Իսպանիայի հավաքականը եղել և շարունակում է մնալ դրախտավայր իսկական գոլահարների համար: Չկա հարձակվող, որ չերազի խաղալ Պրիմերայում: Երազել են, երազում են ու կերազեն շատերը: Ավելի ճիշտ` բոլորը:
Հետաքրքիրն այն է, որ չնայած հարյուրավոր ռմբարկուների առկայությանը, «տեղական արտադրության» գոլահարներն Իսպանիայում միշտ էլ քիչ են եղել: Մինչև վերջերս հավաքականի հույսը Ռաուլն ու Ֆեռնանդո Մորիենտեսն էին: Վերջին տարիներին սկսեցին հույսեր կապել Ֆեռնանդո Տորրեսի հետ, իսկ այսօրվա դրությամբ բոլորի մտքում Դավիդ Վիլյան է:
Մեր հերոսի հայրը` Խոսե Մանուել Վիլյան, հիշում է, որ տղան ֆուտբոլով տարվել է մանկուց, եթե ոչ ծնված օրվանից: Դա այդպես է գրեթե բոլոր աստղերի մոտ: Դպրոցից հաճախակի բացակայելը, տնից փախչելը, վատ աշակերտի համբավը… և այդ ամենը` հանուն ֆուտբոլի:
Չորս տարեկան հասակում փոքրիկ Դավիդը ստացավ ֆուտբոլային իր առաջին վնասվածքը: Նրա վրա ընկավ իրենից տարիքով մեծ և գեր մի տղա, ինչի արդյունքում կոտրվեց Դավիդի ձախ ոտքը: Կես տարի փոքրիկը ստիպված էր ապրել վիրակապով: Հոր օգնությամբ տղան շուտ ոտքի կանգնեց և 6 ամիս անց նորից վազվզում էր:
10 տարեկան հասակում Դավիդն ուղևորվեց «Օվիեդոյի» մանկապատանեկան դպրոց, քանի որ Վիլյաների ընտանիքը հենց այդ թիմին էր երկրպագում։ Սակայն դա փոքրիկին չօգնեց. նրան չընդունեցին մարզադպրոց՝ պատճառաբանելով, որ ֆիզիկապես թույլ է: Հիասթափությունը, սակայն, մեծ չէր, քանի որ արդեն հաջորդ օրը նրան վերցրեց «Լանգրեոն»: Այդ մարզադպրոցում նա անցկացրեց 9 տարի, որոնցից յուրաքանչյուրում խփեց 20-ից ավելի գոլ: Խաղերից մեկում, երբ 13-ամյա Վիլյան դարձավ հեթ-տրիկի հեղինակ, Խոսե Մանուելին մոտեցավ հարուստ հագուկապով մի սինյոր և ասաց. «Խնայիր այս փոքրիկին, նրան մեծ ապագա է սպասվում»: Ի՞նչ իմանար Վիլյա-ավագը, որ այդ անձնավորության ասածն իրականություն պիտի դառնար: 18 տարեկան հասակում նույնիսկ Խիխոնի «Սպորտինգ» հրավիրվելը մեծ երազանք էր թվում: 2 տարի փոխարինողների կազմում անցկացնելուց հետո Վիլյան 2001/2002 մրցաշրջանը սկսեց Սեգունդայում հանդես եկող «Սպորտինգի» հիմնական կազմում և խփեց 18 գոլ: Հաջորդ տարի նրա ցուցանիշն աճեց՝ 20 գոլ: Նորեկի նկատմամբ հետաքրքրություն սկսեցին ցուցաբերել Պրիմերայի մի շարք թիմեր, սակայն միայն «Սարագոսայի» մոտ խոսքն ու գործն իրար համընկան:
