Ներկայացնում ենք հատվածներ պատմաբան Վահե Անթանեսյանի իր միկրոբլոգում ներկայացված «Միջպետական պայմանագրերը հայոց պատմության մեջ» ակնարկից:
Ճշմարիտ է ասված, որ հայրենիքի սահմանները գծում են ռազմիկներն իրենց արիությամբ ու զենքի ուժով: Սակայն միշտ չէ, որ այդպես է: Հաճախ լինում են դեպքեր, երբ ռազմադաշտում ձեռքբերածը կորցնում ես դիվանագիտական ասպարեզում, և արդյունքում տանուլ ես տալիս թե կռիվը, թե պատերազմն առհասարակ:
Ցավոք, հայ ժողովրդի պատմության մեջ քիչ չեն նման դեպքերը: Սույնով կանդրադառնանք հայոց պատմության մեջ կնքված դիվանագիտական այն պայմանագրերին, որոնք էական դերակատարություն են ունեցել հայության կյանքում, կողմնորոշիչ հանդիսացել նրա հետագա զարգացման ու գոյապայքարի գործում:
ՄԹԱ 94 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՅ -ՊՈՆՏԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ
Մեզ հասած առաջին կարևորագույն միջպետական պայմանագիրը, որ կնքել է Հայաստանը, դա վերաբերվում է մթա 94 թվականին: Հայոց գահին նոր էր բազմել Տիգրան Բ Մեծը (մթա 95-55): Մթա 95 թվականին գահ բարձրանալով՝ առաջին գործը որ արեց՝ Ծոփքի թագավորության գրավումն ու միացումն էր Մեծ Հայքին:
Սկսած մթա 2-րդ դարից՝ Մեծ Հայքը ռազմաքաղաքական և տնտեսական վերելք էր ապրում, և հայոց արքան նպատակ էր դրել Հայաստանը դարձնել աշխարհակալություն: Դա աննկատ չմնաց Հայաստանի հյուսիսային հարևանի՝ Պոնտոսի թագավորության զորեղ տիրակալի՝ Միհրդատ Զ Եվպատորի աչքից, և նա իր աշխարհակալական ծրագրերի իրականացման համար հարմար դաշնակից տեսավ Մեծ Հայքին: Հենց Միհրդատի նախաձեռնությամբ, մթա 94 թվականին կնքվում է պայմանագիր՝ հետևյալ կետերով.
Ա. Մեծ Հայքը և Պոնտոսը դառնում են դաշնակիցներ, նրանք միմյանց միջև բաժանում են ապագա նվաճումների սահմանագծերը. Դեպի հարավ և հարավ-արևելք ընկած տարածքները պետք է միանան Մեծ Հայքին, դեպի արևմուտք ընկած տարածքները՝ Պոնտոսին:
Բ. Երկու երկրները պարտավորվում են ըստ հարկի ռազմական փոխօգնություն ցուցաբերել մեկմեկու:
Գ. Դաշինքն ամրապնդելու համար Պոնտոսի արքայադուստր Կլեոպատրան ամուսնանում է հայոց արքայի հետ:
Պայմանագիրը նպաստավոր եղավ երկու երկրների համար և ըստ ամենայնի՝ կյանքի կոչվեց: Արդյունքում՝ Տիգրան Մեծը ստեղծեց իր աշխարհակալությունը, իսկ Միհրդատը իր նպատակներին հասավ մասամբ: Սակայն, մթա 71 թվականին հռոմեացի զորավար Լուկուլլոսի ձեռնարկած արևելյան արշավանքը վերջ դրեց հայ-պոնտական զինակցությանը…
ԱՐՏԱՇԱՏԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ (մթա 66 թվական)
Մթա 66 թվականին մեծ բանակով արևելք արշավեց հռոմեացի զորավար Գնեոս Պոմպեոս Մեծը: Մինչ այդ, Պոմպեոսը ջախջախել էր Պոնտոսի թագավորության բանակը և իր արևելյան արշավանքի գլխավոր նպատակը Տիգրան Մեծի աշխարհակալությանը վերջ դնելն էր:
Տիգրան Մեծի պետությունը ակցանի մեջ էր առնված. Մի կողմից հռոմեական բանակն էր մայրաքաղաք Արտաշատի պարիսպների տակ, մյուս կողմից՝ պարթևական բանակն էր ոչ վաղ անցյալում գրոհել Հայաստանը, սակայն Տիգրանին հաջողվել էր հետ մղել պարթևներին: Ճիշտ է՝ նոր արշավանքի սպառնալիք կար դեռևս, մյուս կողմից էլ՝ հայոց տիրակալի դեմ ապստամբել էր որդին՝ Տիգրան Կրտսերը, ով միացել էր հռոմեական զորքերին:
Այս պայմաններում Տիգրան Մեծը ծայրահեղ քայլի գնաց: Մեն-մենակ, առանց ուղեկցողի դուրս գալով պաշարված Արտաշատից՝ գնաց հռոմեական ճամբար և անձնատուր եղավ Պոմպեոսին՝ հանելով թագը և դնելով նրա ոտքերի տակ:
Ազդվելով հայոց զորեղ տիրակալի քայլից՝ Պոմպեոսը թագը կրկին դրեց հայոց արքայի գլխին: Արդյունքում՝ կնքվեց Արտաշատի պայմանագիրը.
