Հայաստանի կառավարությունը հաստատեց «Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ձևավորելու որոշումը․ հիմնադրամը ներգրավված կլինի Ակադեմիական քաղաք ստեղծելու ծրագրի իրականացման ամբողջ շրջափուլում, այնուհետև կիրականացնի Ակադեմիական քաղաքի կառավարումը։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նախագիծը կառավարության նիստում ներկայացրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նախարարն ընդգծեց, որ Կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին օրենքի համաձայն՝ նախատեսված է, որ պետք է ձևավորվի Ակադեմիական քաղաք, որը կհանդիսանա որակյալ բարձրագույն կրթության և հետազոտության համար արդիական կրթական միջավայր։ Օրենքի համաձայն՝ Ակադեմիական քաղաքը պետք է ապահովի ուսումնական հաստատությունների, գիտական ու արտադրական կազմակերպությունների միջև ցանցային համագործակցության ընդլայնումը։
a«Ակադեմիական քաղաքի միջոցով մենք հասցեագրելու ենք նաև կրթության ռազմավարությամբ սահմանված մի շարք կարևորագույն թիրախների ապահովումը, որոնցից են առնվազն 4 բարձրագույն ուսումնական հաստատություն միջազգային վարկանիշային աղյուսակների լավագույն 500-յակի մեջ ունենալը, օտարերկրյա ուսանողների թիվը առնվազն կրկնապատկելը՝ բարձրացնելով բարձրագույն կրթության համակարգի միջազգային հեղինակությունը»,- մանրամասնեց նախարարը։
Ակադեմիական քաղաքը բաղկացած կլինի 3 կլաստերներից, որտեղ տեղակայված կլինեն համապատասխանաբար արվեստների ուղղության համալսարանը, տեխնոլոգիական ուղղվածության համալսարանը, իսկ երրորդ կլաստերը, որը բավական մեծ է, կարող է ընդգրկել ինչպես կրթական, սպայական ուղղվածության բուհերին, այնպես էլ հյուրընկալել միջպետական ու մասնավոր բուհերին։ Համապատասխան քաղաքաշինական լուծումների պարագայում կարող է քննարկվել նաև ազգային ստադիոնի տեղակայման հարցը։ «Նման մեծածավալ ծրագրի իրականացումը պահանջում է իրականացնող կառույցի առկայություն, որը ներգրավված կլինի ծրագրի իրականացման մաբողջ շրջափուլում, այնուհետև նաև Ակադեմիական քաղաքի կառավարումը կիրականացնի, որովհետև ստեղծված ենթակառուցվածքները նախատեսելու են նաև վարչարարության ու կառավարման մի ամբողջ համակարգ։ Այս որոշմամբ մենք հիմնադրում ենք «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը, որը կազմակերպելու, համակարգելու և վերահսկելու է ակադեմիական քաղաքի ստեղծման աշխատանքները։
Նախնական փուլում հիմնադրամին են ամրացվելու ակադեմիական քաղաքի կառուցման համար անհրաժեշտ հողատարածքները։ Մեկ ամսվա ընթացքում մենք պետք է ներկայացնենք այն գույքի ցանկը, որը պետք է հատկացվի ակադեմիական քաղաքի համար, իսկ հետո կառավարության առանձին որոշումներով հողատարածքները անհատույց կտրամադրվեն ձևավորվելիք հիմնադրամին։
Անդրեասյանն ընդգծեց, որ այս որոշմամբ Ակադեմիական քաղաքի ստեղծման ծրագիրը տեղափոխում են գործնական փուլ, որին հաջորդելու է հայեցակարգային աշխատանքների փուլը, ինչի ընթացքում կվերջնականացվեն Ակադեմիական քաղաքում տեղակայվող գիտահետազոտական ինստիտուտների և բուհերի կառուցվածքն ու կառավարման ձևերը»,- եզրափակեց Անդրեասյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծեց, որ արդեն կողմնորոշվել են Ակադեմիական քաղաքի տեղադիրքի հարցում։ Ակադեմիական քաղաքը տեղակայվելու է Երևան քաղաքի, Կոտայքի և Արագածոտնի մարզերի հատման կետում։