Դերասանուհի ու բեմադրող Նորա Գրիգորյանը մայրանալուց հետո առաջին անգամ բեմ է բարձրացել: Life.panorama.am-ի հետ զրույցում Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր Ալեքսանդր Գրիգորյանի դուստրն ու դերասան Էրվին Ամիրյանի կինը՝ Նորան, պատմել է մայրանալուց հետո կարճ ժամանակ անց բեմ բարձրանալու որոշման ու ապագա ծրագրերի մասին:
– Նորա, բալիկների ծնունդից երկար ժամանակ չի անցել, բայց դուք արդեն բեմում եք: Կպատմեք, թե ինչպե՞ս կայացրեցիք այս որոշումը:
– Ոորոշումս կայացրեցի շատ հանկարծակի: «Խնջույք ամառանոցում» ներկայացման մեջ հանդես եկա Վասիլիսայի դերով. Այս ներկայացումը դեռ եկու տարի առաջ ինքս եմ բեմադրել, հետևաբար, անգիր գիտեի ամեն հերոսի խաղը: Այնպես ստացվեց, որ Վասիլիսայի հերոսուհին պատրաստվում է մայրանալ, ու նրան փոխարինող էր հարկավոր: Դե իսկ ես էլ որոշեցի թատրոնի ղեկավարությանը առաջարկել, որպեսզի ինքս փոխարինեմ նրան ու շատ շտապ ներգրավվեցի ներկայացման դերասանական կազմում: «Խնջույք ամառանոցում»-ն արդեն արժանացել է մրցանակների: Նաև այս ներկայացումով ամուսինս ստացել է «Լավագույն երկրորդ պլանի դերասան» Արտավազդ մրցանակը: Ներկայացումը ռեալիստական է, չոր, բացահայտող մարդու էությունը, այսօրվա երիտասարդության փողամոլությունը: Իսկ իմ կերպարը այդ ամենին հակառակ է. նա մի աղջնակ է՝ իր տարօրինակություններով, նա մարմնավորում է սիրո ու մաքրության կերպարը: Ցավոք, այս դարում սերն ու մաքրությունը արհամարհում են, իսկ ներկայացման մեջ այդ աղջկան սպանում են:
– Այս ներկայացման դերասանական կազմում է նաև Ձեր ամուսինը՝ Էրվին Ամիրյանը: Հետաքրքիր է՝ միասին խաղալու առանձնահատկությունները:
– Ամուսնուս հետ առաջին անգամ չեմ խաղում, սակայն, ամեն անգամ բեմ դուրս գալիս, իրար հետ կիսվում ենք մասնագիտական հարցերով, նաև անհանգստանում ենք միմյանց համար: Միաժամանակ, բեմում մոռանում ենք, որ ես իր կինն եմ, նա՝ իմ ամուսինը:
– Նորա, թատրոնը շատ ժամանակ է խլում, իսկ ո՞վ է զբաղվում երկվորյակների խնամքով:
– Մայրս է օգնում այդ հարցում, ինչի համար շատ շնորհակալ եմ իրեն: Մայրս հասցնում է խնամել իմ բալիկներին, ինձ, եղբորս ու հորս: Ինձ համար նա լավագույնն է, ես շատ բան եմ սովորում նրանից: Իր կյանքով նա ինձ սովորեցրել է, թե ինչպիսին պետք է լինի մայրը, տան ճրագը վառ պահող կինը: Շնորհակալ եմ նրան:
– Շատ մայրիկներ բալիկների ծնունդից հետո դժվարությամբ են աշխատանքի անցնում, քանի որ երբեմն իրենց ասես մեղավոր են զգում, երբ փոքրիկներին մենակ են թողնում: Հետաքրքիր է՝ նման խնդիրներ ունեցա՞ք:
– Ես երևի այդ մայրիկների շարքին չեմ պատկանում: Հղիությանս մինչև վերջին օրերը մասնակցել եմ թատրոնի փորձերին, իսկ երեխաերի ծնվելուց հետո 3-րդ օրը կրկին գնացի թատրոն, քանի որ բեմադրություն ունեի: Թատրոնն իմ մեջ է, իմ արյունն է: 2-3 ժամով գնալով աշխատանքի՝ ես չեմ դավաճանում երեխաներիս, սակայն հակառակ դեպքում կդավաճանեի սիրածս գործը: Ես ուզում եմ լինել այնպիսի մայրիկ, որ երեխաներս պարծենան, օրինակ վերցնեն ու հպարտանան ինձնով: Ես չեմ ուզում իմ անձը մոռանալ. Սա միգուցե մի փոքր էգոիստական հնչի, բայց եթե երեխայի մայրը լինի ինքնահաստատված, վստահ, իրեն հետևող, իր գործին տիրապետող, երեխաներին ու ամուսնուն սիրող կին, կարծում եմ, ամբողջ ընտանիքին դա միայն հաճելի կլինի:
– Երեխաների թեման շարունակելով, հետաքրքիր է, այս շրջանում ի՞նչ հետաքրքրություններ ունեն ու ի՞նչ «փորձություններ» են հաղթահարում:
– Փոքրիկներս օրեցօր փոխվում են, մեծանում, ճանաչում են աշխարհը: Արդեն շփվում են իրար հետ, լայն ժպիտով ծիծաղում, քրքջում: Հիմա ատամիկներ հանելու շրջանում ենք, բոլորն ասում են դժվար է լինելու, բայց ես պատրաստ եմ:
– Իսկ վերջում կպատմե՞ք առաջիկա ծրագրերից:
– Հիմա պատրաստվում եմ երկու պրեմիերայի: Առաջինը դոկումենտալ թատրոնի ժանրի է, առաջնախաղը կլինի մարտի վերջին կամ ապրիլի սկզբին: Փակագծեր չեմ ուզում բացել, բայց ասեմ, որ ամբողջ հղիության ընթացքում զգացածս ապրումները ներդրված են լինելու այս աշխատանքում: Մյուսը՝ մոնոներկայացում է Նորա Բադալյանի հետ: Իսկ ավելի ուշ կլինի նաև մանկական ներկայացում: Ծրագրերը շատ են, պետք է հերթականությամբ իրագործել: