Հոգեբան Ջոաննա Սիլվերը նշել է, որ անքնությունը, սոցիալական մեկուսացումը եւ ֆիթնեսից կախումը կարող են վկայել նյարդային անորեքսիայի՝ վտանգավոր հոգեկան խանգարման առաջացման մասին, տեղեկացրել է Daily Mail-ը։
Անորեքսիան սննդային վարքի լուրջ հոգեկան խանգարում է, բնորոշվում է քաշը նվազեցնելու հիվանդագին ձգտմամբ, ճարպակալման վախով եւ սեփական մարմնի խեղաթյուրված ընկալմամբ։ Այս խանգարման հետեւանքները կարող են լինել սրտի եւ անոթների հիվանդությունները, երիկամների անբավարարությունը եւ անպտղությունը։ Հիվանդությունը դժվար է ախտորոշել, քանի որ հաճախ պացիենտի եւ շրջապատի կողմից ընկալվում է որպես հոգատարություն առողջության հանդեպ։
Հոգեբանը նշել է, որ եթե մարդը սկսել է կախում ձեռք բերել մարզումներից եւ ճիշտ սնվելուց, դա կարող է անորեքսիայի տագնապալի նշան լինել։ Անորեքսիայով հիվանդները ձգտում են բացառել սննդաբաժնից բոլոր «վնասակար» նյութերը՝ քաղցր, տապակած, աղի։ Հաճախ այս խանգարումն ունեցող մարդիկ սնունդը բաժանում են մանր կտորների կամ ուտում են շատ փոքր չափաբաժիններով։
Անորեքսիայով տառապող մարդիկ հաճախ խուսափում են շփումից։ Դա կարող է կապված լինել այն բանի հետ, որ մարդու ինքնագնահատականն իջնում է հիվանդության հետեւանքով, այդ մարդիկ բավարարված չեն իրենց արտաքինից եւ կենտրոնանում են նրա թվացյալ թերությունների վրա։ Կարող է առաջանալ նաեւ անքնություն կամ, հակառակը, քնկոտություն։
Հոգեբանը զգուշացրել է, որ անառողջ սովորությունների մասին մարդու հետ խոսելը կարող է վեճ առաջացնել։ Բժիշկը խորհուրդ է տվել համբերություն ցուցաբերել եւ մարդուն համոզել, որ դիմի օգնության։