Life.panorama.am-ի զրուցակիցն է դերասանուհի Յուլյա Ֆինկը, ով այժմ որպես հաղորդավարուհի է ներկայանում Արմենիա հեռուստաընկրության «Բարի լույս» հաղորդման խոհանոցային հավելվածում:
-Յուլյա, «Աբելի քույրը» հեռուստասերիալի ավարտից հետո Ձեզ այլ նախագծերում չենք տեսնում: Այս պահին այլ առաջարկներ չունե՞ք:
– Որպես դերասանուհի՝ հիմա որևէ զբաղվածություն չունեմ, սակայն աշխատում եմ որպես հաղորդավարուհի՝ վարելով «Բարի լույս» հաղորդման խոհանոցային էջը: Հեռուստասերիալներից այս պահին մի քանի առաջարկներ ունեմ, սակայն ինքս չեմ ուզում նկարահանվել:
-Ինչի՞ հետ է կապված Ձեր այդ որոշումը:
– Նախ, որովհետև չկան այն մակարդակի սերիալներ, որտեղ կցանկանայի խաղալ: «Աբելի քույր»-ում համաձայնեցի նկարահանվել, քանի որ երկար ժամանակ չէի խաղում ու հասկացա, որ տանը նստելով էլ չեմ կարողանում, բացի այդ, առաջարկված դերն էլ հետաքրքրեց ինձ: Հիմա եթե լինի մի քանի մասանոց սերիալի հետաքրքիր առաջարկ, գուցեև չմերժեմ, բայց եթե ինձ կրկին ու կրկին չառաջարկեն ներկայանալ մայրիկի դերով: Մեր իրականության մեջ այդ միտումը կա՝ բավական է մեկ անգամ մի կերպարով հանդես գաս, դրանից հետք անդադար նույնատիպ կերպարներ են առաջարկում: Հիմա այլևս հաստատ մամայի դերով հանդես չեմ գա, քանի որ դա արդեն տաբու են դարձնում: Ես պատրաստ եմ անգամ «стерва» խաղալ, բայց ոչ մամա: Կարծում եմ, կարճ սերիալները և ժամանակ են խնայում, և ավելի լուրջ մոտեցում են ենթադրում աշխատանքի նկատմամբ: Երկարաշունչ սերիալները հիմնված են արագության վրա, շատ ժամանակ չես կարողանում տրամադրել դերիդ վրա: Սերիալը արագ ստացվող արտադրանք է, որը վնասում է ողջ թիմի աշխատանքային որակը: Երբ մեկ օրում մի քանի տեսարան պետք է նկարահանվես, այն էլ իրարից տարբերվող տեսարաններ, ուրմեն որքան էլ լավ աշխատես ու ջանք ներդնես, միևնույն է, լավ արդյունք չես ստանա:
-Շատ դերասաններ սրտնեղում են, որ հեռուստատեսային ֆիլմերում մեծ ներգրավվածություն ունեն մասնագիտությամբ ոչ դերասանները. Այդ միտումը Ձեզ ևս խանգարում է աշխատել:
– Իհարկե, դա շատ կարևոր խնդիր է: Էլ ավելի լուրջ խնդիր է, երբ այդ ոչ դերասանները վարակվում են աստղային հիվանդությամբ ու իրենք համարում են, որ կարող են շատ պրոֆեսիոնալների հետ հանդես գալ ու նույն մակարդակի վրա լինել: Թեև միշտ էլ ասել եմ ու կկրկնվեմ, որ լինում են դեպքեր, երբ մարդը չունի կրթություն, բայց իր բնությամբ դերասան է ու իր տաղանդը առանց դիպլոմի կարող է ցույց տալ: Նման դեպքեր լինում են, կան անգամ նման օսկարակիր դերասաններ, սակայն դա շատ խիստ հազվադեպ հանդիպող երևույթ է հատկապես մեր իրականության մեջ: Ես առաջարկ ստանալիս անպայման հարցնում եմ, թե ովքե՞ր են մասնակցելու և ո՞վ է նկարահանելու:
