Ապրիլի 15-ին և 16-ին Մոսկվայի «ЗИЛ» մշակույթի կենտրոնում տեղի է ունենալու «Հայորդիք» հայկական պարերի միջազգային 4-րդ փառատոնը, որի նպատակը սփյուռքի տարբեր համայնքներում գործող պարախմբերի մասնակցությամբ արտերկրում ապրող հայերին հայրենասիրական շունչ ու ոգի փոխանցելն է:
Life.panorama.am-ի հետ զրույցում Մոսկվայում գործող «Հայորդիք» միջազգային փառատոնի ղեկավար, «Հայորդիք» հիմնադրամի նախագահ և համանուն պարախմբի հիմնադիր ու գեղարվեստական ղեկավար Անահիտ Սարգսյանը պատմեց, որ արդեն չորրորդ տարին է՝ մեծ պատասխանատվությամբ ու սիրով են պատրաստվում այս փառատոնին, որը իր շուրջն է հավաքում ոչ միայն հայկական, այլև օտարերկրյա պարախմբերին, ովքեր ցանկություն ունեն ներկայացնելու հայկական պարարվեստը:
«Փառատոնն արդեն չորս տարվա պատմություն ունի, բայց միայն վերջին երկուսն են համարվում մրցույթ-փառատոններ, այդ թվում այս տարվա փառատոնը: Առաջին երկու տարվա ընթացքում փորձեցինք հետևել ժողովրդի կարծիքին ու առհասարակ հասկանալ, թե որքանով է պետք նման փառատոնը: Հետագայում փորձը ցույց տվեց, որ մրցույթ-փառատոնը շատ ցանկալի ու սպասված է»,- նշեց ղեկավարն ու նկատեց.
«Փառատոնի շրջանակում մեծ ուշադրություն ու շեշտ է դրվում ժյուրիի կազմին, քանի որ նրանց կազմում պետք է լինեն մարդիկ, ովքեր իսկապես հասկանում են պարարվեստից: Ի դեպ՝ ժյուրիի կազմում ազգությամբ ոչ միայն հայ մասնագետներ են»:
«Հայորդիք» հայկական պարերի միջազգային 4-րդ փառատոնում լինելու են հետևյալ անվանակարգերը՝ «Ազգային տարազ», «Բեմադրություն», «Բեմի կուլտուրա», «Կատարողականություն» և «Երաժշտություն»:
Ղեկավարի խոսքով, բացի առաջին մրցանակից, կլինի նաև «Հանդիսատեսի համակրանք» մրցանակը:
Ի դեպ՝ իրենց մասնկացությունը կարող են ունենալ բոլոր տարիքային խմբերը: Ըստ Անահիտ Սարգսյանի՝ խտրականություն դրված չէ, գլխավորը հայ պարարվեստը ճիշտ ներկայացնելն է: Նաև կարևորվում է երաժշտության ընտրությունը, որի ներքո համույթները կներկայացնեն իրենց պարը:
«Առանց տարիքային սահմանափակման, 8-16 հոգանոց պարախմբերը պետք է նախապես ուղարկեն իրենց պարացանկից չորս բեմադրությունները, ըստ որոնց էլ փառատոնի կոմիտեն, տվյալ պարախմբի ղեկավարի ցանկությունը հաշվի առնելով, ընտրում է երկու բեմադրություն: Այս պարագայում հաշվի ենք առնում ընտրված երաժշտությունը, որպեսզի տարբեր պարախմբեր միևնույն երաժշտության ներքո չպարեն ու չձանձրացնեն հանդիսատեսին»,- հավելեց Ա. Սարգսյանը:
«Հայորդիք» համույթը, որը հաջորդ տարի կնշի իր 20-ամյակը, փառատոնին բեմում կլինի տանտիրոջ իրավունքով.
«Կարծում եմ, սխալ կլիներ, եթե մենք էլ մասնակցեինք մրցույթին, դրա համար այդ օրը մեր խումբը մի քանի կատարում կնվիրի հանդիսատեսին, բայց չի մրցի»,- նշեց նա:
Ի դեպ, ինչպես հայտնի է, ամուսնությունից հետո Մոսկվա մշտական բնակությամբ տեղափոխված պարուհի Մարինա Մարտիրոսյանը վերջերս միացել է «Հայորդիք» համույթին. այստեղ նա ոչ միայն պարում է, այլև դասավանդում: Մարինան այդ օրը բեմում կլինի ոչ միայն պարուհու, այլև հաղորդավարուհու կարգավիճակով: