր մարդիկ ունեն դեպրեսիա»:
Ալցհեյմերի հիվանդություն եւ դեմենցիա. պատճառներ եւ ախտանիշներ
Ալցհեյմերի հիվանդությունը դեմենցիայի ամենատարածված տեսակն է եւ սովորաբար հանդիպում է 65 տարեկանից բարձր մարդկանց մոտ:
Թեյշեյրայի խոսքով, ընտանիքի անդամների եւ խնամակալների համար կարեւոր ուղերձն այն է, որ «տարեցների մոտ անտարբերությունը կարող է կարմիր դրոշ լինել, որ մարդու մոտ նեյրոդեգեներատիվ վիճակ է զարգանում, ինչպիսին Ալցհեյմերն է»:
Նա հիվանդների խնամողներին խորհուրդ է տվել «բժշկի, հոգեբանի կամ այլ բուժաշխատողի ուշադրությունը հրավիրել, որ հիվանդը դարձել է անտարբեր»: Որովհետեւ ապատիայի առկայությունը «կարող է դրդել հետագա հետազոտության, կամ գոնե ավելի ուշադիր դիտարկմանը»:
Բազմաթիվ գործոններից մեկը
Ալցհեյմերի հիվանդության ասոցիացիայի գիտական ծրագրերի եւ հանրային կապերի ավագ տնօրեն Քլեր Սեքսթոնն ասում է, որ այս հետազոտության ուժեղ կողմերից մեկն այն է, որ պոպուլյացիան զգալիորեն ավելի բազմազան է, քան ապատիայի, չափավոր կոգնիտիվ խանգարումների եւ Ալցհեյմերի հիվանդության վերաբերյալ նախորդ հետազոտություններում պոպուլյացիան:
«Հիմնվելով ուսումնասիրությունների ամբողջության վրա, լիովին հավանական է, որ ապատիան բազմաթիվ գործոններից մեկն է, որոնք ազդում են Ալցհեյմերի հիվանդության դեպքում չափավոր կոգնիտվ խանգարումից մինչեւ դեմենցիա առաջընթացի արագության վրա», – ասել է Սեքստոնը:
Ալցհեյմերի ասոցիացիան նշում է, որ սա «կարեւոր է բժիշկների եւ ընտանիքի անդամների համար»: Այնպիսի ախտանիշի վրա ուշադրությունն, ինչպիսին ապատիան է, «կարող է յուրաքանչյուր մարդու կյանքի որակի պահպանման կամ բարելավման կարեւոր մաս լինել», – ասել է նա: