Կանանց միամսյակի կապակցությամբ մարտի 11-ին` Երևանի պետական համալսարանում, տեղի ունեցավ երկար տարիներ երաժշտական գործունեություն ծավալող «Լավ էլի» հայկական ալտերնատիվ ռոք խմբի համերգը:
«Մայրության և գեղեցկության, կանանց միջազգային տոների առթիվ ԵՊՀ ուսանողական խորհրդի կազմում գործող մշակույթի հանձնաժողովը որոշեց սիրված և ճանաչված խմբերի համերգներ կազմակերպել: Ամսվա ընթացքում ելույթներով հանդես կգան երաժշտական տարբեր ժանրերում ստեղծագործող խմբեր, որոնք մասսայականություն են վայելում»,– նշեց ԵՊՀ-ի ուսանողական խորհրդի մշակույթի հանձնաժողովի փոխնախագահ Գայանե Ավդալյանը:
Նրա խոսքով` «Լավ էլի» խումբը յուրահատուկ է, ունի բովանդակալից ու հետաքրքիր երգացանկ, որը հետաքրքրում է ինչպես ուսանողներին, այնպես էլ այլ երաժշտասերների:
Խմբի վոկալիստ և կիթառահար Մհեր Մանուկյանն ասաց, որ սիրով են համաձայնվել մասնակցել այս նախաձեռնությանը: «Ներկայացնելու ենք ինչպես հայտնի ու սիրված ստեղծագործություններ, այնպես էլ այս լսարանին անծանոթ գործեր»,- ասաց երգիչը:
Մհեր Մանուկյանն ընդգծեց, որ «Լավ էլի» խումբը գործում է 90-ական թվականներից և իրենք չենք պատրաստվում դադարեցնել իրենց երաժշտական գործունեությունը:
Համերգին հնչեցին «Ճամփորդական երգ», «Երջանիկ արքայազնը», «Խոտերի կյանքից», «Անձրև, աշուն» և այլ ստեղծագործություններ:
Երգերի անունները լսելիս դահլիճում ներկա երիտասարդները մեծ ոգևորությամբ էին արձագանքում, երգում երաժիշտների հետ, և «Լավ էլի» խմբի կատարումներն ուղեկցում էին բուռն ծափահարություններով:
Խումբը հեռանկարում բազմաթիվ նոր ծրագրեր ունի: Երաժիշտները ելույթներ կունենան տարբեր բեմերում և կփորձեն ավարտին հասցնել իրենց հինգերորդ ձայնասկավառակը:
«Լավ Էլի» հայկական ալտերնատիվ ռոք-խումբը կազմավորվել է 1996 թվականին Վանաձորում։ Խումբը հիմնել են Մհեր Մանուկյանն ու Գոռ Մխիթարյանը «Snack» խմբից, ում միացել են Վահե Տերտերյանը և Դավիթ Գրիգորյան «Ալք» խմբից։ Այս կազմով խումբը ձայնագրել Է իր առաջին «ԼԱՎ Ալբոմ » ձայներիզը։ Ալբոմում տեղ են գտել 21 երգեր`11 հայերեն և 10 անգլերեն լեզուներով։
1999 թվականին թողարկվել է խմբի երկրորդ «Essays» ալբոմը, որի պրոդյուսերն էր Արտյոմ Այվազյանը։
2006 թվականին խումբը թողարկել է «Notes from Vanadzor: Urban Armenian Rock» հայալեզու ալբոմը։ Խմբի կազմում ժամանակի ընթացքում փոփոխություններ են եղել: