Հայ մասնագետներին ՌԴ 6մ աստղադիտակով ստացված բարձր տարածական և սպեկտրային լուծունականության դիտումների շնորհիվ հաջողվել է բացահայտել օղակաձև միգամածության հետ կապված RNO 54 աստղից արտանետվող միկրոհոսք, որի երկարությունը կազմում է ընդամենը 3 անկյունային վայրկյան: Մասնագետների մեկ այլ խումբ գերարագ մասշտաբային քվանտային ցանցերի, մասնավորապես՝ քվանտային ինտերնետի ստեղծման համար հետազոտվել է քվանտային ցանցի հեռահար հանգույցների միջև խճճվածության ստեղծումը և բաշխումը ալիքատարներում:
Հայ ֆիզիկոսների եւ աստղաֆիզիկոսների՝ 2022 թվականի ընթացքում կատարված աշխատանքներն ու դրանց արդյունքները ներկայացվեցին ապրիլի 20-ին տեղի ունեցած ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովին:
2022 թվականի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները ներկայացրեց բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռադիկ Կոստանյանը:
Ժողովի ընթացքում ներկայացվեցին հետևյալ գիտական զեկուցումները՝
- «Բեսելյան փնջերի կիրառումը հեռահաղորդակցային ռադիոգծերում» (Զեկ.` ՀՀ ԳԱԱ թղթ. անդ. Ա.Ա.Հախումյան)
- «Բլազարների ճառագայթման սպեկտրի մոդելավորում. SOPRANO կոդ» (Զեկ.` ֆ.-մ.գ.դ. Ն.Վ.Սահակյան)
- «Ռենտգենյան միկրոտոմոգրաֆիա և տեղագրական սպեկտրասկոպիա (Զեկ.՝ ֆ.-մ.գ.թ. Վ.Ռ.Քոչարյան)
- «Աստղառաջացման տիրույթներ. ձևավորում և էվոլյուցիա» (Զեկ.` ֆ.-մ.գ.թ. Ե.Հ.Նիկողոսյան)
- «Ձևանմուշային-ուղղորդված սինթեզի նոր մեթոդ՝ գերազանց հատկություններով բազմաֆունկցիոնալ նանոկոմպոզիտներ ստանալու համար» (Զեկ.` ֆ.-մ.գ.թ. Ա.Ս.Մանուկյան)
ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքի կազմում ընդգրկված են Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը, Ֆիզիկական հետազոտությունների, Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների, Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտները, ԻԿՐԱՆԵՏ միջազգային կենտրոնը և «Գալակտիկա» ՓԲԸ-ն:
Բաժանմունքի կազմում ընդգրկված են ԳԱԱ 4 ակադեմիկոս, 10 թղթակից և 24 արտասահմանյան անդամներ:
Կազմակերպվել է 12 գիտական միջոցառում, տպագրվել 4 մենագրություն (2-ն՝ արտասահմանում), 210 հոդված (85-ն՝ արտասահմանում), 98 թեզիս (46-ն՝ արտասահմանում): Բաժանմունքի ինստիտուտները ստացել են 8 արտոնագիր:
2022-ի կարևորագույն արդյունքները
ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան
- ՌԴ 6մ աստղադիտակով ստացված բարձր տարածական և սպեկտրային լուծունականության դիտումների շնորհիվ հաջողվել է բացահայտել օղակաձև միգամածության հետ կապված RNO 54 աստղից արտանետվող միկրոհոսք, որի երկարությունը կազմում է ընդամենը 3 անկյունային վայրկյան: Միկրոհոսքի առկայությունը և զգալի հզորության լիթիումի կլանման գիծն աստղի սպեկտրում վկայում են նրա երիտասարդ տարիքի մասին: Մյուս կողմից, նրա բարձր լուսատվությունը, սպեկտրային դասը և այլ հատկությունները բնորոշ են ֆուորանման աստղերին: Երթադրվում է, որ այն կարող է իրենից ներկայացնել ավելի քան 10 000 տարեկան ֆուոր: MWSC 0739 փոքր և մեկուսացված աստղակույտում գտնվել են նոր Հերբիգ-Հարո հոսքեր, ինչը վկայում է ակտիվ աստղառաջացման մասին:
- Ներմուծվել և հաշվարկվել է «Ընդարձակվող Տիեզերքում» աստղագիտական մարմինների հեռացման «կինետիկ» արագություն, ինչը մարմնի կարմիր շեղման ցանկացած արժեքի դեպքում մշտապես մնում է փոքր վակումում լույսի տարածման արագությունից: Նման պարագայում ֆիզիկայի «պատճառականության» հիմնարար սկզբունքն այլևս չի խախտվում։ Հաշվվել է Տիեզերքի ընդարձակման հետևանքով աստղագիտական մարմնի՝ շարժման մեջ ներառելու չափաբաժինը: Ըստ էության, լուծվել է շուրջ 100 տարի չլուծվող «Ընդարձակվող Տիեզերքում» աստղագիտական մարմինների հեռանալու իրական արագությունների հիմնարար դժվարության խնդիրը:
Ամբողջությամբ՝ news.am