Միջազգային աստղագիտական միությունը հաստատել է, որ Սատուրնի ևս 28 արբանյակ է հայտնաբերվել։ Այս պահին Սատուրնն ունի փաստացի 117 հաստատված արբանյակ և դրանով առաջ է անցնում Յուպիտերից, որն ունի 95 հաստատված արբանյակ, տեղեկացնում է Iflscience.com-ը։
Սատուրնը և Յուպիտերը մեր Արեգակնային համակարգի երկու ամենազանգվածային մոլորակներն են, ինչը նշանակում է, որ նրանք ձգողականության հսկայական ուժ ունեն, որը կարող է մոտակայքով անցնող տիեզերական օբյեկտները քաշել դեպի այս հսկաների ուղեծիր։
Այս երկու գազային հսկաների բազմաթիվ արբանյակներից են Արեգակնային համակարգի ամենահիասքանչ մոլորակներ, այդ թվում՝ Սատուրնի արբանյակ Էնցելադը, որը համարվում է ամենահավանական թեկնածուն, որտեղ կարող է այլմոլորակային կյանք լինել, ինչպես նաև Յուպիտերի արբանյակ Գանիմեդը՝ մեր արեգակնային համակարգի ամենամեծ արբանյակը, որն իր սեփական մագնիսական դաշտն ունի:
Այնուամենայնիվ, հսկաների այս դուետի արբանյակների կոնկրետ թիվը հարաբերական է, քանի որ վիճելի է համարվում հարցը, թե որն է համարվում արբանյակ։ Սատուրնը հատկապես հետաքրքիր օրինակ է, քանի որ այն իր շուրջն ունի հայտնի գեղեցիկ օղակ, որը բաղկացած է միլիարդավոր փոքրիկ սառույցի և ժայռերի կտորներից, որոնք, այնուամենայնիվ, արբանյակներ չեն համարվում։
Բացի դրանից, աստղագետները մշտապես նոր դիտարկումներ են անում մոլորակների շուրջը պտտվող բնական արբանյակների վերաբերյալ, և ներկայումս կան Յուպիտերի և Սատուրնի արբանյակ համարվելու հարյուրավոր թեկնածուներ, որոնք սպասում են հաստատման: Այս իմաստով ամենաշատ արբանյակներ ունեցող մոլորակի տիտղոսը պարբերաբար անցնում այս հսկաներից մեկից մյուսին։
Այս տարվա փետրվարին Յուպիտերի ևս 12 արբանյակ էր հայտնաբերվել, ինչի արդյունքում դրանց ընդհանուր թիվը հասել էր 92-ի: Քանի որ Սատուրնն այն ժամանակ ուներ ընդամենը 83 հաստատված արբանյակներ, Յուպիտերը հայտարարվել էր որպես «Արեգակնային համակարգում ամենաշատ արբանյակներ ունեցող մոլորակ»: Եվ հիմա այն փաստացի զրկվում է այդ տիտղոսից։
Ակնկալվում է, որ առաջիկա մի քանի օրվա ընթացքում կհաստատվեն Սատուրնի ավելի շատ արբանյակներ և այս հսկաների միջև ընթացող «պայքարը» դեռ կշարունակվի: