Այս տարվա առաջին եռամսյակում 450 հազար զբոսաշրջիկ է այցելել Հայաստան։ Ապրիլի 12-ին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտնել էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«2023 թ․ ՀՀ կառավարությունը զբոսաշրջության նկատմամբ իր բյուջետային քաղաքականությունը կտրուկ փոխեց և 200 միլիոն դրամի փոխարեն՝ 1 միլիարդ դրամ հատկացում կատարեց։ Այդ գումարը ծախսվում է պատշաճ կերպով և տալիս է արդյունքներ։ Մեր գնահատմամբ՝ այս տարի Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կանցնի 2 միլիոնը, գուցե նաև հասնենք Կառավարության 2026թ․ թիրախին՝ 2,5 միլիոնի։ Խոշոր ներդրումներ են իրականացվում ենթակառուցվածքների մեջ։ Նոր ծրագիր է նախապատրաստվում՝ ուղղված 20 զբոսաշրջային կլաստերների զարգացմանը։ Մեր զբոսաշրջային առաջարկն էկոնոմ կլասից պետք է բարձրացնենք գոնե միջինի»,- նշել է Քերոբյանը։
Նախարարը նաև տեղեկացրել է, որ առաջիկայում Կառավարության հաստատմանն է ներկայացվելու զբոսաշրջության մասին նոր օրենքը։ Այս ամենը, ըստ նրա, թույլ կտա ոլորտը նոր մակարդակի հասցնել։
«Վերջին շրջանում ակտիվ հետևում եմ Տուրիզմի կոմիտեի գործունեությանը և պետք է ասեմ, որ հիմա բավականին ակտիվ են գործում, բազմաթիվ ծրագրեր են մշակում ոլորտը բարելավելու համար, բայց նախարարի ասածները թվերի վերաբերյալ խիստ կասկածներ են առաջացնում ինձ մոտ, քանի որ տուրիզմի զարգացման գլխավոր գործիքն անվտանգությունն է, և մրցունակ են համարվում այն ուղղությունները, որտեղ ապահովված է անվտանգությունը, իսկ ներկա պահին Հայաստանն ունի անվտանգային թիվ մեկ խնդիր, և դեռ չգիտենք, թե որքան կտևի տվյալ իրավիճակը»,- մեզ հետ զրույցում ասաց «ԱՆ ՆՈՒՌ» տուրիստական ընկերության հիմնադիր տնօրեն Աննա Նավասարդյանը:
Հարցին, թե Զբոսաշրջության մասին նոր օրենքում ի՞նչ հոդվածներ կուզեր, որպեսզի ներառվեին, տուրիստական ընկերության տնօրենը նշեց. «Ամենակարևորը, որ լինցենզավորեն տուրիստական գործակալությունները, հստակեցվի, թե ո՞րն է տուրիստական գործակալությունը և ո՞րն է տուրիստական օպերատորը. մեզ մոտ մինչ այժմ չի եղել նման հստակեցում։ Կարևոր է, որպեսզի վերահսկվի գովազդային դաշտը»:
Մեր զրուցակիցը հայտնեց, որ Հայաստան են այցելում հիմնականում Ռուսաստանից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իտալիայից, Իսպանիայից, Չինաստանից, Վիետնամից, Սիրիայից, Բեյրութից, Արաբական Միացյալ Էմիրություններից։
«Ավելի երիտասարդները նախընտրում են արկածային և ժամանցային զբոսաշրջությունը, բայց և անտարբեր չեն մնում գիտական, պատմամշակութային և գաստրո տուրերից։ Ավելի տարեցները նախընտրում են առողջարանային հանգիստը և ավելի թեթև` ոչ հոգնեցուցիչ էքսկուրսիաներ՝ թանգարաններ և պատմամշակութային վայրեր»,- հայտնեց տուրիստական ընկերության հիմնադիր տնօրենը:
Անի Կարապետյան