Աշխարհում ոչ բոլորն են հիացած SpaceX-ի Starlink արբանյակների մատուցած ծառայություններով։ Չինաստանն, օրինակ, ոչ միայն ընդգծված բացասաբար է վերաբերվում Իլոն Մասկի նախագծին, այլև մոտ ապագայում պատրաստվում է հակակշռել դրան՝ ստեղծելով սեփական GW արբանյակային համաստեղությունը։
Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի (PLA) ենթակայության տակ գործող տիեզերական ճարտարագիտության համալսարանի աշխատակից Սյու Կանի խոսքով՝ այն կներառի 12,992 արբանյակ։ Համեմատության համար նշենք, որ Starlink-ն այսօր ունի 3000-ից մի փոքր ավելի արբանյակներ, որոնց թիվը մինչև 2027 թվականը հասցնելու է 40,000-ի:
Արբանյակները արտադրվելու են China Satellite Network Group Co.-ի կողմից, իսկ արձակման ժամկետների վերաբերյալ դեռևս տեղեկատվություն չի հրապարակվել։ Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ համակարգերը կտեղադրվեն ավելի բարձր ուղեծրերում, քան Starlink-ի արբանյակներն են, ինչի շնորհիվ հնարավոր կլինի «մոտ հեռավորությունից երկարաժամկետ դիտարկել Starlink արբանյակները», իսկ անհրաժեշտության դեպքում՝ դրանք ոչնչացնել։
Չինաստանի նման քաղաքականության պատճառները բացատրվում են նրանով, որ Starlink արբանյակները ոչ միայն համաշխարհային մասշտաբով մատչելի գերարագ ինտերնետ և հաղորդակցություն են ապահովում, այլև ունեն խնամքով թաքցված ռազմական բաղադրիչ:
Ռազմական փորձագետների կարծիքով՝ այս արբանյակները 100 անգամ մեծացնում են գրոհային անօդաչու թռչող սարքերի և ռազմաօդային ուժերի հետ տեղեկատվության փոխանակման արագությունը՝ ձևավորելով արդյունավետ ռազմական կապուղիներ։ Բացի այդ, դրանք կարող են համալրվել հատուկ ռազմական տեխնիկայով, որոնք նախատեսված են, ի թիվս այլ բաների, նաև այլ արբանյակների ոչնչացման համար:
Չինաստանի քաղաքական և ռազմական ղեկավարությունը վճռական է. Starlink արբանյակներին հայտնաբերելու և հետևելու համար կօգտագործվեն նոր սերնդի ռադարներ: Ակնկալվում է նաև համագործակցություն այլ երկրների հետ՝ ընդհուպ մինչեւ տիեզերքից ակնկալվող ամերիկյան սպառնալիքին դիմակայելու կոալիցիայի ստեղծում։
Հրապարակման պատրաստեց ita.am-ը