Ո՞ր մասնագիտություններն ընտրելու դեպքում՝ անկախ նրանից, վճարովի համակա՞րգ են ընդունվել, թե՞ անվճար, ուսանողները կստանան կրթաթոշակ
Advertisement 1000 x 90

Ո՞ր մասնագիտություններն ընտրելու դեպքում՝ անկախ նրանից, վճարովի համակա՞րգ են ընդունվել, թե՞ անվճար, ուսանողները կստանան կրթաթոշակ

ՀՀ կառավարությունը հրապարակել է 2023-2024 ուսումնական տարում բուհերի բակալավրի և մագիստրոսի կրթական աստիճաններով առկա ուսուցմամբ սովորողներին տրվող պետական կրթաթոշակների չափերը սահմանելու, պետության համար առաջնային և կարևորություն ունեցող մասնագիտությունների (կրթական ծրագրերի) ցանկը հաստատելու մասին որոշման նախագիծը։

Առաջնային և կարևորություն ունեցող կրթական ծրագրերի ցանկի մեջ են ներառվել Հայաստանի Ազգային ագրարային համալսարանի մի շարք մասնագիտություններ՝ մեքենասարքավորումների ճարտարագիտություն, հողային և ջրային ռեսուրսների ճարտարագիտություն, ագրոարդյունաբերության տեխնոլոգիաներ, ճշգրիտ գյուղատնտեսություն, պարենամթերքի տեխնոլոգիա, խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն, սննդամթերքի անվտանգություն, ագրոնոմիա, սելեկցիա և գենետիկա, բույսերի պաշտպանություն, ջերմատնային ագրոտեխնոլոգիա, օրգանական գյուղատնտեսություն, կենդանագիտություն և կենսատեխնոլոգիա, անտառային տնտեսություն և բնակավայրերի կանաչապատում, անասնաբուժություն, անասնաբուժական-սանիտարական փորձաքննություն:

Հայկական պետական մանկավարժական համալսարանի մի շարք կրթական ծրագրեր՝ ֆիզիկա, տեխնոլոգիա և ձեռնարկչություն, մաթեմատիկա, ինֆորմատիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն, մաթեմատիկա-ֆիզիկա, մաթեմատիկա-ինֆորմատիկա, կենսաբանություն-քիմիա, աշխարհագրություն-բնագիտություն:

2023-2024 ուստարվա առկա ուսուցմամբ սովորող առաջին կուրսի բոլոր ուսանողները, անկախ այն հանգամանքից՝ վճարովի՞ համակարգ են ընդունվել, թե՞ անվճար, ամսական ստանալու են 70 հազար դրամ կրթաթոշակ։ Հաջորդ կուրսերում, նախորդ ուսումնական տարվա առավելագույն միջին որակական գնահատականի (ՄՈԳ) 90,01 % և բարձր ցուցանիշ ապահովող ուսանողները կստանան 77 հազար դրամ։

Հավելենք, որ ապրիլի 15-ից մեկնարկել է 2023 թվականի ընդունելության համար բուհի և մասնագիտության ընտրության և ընտրած մասնագիտության համար սահմանված միասնական և ներբուհական քննությունների հայտագրումը:

Բուհը և մասնագիտությունը նշելու, նշված մասնագիտության համար սահմանված ընդունելության քննությունները հանձնելու կամ հանձնած քննությունները մուտքագրելու համար պետք է ունենալ ԳԹԿ անձնական համար և մինչև մայիսի 10-ն առցանց եղանակով դիմում-հայտ լրացնել Գնահատման և թեստավորման կենտրոնի dimord.am կայքում: ԳԹԿ անձնական համար ստանալու համար 12-րդ դասարանցիները դիմում են իրենց ուսումնական հաստատության տնօրենին, իսկ նախորդ տարիների և 2022-2023 ուստարվա նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտները՝ իրենց բնակության վայրի` այդ նպատակով առանձնացված ուսումնական հաստատության տնօրենին:

Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը 168.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ այս տարի ձմեռային փուլում միայն քննություններ էին հայտագրում, չէին նշում մասնագիտությունն ու բուհը, իսկ հիմա պետք է ձմռանը քննություն հանձնած դիմորդները հայտագրեն իրենց ընտրած մասնագիտությունը և բուհը, իսկ եթե ցանկանում են պահել ձմռանը հավաքած միավորը, կարող են երկրորդ անգամ հանձնել այդ առարկաները, և մրցույթին կմասնակցի ավելի բարձր գնահատականը: «Դիմորդները կարող են հայտագրվել, հետևել շարժին, հայտում փոփոխություն անել, կամ հետևել և վերջում հայտագրվել: Դիմում-հայտում փոփոխություններ հնարավոր է մինչև հայտագրման ժամկետի ավարտը կատարել: Կարող են փոխել և՛ բուհը, և՛ մասնագիտությունը, ըստ այդմ՝ նաև քննությունները»,- նշել էր ԳԹԿ մամուլի խոսնակը:

Անի Կարապետյան



Նման նյութեր