Ա. Հայաստանը հրաժարվում է իր արտաքին նվաճումներից հօգուտ Հռոմի:
Բ. Հայաստանը Հռոմին մեծ ռազմատուգանք է վճարում:
Գ. Հայաստանից անջատվում է Ծոփքը և դառնում անկախ թագավորություն՝ Տիգրան Կրտսերի թագի ներքո (այս կետը չգործածվեց Տիգրան Կրտսերի՝ Պոմպեոսի դեմ ընդվզման պատճառով)
Դ. Հայաստանը հռչակվում է հռոմեական ժողովրդի դաշնակից և բարեկամ (սա ենթադրում էր ռազմական և դիվանագիտական փոխօգնություն):
Շատ ուսումնասիրողներ Արտաշատի պայմանագիրը համարում են արդարացված, գտնելով, որ Տիգրանն այլևս ի զորու չէր դիմագրավել Հռոմին զինական ուժով: Ոմանք՝ Արտաշատի պայմանագիրը համարում են խայտառակություն և հրատապ կնքված պայմանագիր… Ինչևէ, այն շատ կարճ ժամանակ գործեց և քիչ անց Արևելքում իրադարձություններն այլ կերպ զարգացան և այդ պայմանագիրն ըստ էության՝ չգործեց…
ԵՌԱՆԴԻ ՀԱՇՏՈՒԹՅՈՒՆԸ (64 թվական)
Առաջին դարի կեսերին Հայաստանը գտնվում էր Հռոմի տիրապետության տակ: Հայաստանը հռոմեական ատելի տիրապետությունը թոթափելու համար դաշինք է կապում Պարթևական թագավորության հետ և վտարում հռոմեական զորքերը երկրից: Մեծ Հայքում գահ է բարձրանում Տրդատ Ա Արշակունին (54-88):
Հռոմեական մեծ բանակը 64 թվականին մտնում է Հայաստան, սակայն հայերը Եռանդի դաշտում (Հռանդեա) ծուղակ են պատրաստում, գերում ողջ բանակն ու նվաստացնելով հռոմեացիներին՝ նրանց զինաթափում են ու անցկացնում անարգանքի լծի տակով:
Հայաստան ժամանած հռոմեացի զորավար Կորբուլոնը Տրդատ Ա հետ Եռանդում եռակողմ՝ հայ-հռոմեա-պարթևական հաշտություն է կնքում.
Ա. Հռոմը ճանաչում է Տրդատի թագավորությունը Մեծ Հայքում, ուր հաստատվում է Արշակունիների թագավորությունը:
Բ. Մեծ Հայքի թագավորի թեկնածուին առաջադրում է Պարթևստանի արքան, հաստատում՝ Հռոմի կայսրը:
Գ. Տրդատ Ա անձամբ պետք է ժամաներ Հռոմ, ուր Ներոն կայսրը պետք է վավերացներ պայմանագիրն ու անձամբ թագադրեր Տրդատին:
Սա իր էությամբ դրական, առաջադեմ պայմանագիր էր հայոց համար, քանզի սույնով Հայաստանից վերացավ Հռոմի գերիշխանությունը և երկրում հաստատվեց Արշակունիների թագավորությունը: Իսկ երրորդ դարից սկսյալ՝ Արշակունիները լիակատար անկախացան թե Հռոմից, թե Պարթևստանից և Հայքում սկսեցին իշխել ժառանգաբար:
484 ԹՎԱԿԱՆԻ ՆՎԱՐՍԱԿԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ
481-484 թվականներին հայությունը ապստամբեց պարսկական տիրապետության դեմ Գայլ Վահանի՝ Վահան Մամիկոնյանի գլխավորությամբ: Ապստամբությունը հաղթական էր: Քառամյա պատերազմի արդյունքում պարսկական բանակը ջախջախված դուրս շպրտվեց հայոց երկրից: Քանի, որ պարսիկները պարտություններ էին կրել նաև Միջին Ասիայում՝ պարսից արքան զինադադար և հաշտություն խնդրեց: Հաշտության պայմանագիրը կնքվեց Վասպուրականի Նվարսակ գյուղում, համաձայն որի՝
Ա. Պարսիկները երբեք հավատուրացություն չեն պարտադրում հայերին:
Բ. Պարսիկները երբեք հայ հավատուրացներին առավելություն չեն տալիս քրիստոնյա հայ իշխողներից:
Գ. Հայերը ճանաչում են պարսից արքայի գերիշխանությունը առանց միջնորդության. Որևէ պարսիկ իշխանավոր իրավունքներ չուներ հայոց նկատմամբ:
Ըստ էության, սա պարտվողական պայմանագիր էր, քանզի պատերազմում հաղթանակած հայությունը ձեռք բերեց այն, ինչ ուներ արդեն պատերազմից առաջ: Սա այն դեպքերից է, որ ռազմադաշտում ձեռք բերած հաջողությունները չկարողացանք ամրագրել դիվանագիտության ասպարեզում, մինչդեռ՝ ռեալ հնարավորություն կար վերականգնելու հայոց թագավորությունը:
652 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՅ-ԱՐԱԲԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ
Երբ 7-րդ դարում ձևավորվեց արաբական աշխարհակալությունը, այն ձգվում էր Խաղաղ օվկիանոսից մինչև Ատլանտյան օվկիանոս՝ Իսպանիա և Պորտուգալիա: Արաբները ցանկացան գրավել նաև Հայաստանը, որպեսզի հարմար ռազմակայան ունենան իրենց գլխավոր թշնամու՝ Բյուզանդիայի դեմ:
Սակայն հայոց իշխան Թեոդորոս Ռշտունին հզոր հակահարված հասցրեց արաբներին ու ջախջախեց նրանց բանակը: Տեսնելով, որ հայոց երկիրը հեշտ չէ նվաճել, արաբները դաշինք առաջարկեցին Հայոց իշխանին: Կնքվեց հայ-արաբական պայմանագիր՝ հետևյալ կետերով.
