Մեծ էկրանով սարքերից օգտվողները հաճախ գնում են կապույտ ֆիլտրով ակնոցներ, որպեսզի պաշտպանեն իրենց աչքերը, գուցե նրանք իզուր են ծախսում իրենց փողերը, փորձել է պարզել նոր հետազոտությունը։
Հետազոտությունների նոր հավաքածուն ենթադրում է, որ կապույտ լուսաֆիլտրացիայով այդ ակնոցները, հավանաբար, չեն ազդում տեսողական բեռնվածության, աչքերի առողջության կամ քնի որակի վրա, համենայն դեպս՝ կարճաժամկետ հեռանկարում, գրել է UPI-ն։
«Մենք հայտնաբերել ենք, որ ակնոցների կապույտ ֆիլտրացիայով լինզաների օգտագործումը, առանց կապույտ ֆիլտրացիայի լինզաների համեմատ, կարող է կարճաժամկետ առավելություններ չունենալ տեսողության հոգնածությունը նվազեցնելու համար՝ կապված համակարգչի օգտագործման հետ։ Ներկայում նաեւ պարզ չէ՝ արդյո՞ք այդ լինզաներն ազդում են տեսողության որակի կամ քնի հետ կապված արդյունքների վրա, եւ չի կարելի որեւէ եզրակացություն անել երկարաժամկետ հեռանկարում ցանցաթաղանթի առողջության վրա որեւէ պոտենցիալ ազդեցության մասին»,- նշել է հետազոտության ավագ հեղինակ Լաուրա Դաունին, որը գլխավորում է Մելբուռնի համալսարանի լաբորատորիան ավստրալական Վիկտորիա նահանգում։
«Մարդիկ պետք է տեղեկացված լինեն այդ արդյունքների մասին՝ նման ակնոցներ գնելու որոշում կայացնելիս»- ավելացրել է Դաունին։
Հետազոտողներն ուսումնասիրել են 17 ռանդոմիզացված վերահսկելի հետազոտություններ վեց երկրներից։ Հետազոտությունների ծավալը տատանվել է ընդամենը 5 մասնակցից մինչեւ 156 մասնակցի միջեւ։ Հետազոտության տեւողությունը տատանվել է մեկ օրից մինչեւ հինգ շաբաթվա միջեւ։
Հետազոտության համահեղինակ Սումիր Սինգհի՝ Դաունիի լաբորատորիայի գիտաշխատողի խոսքով, նախկինի պես անհրաժեշտ են բարձրորակ ծավալուն կլինիկական հետազոտություններ դիտարկումների ավելի երկարատեւ ընդգրկմամբ, բնակչության ավելի տարբեր խմբերում, որպեսզի ավելի հստակ որոշվի կապույտ ֆիլտրացիայով ակնոցների պոտենցիալ ազդեցությունը տեսողական աշխատունակության, քնի եւ աչքերի առողջության վրա։