-Արդեն երկար ժամանակ է, թատրոնում չեք աշխատում: Վերադառանլու մտադրություն չունե՞ք:
– Այն դերասանը, ով աշխատել է թատրոնում, հետո միշտ էլ դրա բացը զգում է իր կյանքում: Սակայն ես չէի ցանկանա թատրոն վերադառնալ մշտական աշխատանքով, քանի որ մեր թատրոններում կարելի է անդադար կրկնվող ներկայացումներից հոգնել: Եթե առաջարկ լինի, հիմա ցանկություն ունեմ որպես հրավիրված դերասանուհի որոշ ներկայացումներում խաղալ:
-Առաջ ցանկություն ունեիք ընդլայնել խոհանոցային հաղորդումը, այս պահին այդ առումով ի՞նչ մտքեր ունեք:
– Այո, ես ավելի շատ ուզում եմ այդ ուղղությամբ խորանալ: Մտքեր ունեմ մեծ հաղորդում ունենալու, որտեղ կանդրադառնամ հայակական ավանդական խոհանոցին, այդ թվում՝ տարբեր մարզերի ուտեստներին: Սակայն այդ ամենի համար ֆինանսավորում է հարկավոր ու հովանավորի խնդիր կա. Տեսնենք՝ ինչպե՞ս կստացվի:
-Յուլյա, գիտեմ, որ ունեք ձեր փոքրիկ բիզնեսը (պատրաստում եք օրիգինալ զարդեր), նաև մտադրություն ունեիք Ձեր ռեստորան-բուտիկը բացել: Այժմ քայլեր արվո՞ւմ են այդ ուղղությամբ:
– Ռեստորան-բուտիկը շարունակում է երազանք մնալ ինձ համար, բայց ես հավատում եմ երազանքների կատարմանը ու կարծում եմ՝ իմ կյանքում կգա այդ օրը: Ինչ վերաբերվում է իմ զարդերին՝ հասկացա, որ հայերը շատ տաղանդավոր են մտքերը գողանալու հարցում: Հիմա նեղ մասայում է բիզնեսս ընդլայնվում: Ով տեսնում է իմ պատրաստած զարդերն ու հավանում, կարող է պատվիրել, բայց մեծամաշտաբ ընդլայնում չեմ նախատեսում, քանի որ ուզում եմ գործերս լինեն քիչ, բայց որակյալ ու չկրկնվող: Ինձ համար այս աշխատանքը գումարի աղբյուր ունենալու միջոց չէ, ես կենտրոնանում եմ բացառիկ, հին ու չհանդիպող նյութերի վրա, որպեսզի շեշտը դրված լինի օրիգինալության վրա:
-Վերջերս դուք ու ամուսինը շատ կարևոր «պաշտոն» ստանձնեցիք՝ դառնալով Իրինա Հարությունյանի փոքրիկի կնքամայրն ու կնքահայրը: Այս կարևոր իրադարձությունը ի՞նչ փոխեց Ձեր կյանքում:
– Ես ու Արտյոմը շատ լուրջ եք վերաբերվում այս հանգամանքին: Պատկերացրեք՝ փոքրիկ Դավիթի կնքահոր ու կնքամոր կարգավիճակում հայտնվելը ինքնըստինքյան ստացվեց, քանի որ նա անասելի կապված է Արտյոմի հետ: Այսինքն՝ այնպես չէր, որ մենք Իրինայի ընտանիքի հետ մտերիմ էինք ու դրա համար դարձանք նաև բարեկամներ, իսկապես՝ Դավիթը ծնված օրից Արտյոմի հետ հետաքրքիր կապվածություն ունի: Կարծում եմ, որ կնքահայրը երկրորդ հայր է համարվում ու պարտավորվում է ողջ կյանքում լինել իր սանիկի կողքին և մասնակցել նրա դաստիարակությանն ու կյանքին: Դա կոչում է, պարզապես անուն չէ, ու սխալ է, երբ կնքահայր ընտրում են ըստ տվյալ մարդու ֆինանսական կարողության, ինչպես հաճախ պատահում է մեր երկրում: