ՀՀ մշակույթի նախարարությունը մարտի 28-ից պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող քարանձավները զբոսաշրջության նպատակով վարձակալության տրամադրելու մրցույթ է հայտարարել: Վարձակալության կտրվեն հետևյալ քարանձավները` Վայոց ձորի մարզի Գնիշիկի համայնքի վարչական տարածքում գտնվող «Մագելանի», Արենի համայնքի վարչական տարածքում գտնվող «Արենի 1» («Թռչունների»), Արփի համայնքի վարչական տարածքում գտնվող «Արջի», «Մոզրովի» և Արագածոտնի մարզի Աղձք համայնքի վարչական տարածքում գտնվող «Քարե դռներ» քարանձավները: Այս մասին «Արմենպրես»–ի թղթակիցը զրուցեց ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման բաժնի պետ Սուրեն Շաքարյանի հետ:
«Մրցույթի գլխավոր նպատակը Հայաստանում զբոսաշրջության զարգացումը խթանելն է: Այս նախաձեռնությունը կարող է նպաստել նաև երկրի տնտեսական զարգացմանն ու աշխատատեղերով ապահովել մարդկանց մի ստվար զանգվածի»,- նշեց Շաքարյանը:
Քարանձավները զբոսաշրջության նպատակով օգտագործման հանձնելու հարցը բարձրացվել է 2015 թվականի դեկտեմբերին և կառավարությունը հաստատել է այն:
Սկզբում նախատեսված է եղել վարձակալության հանձնել «Մագելանի» քարանձավը, սակայն հետո մրցույթում ընդգրկվել են ևս չորսը:
Կառավարության որոշմամբ` քարանձավներն ընտրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ստեղծված աշխատակազմը: Վարձակալությամբ կտրվեն այն քարանձավները, որոնք ընդգրկված են պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում և առավել դիտարժան են:
Մրցույթի մասնակիցներին ներկայացվել են տարբեր պահանջներ ու պայմաններ:
Ըստ այդմ` մրցույթին մասնակցող անձինք կամ կազմակերպությունները առաջին հերթին պետք է քարանձավների օգտագործման ներդրումային ծրագիր ներկայացնեն: Կարևորվում են նաև ֆինանսական հնարավորությունների հարցը և աշխատանքային ռեսուրսների առկայությունը:
Շաքարյանի խոսքով՝ քարանձավներն ունեն երկրաբանական եզակի կառուցվածք, ժամանակի ընթացքում ձևավորված ներքին և արտաքին միջավայր, էկոհամակարգ: Ուստի պետք է բազմաթիվ գործոններ հաշվի առնել դրանք վարձակալելու դեպքում:
Բոլոր քարանձավները որոշակի վտանգ են ներկայացնում. դրանց մի մասում խոր ուսումնասիրություններ չեն կատարվել, և կարող են քարաթափեր լինել:
Հաղթող կազմակերպության կազմում անպայման պետք է լինեն կենսաբան կամ բնապահպան, քարանձավագետ, աշխարհագրագետ, երկրաբան և հնագետ՝ քարանձավների հետ կապված խնդիրները լուծելու համար:
«Պահանջները մշակել ենք ՀՀ ԳԱԱ երկրաբանության ինստիտուտի համապատասխան մասնագետների, քարանձավագիտական կենտրոն ՀԿ-ի հետ: Մասնակիցը պետք է ներկայացնի ծրագիր, որը դեռ նախագիծ չէ: Այն ավելի մանրակրկիտ կմշակեն վերը նշված մասնագետները: Նրանց ցուցումների հիման վրա կորոշվի, թե քարանձավի, որ հատվածն ինչ նպատակով է անհրաժեշտ օգտագործել, հնագիտական շերտերի առկայության դեպքում իրենք ի՞նչ տեսական, պահպանական կամ այլ միջոցառումներ պետք է իրականացնեն:
Հաղթողը պետք է 1,5 տարվա ընթացքում ներկայացնի բոլոր այն միջոցառումների ցանկը, որոնք պատրաստվում է իրականացնել: Ներդրումային ծրագրերը կքննարկվեն ՀՀ մշակույթի նախարարության փորձագիտական հանձնաժողովում, որը կազմված է բնապահպան մասնագետներից, հնագետներից, քարանձավագետներից…Նրանցից յուրաքանչյուրն իր մասով է գնահատելու ծրագիրը»,-ասաց նա:
Սուրեն Շաքարյանն ընդգծեց, որ ՀՀ մշակույթի նախարարությունը վերահսկելու է քարանձավներում իրականացվող գործընթացները: «Նախարարության տարածքային մասնագետները պարբերաբար կայցելեն քարանձավներ՝ գնահատելու, թե որքանով է մրցույթը շահած անձը կամ կազմակերպությունը պատշաճ կատարում ստանձնած պարտականությունները»,- եզրափակեց նա:
Մրցույթի անցկացման համար հայտերն անհրաժեշտ է ներկայացնել 45-օրյա ժամկետում: Քարանձավները կարող են տրամադրվել քսանհինգ տարով:
Անժելա Համբարձումյան