Այս հոդվածում փորձ է արվում վեր հանել Ֆրանսիայում ապաստան հայցող հայերի կյանքի, ապաստան հայցելու գործընթացի և դրան ուղեկցող սոցիալական պայմանների մասին որոշ մանրամասներ, բարձրաձայնել այն խնդիրների մասին, որոնց ՀՀ քաղաքացիններն անխուսափելիորեն բախվում են այլ երկրներում ապաստան հայցելու գործընթացում: Եվ քանի որ մինչև Հայաստանը լքելը նրանք այդ խնդիրները կանխատեսել չեն կարող, ապա արդեն տվյալ երկիր հասնելիս նրանք կանգնում են փաստի առաջ և հայտնվում տնտեսական, սոցիալական և հոգեբանական ծանր կացության մեջ:
Հոդվածում ներկայացված դիտարկումները կատարվել են մեր կողմից անցկացվող հետազոտության տվյալների հիման վրա : Հետազոտությունը վերաբերում է Ֆրանսիայում ապաստան հայցող հայերի մոտ արտագաղթի հոգեբանական տրավմային և դրա հաղթահարման մշակութային գործոններին : Հետազոտությունը ֆինանսավորվում է Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի կողմից։
Ֆրանսիայում ՀՀ քաղաքացիների ապաստան հայցելու մասին վերջին վիճակագրությունները վկայում են, որ 2015 թվականին ապաստան հայցելու դիմումները 16% աճ են գրանցել՝ 2014թ.-ի համեմատ: Սակայն ՀՀ քաղաքացիների կողմից ապաստան հայցելու բոլոր դիմումների ընդամենը 5,1%-ն է դրական պատասխան ստանում, իսկ մերժումները դատարանում բողոքարկելու արդյունքում դրական պատասխանների թիվը հասնում է 8,4%-ի:
Մերժումների այս մեծ քանակը մասնագետների կողմից բացատրվում է նրանով, որ 2011 թվականի դեկտեմբերից Հայաստանը ներառվել է «Ապահով երկրների» («Pays d’origine sûr») ցուցակում. դրանք այն երկրներն են, որտեղ հարգվում են մարդու ազատության, դեմոկրատիայի սկզբունքները, մարդու իրավունքները և հիմնական ազատությունները: Համաձայն Ֆրանսիայի՝ «Արտասահմանցիների մուտքի, կեցության և ապաստանի իրավունքի մասին» օրենքի (CESEDA) L741-4 հոդվածի՝ Ֆրանսիայում ապաստան հայցող արտասահմանցու ընդունելությունը կարող է մերժվել, եթե այդ արտասահմանցին «Ապահով երկրի» քացաքացի է: Գործում է նաև ապաստանի հայցման Դուբիլինյան ընթացակարգը, այսինքն ապաստան հայցող ՀՀ քաղաքացին Ֆրանսիայի տարածք է մուտք գործում Հայաստանից տարբեր որևէ երկրի տարածք մուտք գործելուց հետո՝ հիմնականում ԵՄ երկրներից որևէ մեկի տարածքը հատելով: Այս ընթացակարգի շրջանակներում տվյալ միջանկյալ երկիրը կարող է պահանջել նրա վերադարձը և ապաստան տալ նրան: Սակայն Ֆրանսիա մուտք գործելուց հետո Հայաստանի քաղաքացիները, թեկուզ և միջանկյալ երկրի պահանջից հետո, որպես կանոն, մնում են Ֆրանսիայի տարածքում ապօրինի կարգով:
Լիլիթ Մնացականյան,
PhD ուսանող, Լիոնի Լյումիեր համալսարանի
Հոգեախտաբանության և կլինիկականհոգեբանության հետազոտական կենտրոն
Ամբողջությամբ՝ hetq.am