Արշակավան
Advertisement 1000 x 90

Արշակավան

Պատմաբան Վահե Անթանեսյանը իր միկրոբլոգում ներկայացրել է հայոց մայրաքաղաք Արշակավանի պատմությունը, որն ի դեպ իբրև մայրաքաղաք մի քանի տարի է գոյատևել:

Պատմության ընթացքում Հայաստանը բազում մայրաքաղաքներ է ունեցել. Վան, Անի, Բագարան…սակայն նրանց մեջ մեկը առանձնահատուկ պատմություն ուներ: Արշակավանը որպես մայրաքաղաք, առհասարակ որպես քաղաք գոյատևեց ընդամենը մի քանի տարի: Արշակավանի ստեղծման պատմությունն անգամ յուրահատուկ է և այն չի ենթարկվում որևէ տրամաբանության. Արշակավանն իր պատմությամբ աննախադեպ երևույթ է ողջ համաշխարհային պատմության մեջ:

4-րդ դարում, Արշակ Բ գահակալման ընթացքում Հայաստանի քաղաքական իրավիճակը խիստ լարված էր: Հայաստանն իր ամբողջականության և անկախության համար գոյամարտի մեջ էր հզոր հարևանների` Հռոմեական կայսրության և Սասանյան Պարսկաստանի հետ: Այս պայմաններում Հայաստանը նաև ներքաղաքական լուրջ խնդիրներ ուներ: Երկիրը պառակտված էր: Խոշոր ֆեոդալ-ավտատերերը մի կողմից, հայոց եկեղեցին մյուս կողմից, որ արքայից հետո Հայաստանի ամենախոշոր ավատատերն էր, իրենց տնտեսական և քաղաքական հավակնություններով պառակտում էին երկիրն ու Հայաստանի քաղաքական կյանքը:

Այս պայմաններում Արշակունիները ջանքեր չէին խնայում երկրի միասնականությունն ու հզորությունը պահպանելու համար: Խոսրով Բ Կոտակ (330-338), Տիրան (338-350) թագավորների գահակալության ողջ շրջանը Հայաստանում արտաքին և ներքին բախումների շրջան էր: Հայոց թագավորները հանուն երկրի անկախության կանգ չէին առնում ոչնչի առաջ. անգամ նրանց հրամանով սպանվեցին կաթողիկոսը, ոչնչացվեցին մի քանի նախարարական տներ… Այս ամենն ավելի սրվեցին Արշակ Բ կառավարման լարված ու ողբերգական իրադարձություններով լի տարիներին (350-368):

Արշակը համառ պայքար էր մղում հռոմեական և պարսկական ոտնձգությունների դեմ: Այս պայքարում նա համարյա միայնակ էր: Հայոց արքայի միակ հավատարիմ օգնականը հայոց բանակի զորահրամանատարն էր` սպարապետ Վասակ Մամիկոնյանը, ով հանուն երկրի անվտանգության չխորշեց անգամ սպանել սեփական եղբորը` Վարդանին: Արշակ Բ հրամանով Վասակ Մամիկոնյանը բնաջնջեց երկիրը երկպառակտող նախարարական տներին, որ ռեալ վտանգ էին ներկայացնում կենտրոնաձիգ իշխանության համար, սպանեց մի շարք ազդեցիկ գործիչների, ովքեր հավատարիմ չէին հայոց արքային և պետականությանը: Սակայն հայոց արքայի կիրառած խիստ միջոցները ավելի մեծ զայրույթ առաջացրին կենտրոնախույս նախարարների մոտ, որոնք ահաբեկված արքայի խիստ միջոցներից, քաշվեցին իրենց գավառները` նրան թողնելով միայնակ` իր պայքարում:

Այս պայմաններում Արշակ Բ փայլուն միտք հղացավ. լքված բոլորից` հայ նախարարներից, հոգևորականությունից, նա իր հենարանը հայ ժողովուրդը դարձրեց` հասարակ հայ աշխատավորը: Նա 4-րդ դարի 50 ական թվականներին Այրարատ նահանգի Կոգովիտ գավառում կառուցեց Արշակավան քաղաքը: Արշակավանը գտնվում էր Թավրիզ-Դարոյնք-Կարին (Թեոդոսոպոլիս) ճանապարհի վրա էր, Արարատ լեռան գոգավորության վրա:

Արշակ Բ քաղաքում ամրություններից ու բնակելի շինություններից զատ արքայական ապարանքներ կառուցեց և այն ամենը, ինչ որ հարկավոր էր Արշակավանի` որպես մայրաքաղաք գոյության համար:
Նա քաղաքը բնակեցնելու համար հրովարտակ արձակեց, որով Արշակավան էր հրավիրում այն բոլոր անձանց, ովքեր հալածական էին, հետապնդվում էին ինչ որ մեկի կողմից: Դա մեծ զայրույթ առաջացրեց նախարարների կողմից, քանզի շատերը ուղղակի փախան իրենց բնակավայրերից և հաստատվեցին Արշակավանում, քանի որ հայոց արքան հավասար ազատություն և իրավունքներ էր խոստացել բոլորին` ճորտերին, ազատներին և անազատներին:

