Սոլքի կենսաբանական հետազոտություննների ինստիտուտի (ԱՄՆ) գիտնականները հայտնաբերել են, որ խուճապային գրոհների առաջացման մեխանիզմը գործի է դրվում այսպես կոչված «ուղեղի տագնապի կենտրոնում»՝ լատերալ պարաբրախիալ միջուկում (PBL)։ Այս ոչ մեծ հատվածը վերահսկում է շնչառությունը, սրտի զարկերի հաճախակիությունը եւ մարմնի ջերմաստիճանը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Neuroscience ամսագրում։
Գիտնականներն ուսումնասիրել են մկների ուղեղը, որպեսզի հասկանան, թե որ կառույցներում է սկսվում տագնապի նոպան անձի խուճապային խանգարման դեպքում։ Ընդունված է կարծել, որ խուճապային գրոհների համար պատասխանատու է նշաձեւ մարմինը, որը հայտնի է որպես ուղեղի վախի կենտրոն։ Սակայն PBL-ի ուսումնասիրման ժամանակ, որը գտնվում է գլխուղեղի ցողունային մասում, հետազոտողները հայտնաբերել են, որ այդ հատվածը եւս մասնակից է խուճապային խանգարման հուզական եւ ֆիզիկական դրսեւորումներին։
Հետազոտության հեղինակների խոսքով՝ PBL-ն արտադրում է PACAP նեյրոպեպտիդը (պոլիպեպտիդ, որն ակտիվացնում է հիպոֆիզի ադենիլատցիկլազան), որը հայտնի է որպես սթրեսային արձագանքի գլխավոր կարգավորող։
Մկների խուճապային գրոհի իմիտացիայի ընթացքում գիտնականները պարզել են, որ նոպայի ժամանակ ակտիվանում են PACAP արտադրող նեյրոնները։ Ակտիվացումից հետո դրանք ազատ են արձակում PACAP նեյրոպեպտիդային ազդանշանային ուղին դեպի ուղեղի այլ հատված, որը կոչվում է դորսալ միջուկ։ Դրանում են գտնվում PACAP-ռեցեպտորներով նեյրոնները։ Այդ ռեցեպտորային նեյրոնների վրա ազդեցությունը մկների մոտ առաջ է բերում շնչառության հաճախակիացում, սրտի զարկերի արագացում եւ խուճապային արձագանք։
Գիտնականները ենթադրել են, որ PACAP ազդանշանների փոխանցման արհեստական արգելակումը կարող է կանխել տագնապի եւ խուճապի նոպաները։ Հետազոտողների կարծիքով՝ իրենց բացահայտումը հիմք կծառայի PACAP-ի վրա ազդող նոր թերապեւտիկ միջոցների մշակման համար։