Hubble տիեզերական աստղադիտակը լուսանկարներ է արել, որոնցում կարելի է տեսնել, թե ինչպես են աստղի շուրջը մոլորակներ ձևավորվում մի համակարգում, որը շատ նման է Արեգակնային համակարգին:
Այս համակարգը գտնվում է Հիդրա համաստեղությունում՝ մեր Արեգակնային համակարգից 196 լուսատարի հեռավորության վրա։ TW Hydrae աստղի զանգվածը Արեգակի զանգվածի մոտ 80%-ն է, իսկ շառավիղը՝ Արեգակի շառավղի 111%-ը։ Եվ այս աստղի շուրջը հենց հիմա մոլորակներ են ծնվում փոշուց և գազից կազմված նախամոլորակային սկավառակից։
2016 և 2021 թվականներին արված լուսանկարներում կարելի է նկատել 10 միլիոն տարեկան աստղին շրջապատող ստվերների փոփոխությունները: Ըստ գիտնականների՝ դա մոլորակների վաղ զարգացման նշան է։ Քանի որ համակարգը Երկրի նկատմամբ թեքված է 90°-ով, աստղագետները հնարավորություն ունեն հենց Երկրի վրայից դիտելու, թե ինչպես է նյութը կուտակվում աստղի շուրջը, որը, գիտնականների գնահատմամբ, Արեգակի 0,2% տարիքն ունի:
2016 թվականին արված լուսանկարներում երևում են երիտասարդ աստղը շրջապատող սկավառակների ստվերները, որոնք գիտնականներն անվանել են ներքին սկավառակ, որը արտաքին սկավառակի նկատմամբ թեքվածություն ունի և արգելափակում է աստղի լույսը: Գիտնականների կարծիքով՝ դա կարելի է բացատրել նրանով, որ նոր ծնվող մոլորակը սկավառակների դասավորվածության տարբերություն է առաջացրել։
Հինգ տարի անց արված լուսանկարները ցույց են տալիս, որ այնտեղ զարգանում է ոչ թե մեկ, այլ մի քանի մոլորակ։
«Մենք ենթադրում ենք, որ աստղի շուրջը տարբեր արագությամբ պտտվող երկու ստվերները երկու անտեսանելի մոլորակներ են, որոնք փոշին քաշում են դեպի իրենց ուղեծրեր՝ համակարգում տարբերություններ ստեղծելով ընդամենը մի քանի տարվա ընթացքում: Ըստ երևույթին, երկու մոլորակները պետք է բավական մոտ լինեն միմյանց։ Եթե մեկը մյուսից շատ ավելի արագ շարժվեր, դա կերևար ավելի վաղ դիտարկումների ժամանակ»,- ասել է Hubble տիեզերական աստղադիտակի՝ Բալթիմորում գտնվող գիտական ինստիտուտում Եվրոպական տիեզերական գործակալության հետազոտող, հոդվածի գլխավոր հեղինակ Ջոն Դեբը։
Հետազոտողների կարծիքով՝ երկու մոլորակները կարող են իրենց աստղից գտնվել նույն հեռավորության վրա, որքան Յուպիտերը՝ Արեգակից, քանի որ ստվերների ուղեծրային շրջանը հուշում է նման հեռավորության մասին։ Սկավառակների թեքությունները՝ 5-7°, նույնպես համեմատելի են մեր Արեգակնային համակարգի հետ։
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Astrophysical Journal ամսագրում։