Պատմիչների հավաստմամբ` Արշակավանը ավազակների որջ դարձավ: Այս փաստարկին չպետք է լուրջ վերաբերվել: Որևպես Հայաստանի ամենամեծ ավատատեր` ամենից շատ բնականաբար, տուժեց եկեղեցին, այդ իսկ պատճառով հայ կղերական պատմիչները առանձին համակրանք չէին կարող տածել Արշակ Բ այս ձեռնարկի հանդեպ: Ինքը` Ներսես Ա Պարթև կաթողիկոսի տեղապահ Խադ եպիսկոպոսը հրաժարվեց ենթարկվել հայոց թագավորին և չօծեց Արշակավանում կառուցած նրա եկեղեցին: Իսկ պատմիչներից Փավստոս Բուզանդն առհասարակ թաքցնում է Արշակավանի կործանման իրական պատմությունը և վկայում է, իբր, քաղաքի` Ներսես կաթողիկոսի անեծքով և Աստծո ցասումով դատարկվելու մասին. գրելով, թե Արշակավանի բնակիչները մահացել են համաճարակից: Սա էլ իր հերթին վկայում է այն մասին, թե որքան մեծ է եղել արձագանքը Արշակավանի կործանման` ըմբոստ նախարարների և հոգևորականների պատճառով, ովքեր իրենց գործունեությամբ թուլացրին հայոց պետության հիմքերն ու նպաստեցին Սասանյան Պարսկաստանի կողմից նրա նվաճումը:

Առհասարակ, Արշակավանում մարդիկ հաստատվել էին իրենց ընտանիքներով, երբեմն` ամբողջ խմբերով` փախչելով ֆոեդալական կախվածությունից և հայ ավատատերերի հալածանքներից, և ոչ մի թագավոր բնականաբար, թույլ չէր տա իր նորակառույց մայրաքաղաքում ավազակների գոյությունը: Ուղղակի հայոց արքան այս քայլով իր համար որոշ սոցիալական հենարան էր ստեղծում` կենտրոնախույս իշխանների դեմ պայքարելու համար: Այս ձեռնարկով Արշակ Բ թագավորը ըմբոստանում էր ոչ միայն ժամանակի կարգերի և բարքերի, այլև հայ ազնվականության, հայոց եկեղեցու, ընդհանրապես հասարակարգի դեմ: Ավելորդ չէ նշել, որ Արշակ Բ այս ձեռնարկը եզակի է ողջ համաշխարհային պատմության մեջ:

Կարճ ճամանակում Արշակավանը բազմամարդ քաղաք դարձավ: Ուսումնասիրողներից ոմանք նրա բնակչությունը հաշվում են 20000 մարդ, ոմանք` 20000 ծուխ: Սակայն հայոց այս նոր մայրաքաղաքին կարճ կյանք էր վերապահված: Խորենացու հաղորդման համաձայն` օգտվելով հանգամանքից, որ հայոց արքան մայրաքաղաքում չէ և պատերազմում է պարսից դեմ, հայ նախարարները և հոգևորականությունը իսկական խաչակրաց արշավանք ձեռնարկեցին Արշակավանի դեմ: Նրանք Ներսեհ Կամսարական իշխանի առաջնորդությամբ գրավում են քաղաքը, կոտորում բնակչությանը, իսկական նախճիր սարքում այնտեղ, քաղաքը հիմնահատակ ավերում: Կոտորածից փրկվում են միայն մանկահասակ երեխաները, որոնց հայոց կաթողիկոս Ներսես Ա հավաքում է մի մարագում և տանում: Ցավալին այն է, որ հայ նախարարներն ու հոգևորականները իրենց նախճիրն իրականացնելիս, օգտվեցին Հայաստանի թշնամի Սասանյան Պարսկաստանի սիրալիր ծառայություններից: Ամեն դեպքում թե Փավստոսը, թե Խորենացին Արշակավանի դեպքերի առնչությամբ անթաքույց մատնանշում են Ներսես Ա կաթողիկոսի առաջնորդող դերակատարությունը:

Հետագայում հայոց արքան վրեժխնդիր եղավ հայ նախարարներից Արշակավանի համար, իսկ Կամսարականների ողջ տոհմը բնաջինջ արեց և խլեց նրանց կալվածքները:

Ճիշտ է, հայոց արքան հակահարված հասցրեց նախարարներին և խստագույնս պատժեց նրանց, սակայն Արշակավանին հասցված հարվածն այնքան ուժգին էր, որ այն երբեք այլևս չվերականգնվեց:
Արշակավանը հայոց արքաների կառուցած վերջին քաղաքն էր ողջ հայոց պատմության մեջ:



Նման նյութեր