Գոլ գոլի ետևից, և Վիլյան ավելի շատ սկսեց հայտնվել հեռուստաէկրանին: Ամենահիշարժան գոլը Դավիդը խփեց Թագավորական գավաթի խաղարկության եզրափակիչում` Մադրիդի «Ռեալի» դարպասը, ինչի շնորհիվ «Սարագոսան» տիրացավ պատվավոր գավաթին: «Սարագոսայի» միակ սխալն այն եղավ, որ Դավիդ Վիլյային որոշեցին վաճառել, այն էլ՝ ընդամենը 12 մլն եվրոյով: Իսպանացի հարձակվողի նոր թիմը դարձավ «Վալենսիան», որտեղ Վիլյան միանգամից արդարացրեց բոլորի սպասելիքները` առաջին իսկ մրցաշրջանում խփելով 25 գոլ և ընդամենը մեկով հետ մնալով «Պիչիչի» մրցանակակիր Սամուել Էտո՚Օյից: Բնական է, որ նման հարձակվողին ուշ թե շուտ կհրավիրեն հավաքական: Ընդամենը 2 ընկերական խաղի մասնակցելուց հետո Վիլյան ընդգրկվեց Աշխարհի առաջնությանը մասնակցող ֆուտբոլիստների ցուցակում:
Լուիս Արագոնեսի 4-3-3 մարտավարությունը Վիլյային տեղ երաշխավորեց Ազգային թիմի հիմնական կազմում: Ուկրաինացիների հետ կայացած առաջին իսկ խաղում Վիլյան դարձավ դուբլի հեղինակ: Առաջին գոլը խփեց տուգանայինից, իսկ երկրորդը՝ հստակորեն իրացված 11 մետրանոց հարվածով: Եվս մեկ անգամ իսպանացի հարձակվողն աչքի ընկավ 1/8 եզրափակիչ փուլի ֆրանսիացիների հետ խաղում:
Այդ օրերից սկսած` Վիլյան դարձավ Իսպանիայի հավաքականի հարձակման գծի առաջատարը: Գուցե սրանով է պայմանավորված հավաքականի կազմից Ռաուլի դուրս մնալը: «Եվրո 2008»-ի ընտրական մրցաշարի հունիսի 6-ին Լիխտենշտեյնի հավաքականի հետ կայացած խաղում Վիլյան դարձավ 2 գոլի հեղինակ` մրցաշարում իր խփած գոլերի քանակը հասցնելով 7-ի: Համոզված եմ, որ այդ թիվը դեռ կաճի, ինչին նպաստում է նաև այն, որ Վիլյան հավաքականի հարձակման գծում խաղում է իր թիմակից Ֆեռնանդո Մորիենտեսի կողքին: 2006/2007 մրցաշրջանը «Վալենսիայի» համար հաջողված համարել չի կարելի: «Չղջիկները» զբաղեցրին միայն 4-րդ տեղը, իսկ Վիլյան խփեց ընդամենը 15 գոլ և լավագույն ռմբարկուների մրցապայքարում Ռաուլ Տամուդոյի և Ֆեռնանդո Բայանոյի հետ կիսեց 6-8-րդ հորիզոնականները: Ռաուլ Տամուդոյի 15 գոլի համար «Էսպանյոլցիները» գուցե և «Մոնժուիկ» մարզադաշտում նրա արձանը կկանգնեցնեն, իսկ ահա Վիլյայի 15 գոլը… գնահատվեց անբավարար: Իսպանիայի հարձակվողից սպասելիքները շատ են: Այլապես ինչպե՞ս բացատրել «Վալենսիայի» նախագահ Խուան Սոլերի կողմից սահմանված 150 մլն եվրո տրանսֆերային արժեքը:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ
Սիրած զբաղմունքը` ֆուտբոլ և համակարգչային խաղեր
Ամենալավ հուշը` Իսպանիայի գավաթի տոնած հաղթանակը
Երազանքը` դառնալ Աշխարհի չեմպիոն
Սիրած մարզիկը` Ֆեռնանդո Ալոնսո
Սիրած ֆուտբոլիստը` Ալբերտո Սապատեր
Ֆուտբոլային կուռքերը` Կինի, Խուանելե, Լուիս Էնրիկե
Սիրած ամսագիրը` «Don Balon»
Սիրած գիրքը` «Դա Վինչիի ծածկագիրը»
Սիրած ուտեստը` «Ֆաբատա» ¥ուտեստ մակարոնից¤
Սիրած քաղաքը` Խիխոն
Սիրած հանգստավայրը` Իբիցա կղզի։
Շարքը վարում է Սենիկ Կարա-Պողոսյան
«3 Միլիոն»