Ա. Հայաստանը ճանաչում է արաբական խալիֆայության գերիշխանությունը: Հայերը 3 տարի ժամկետով ազատվում էին հարկ վճարելուց: Այս ժամկետը լրանալուց հետո վճարելու էին այնքան, ինչքան ցանկանային:
Բ.Արաբական արքունիքը հոգալու էր հայոց 15000-ոց այրուձիի ծախսը:
Գ.Արաբ ոչ մի պաշտոնյա Հայաստան չէր մտնելու:
Դ.Արաբները պարտավորվում էին ըստ հարկի ռազմական օգնություն ցուցաբերել հայերին:
Ըստ երևույթին՝ հայ ժողովրդի երբևէ կնքած ամենանպաստավոր պայմանագրերից մեկն էր.
արաբներն անգամ իրենք էին վճարելու Հայաստանին՝ հայոց այրուձիու ծախսերը հոգալու համար: Ցավոք, պայմանագիրը վիժեցվեց հայ եկեղեցու կողմից: Սեբեոս պատմիչն այն անվանում է «Պայմանագիր սատանայի հետ»:
Թեոդորոս Ռշտունին բանադրվեց եկեղեցու և հունամետ իշխանների կողմից, աքսորվեց Աղթամար կղզի և այնտեղ կնքեց մահկանացուն: Արաբները դա համարելով հայ-արաբական պայմանագրի խախտում՝ հարձակվեցին Հայաստանի վրա, նվաճեցին ու ավերեցին ողջ երկիրը:
719 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՅ-ԱՐԱԲԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ
Այս պայմանագիրը հայ-արաբական անվանել այնքան էլ ճիշտ չէ, քանի որ հայության կողմից այն կնքեց Հայ առաքելական եկեղեցին, հանձինս՝ Հովհաննես Գ Օձնեցի կաթողիկոսի: Սույնով հայոց կաթողիկոսը ցանկանում էր ամրապնդել հայ եկեղեցու դիրքերը աշխարհիկ իշխանության նկատմամբ: Դա ձեռնտու էր նաև արաբներին, քանզի հայոց իշխանները շարունակ ապստամբում էին արաբական տիրապետության դեմ: Արդյունքում կնքվում է պայմանագիր՝ հետևյալ կետերով.
Ա. Արաբները թեթևացնում են հայ եկեղեցու հարկային լուծը, դադարեցնում են կրոնական հալածանքները:
Բ. Կաթողիկոսը երաշխավորում է հայերի հնազանդությունը խալիֆայությանը:
Գ. Խալիֆը համաներում է հայտարարում ապստամբ հայ նախարարների նկատմամբ:
Դ. Արաբական խալիֆայությունը աջակցում է հայ առաքելական եկեղեցուն՝ քաղկեդոնականության և պավլիկյանների դեմ պայքարում:
Պայմանագրի արդյունքում՝
Ա. Հայ եկեղեցին ամրագրում է արաբների իրավունքները հայության և Հայաստանի նկատմամբ:
Բ. Հայ եկեղեցին արտոնություններ է ստանում (հարկային, դավանաբանական և այլն) խալիֆայությունից: Եկեղեցին, այլ ոչ հայությունը:
Գ. Հայ եկեղեցին լծվում է հայությանը արաբներին հնազանդեցնելու գործին, և դա անում է արաբական զորքի միջոցով:
Դ. Հայ ժողովուրդը արաբական հսկայածավալ կայսրության մեջ դառնում է… կրոնական համայնք:
Ահա այս տխրահռչակ պայմանագրի արդյունքները… (Շարունակելի):