Մինչ մայիսին Երևանում ցուցադրվելը Հովհաննես Այվազովսկու հայկական գործերի արտատպությունների ցուցադրությունը մեկ ամիս շարունակ բաց կլինի գյումրեցիների առջև՝ «Մերկուրովի տուն թանգարան»-ում:
Ծովանկարչի ծննդյան 200-ամյակին նվիրված հայկական թեմաներով նկարների մեծ մասը գտնվում է արտասահմանյան երկրներում, և այս ցուցադրության հիմնական նպատակը հենց այդ գործերը հանրությանը ներկայացնելն է:
Այս մասին նշեց ցուցադրության նախաձեռնող, հայտնի արվեստաբան Շահեն Խաչատրյանը, ով Հայաստանի ազգային պատկերասրահը հարստացրել է Այվազովսկու հայկական նկարներով, ալբոմներ ու գրքեր հրատարակել տարբեր երկրներում, նաև լույս ընծայել Գաբրիել արքեպիսկոպոսի գիրքը ռուսերեն առաջաբանով, որի նպատակն է ճանաչել տալ հանճարեղ ծովանկարչի եղբորը, ցուցադրել նրա դիմանկարը, նկատի ունենալով, որ մինչև օրս էլ շատերը Այվազովսկուն համարում են ռուս նկարիչ:
«Հայկական 100-ից ավելի նկարներ է ունի, բայց դրանք երբեք չեն ցուցադրվել: Այվազովսկու հայկական գործերի միակ ցուցադրությունը տեղի է ունեցել 1979 թվականին, երբ Խորհրդային 10 հանրապետությունից Երևան բերվեցին և Սարյանի թանգարանում ցուցադրվեցին նրա գործերը:
Այվազովսկու 200 ամյակն է և նրան շատերը ճանաչում են ոչ որպես հայկական նկարիչ. այդ էր պատճառոը, որ հրատարակեցի Այվազովսկու 200 ամյակին նվիրված գիրք նաև ռուսերենով, որտեղ ներկայացված են նաև նկարչի հայկական նկարները: Այվազովսկին բացառիկ հայ նկարիչ է»,- նշեց Շահեն Խաչատրյանը:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»–ը, Ցուցադրությանը ներկայացված են Այվազովսկու՝ «Արաքս գետը և Արարատը», «Ինքնադիմանկար», «Արարատ.քարավան», «Ոչխարի հոտը փոթորկին», «Նոյը իջավ Արարատից», «Սևանա լիճ» և այլ նկարներ, ինչպես նաև Այվազովսկու եղբոր՝ Գաբրիել արքեպիսկոպոսի դիմանկարը և «Քաոս. Աշխարհի արարումը» նկարը. 24 տարեկանում ստեղծված այս պատկերի համար Այվազովսկին պարգևատրվել է ոսկե մեդալով և եվրոպայում ընտրվել չորս ակադեմիաների անդամ: Նկարի բնօրինակն այս պահին Մխիթարյան թանգարանում է:
Արմենուհի Մխոյան