Մտավորականությունը պետք ունի խելք ամբարելու
Advertisement 1000 x 90

Մտավորականությունը պետք ունի խելք ամբարելու

«Ուտոպիանա» մշակութային հասարակական կազմակերպությունն իր «Ստեղծագործարան» ծրագրի շրջանակներում դասախոսությունների է հրավիրում տարբեր ռեժիսորների, գրականագետների, արվեստաբանների, փիլիսոփաների: Հունվարի 31-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում «Առասպել, արվեստ և քաղաքականություն» թեմաներով 4 հանդիպումներ անցկացվեցին Բեյրութից ժամանած ականավոր գրականագետ Մարկ Նիշանյանի հետ: 62-ամյա ալեհեր պրոֆեսորը մեզ համար էլ ժամանակ գտավ ու պատասխանեց «3 Միլիոնի» հարցերին:

 

– Հաճա՞խ եք լինում Հայաստանում:

– Տարին մեկ անգամ Հայաստան կուգամ, երբեմն՝ 2, ոչ շատ, ու ընդհանրապես՝ շատ կարճ ժամանակով՝ մոտ 10 օր: Այս անգամ՝ 15 օր՝ ամենաերկարն էր:

– Ակնառու փոփոխություններ նկատո՞ւմ եք:

– Հայաստանը շատ շուտ-շուտ չեմ նայե: Կքայլեմ տունես մինչև հոս, և վերադարձ տուն, վերջ: Մարդկանց դեմքերի՞ն. անկեղծորեն ես իմ բարեկամներս կտեսնեմ. կա՛մ երջանիկ են, կա՛մ ոչ:

– Շուրջ 12 տարի ապրել եք ԱՄՆ-ում: Արդյո՞ք այնտեղի հայերն իրենց ազգային դիմագիծը պահպանում են:

– Իմիջիայլոց, հայերը, որ Ամերիկա կերթան, շատ լավ կխառնվին բնակչությանը, ժողովրդին: Այնպես որ, հայերն ամեն տեղ կրնան իրենց ճամփան գտնել: Շատ արագ անգլերեն ալ կսորվին, իմիջիայլոց: Իրանց տղաքն ալ հայկական դպրոց չեն ղրգեր, որպեսզի ավելի շուտ ամերիկացի դառնան: Պարսկահայերը երբեմն իրենց տղաներին կղրգեն, բայց հայաստանցի հայերը՝ երբեք: Բայց օր մը այս ամբողջը պիտի փոխվի, անշուշտ: Ասիկ այս օրվան կացությունն է: Մեր դժբախտությունն այն է, որ իրարու հետ կապ չեն պահեր, նաև՝ արևմտահայերու, սփյուռքի փորձառութենեն չեն օգտվիր: Ադ ալ կփոխվի, հավանաբար… թեև այդ կկասկածիմ:

– Դուք 1994-2007թթ. դասախոսել եք Նյու Յորքի Կոլումբիա համալսարանում: Ինչպե՞ս կբնութագրեք Ձեր ուսանողների գիտական մակարդակը:

– Ամերիկյան համալսարանները մեր գիտցած եվրոպական կամ այստեղի համալսարաններից շատ տարբեր են: Կան շատ հարուստ համալսարաններ, և կան պետական համալսարաններ, որոնք հարուստ չեն: Կոլումբիան Ամերիկայի լավագույն համալսարաններեն մեկն է, ոչ ամենահարուստը, բայց ադոնց մաս կկազմե: Ամեն համալսարան կընտրե իր ուսանողները. խենթանալիք ընտրելու սիստեմ մը կա: Համալսարանները կմրցին, կվիճին իրարու հետ, որպեսզի լավագույն ուսանողներն ունենան: Կոլումբիան գեշ չէ, և ուսանողները շատ լավն են, ընդհանրապես, որովհետև գրել գիտեն, լեզու գիտեն, մտածել գիտեն:

– Ինչպե՞ս եք ներկայացնում հայ գրականությունը Ձեր դասախոսությունների ընթացքում: Ստացվո՞ւմ է հինը կարդալ նորի մեջ:

– Ժամանակակից իրականության մեջ կեսի բաժնված էր. մաս մը, որ ոչ հայկական դասեր էին՝ ընդհանրապես փիլիսոփայական, և մյուս կեսը, որ հայկական դասեր էին: Մեկը մյուսին շատ լավ կամբողջացներ, որովհետև հայ գրականության մասին դասընթացներ տալու համար պետք է աշխարհեն լուր ունենալ և աշխարհի մասին լուր ունենալու համար պետք է գիրք կարդալ, դասավանդել:

– Ֆրանսիայի և ԱՄՆ-ի համալսարաններում դասախոսելուց հետո այժմ աշխատում եք Բեյրութի Հայկազյան համալսարանում: Դա ինչո՞վ է պայմանավորված:

– Այս մեկ տարվան Բեյրութ եմ՝ միայն իբրև «visiting professor» Հայկազյան համալսարանում:

– Այսինքն՝ կրկին վերադառնալո՞ւ եք Ամերիկա:

– Ապագան մութ է…

– Իսկ Բեյրութի Հայկազյան համալսարանից ի՞նչ կպատմեք:

– 1975-ին Բեյրութը հայության ամենա-բարգավաճ գաղութն էր… Սակայն պատերազմը 16 տարի տևեց և ամբողջ հայությունը պարպեց. անշուշտ, չպիտի մնային ռումբերուն տակ: Մտավորականության մեծ մասն էլ գաղթեց Լոս Անջելես: Այնպես որ, այսօր հայկական Բեյրութը նախկին Բեյրութ չէ այլևս… Դպրոցները կան, բայց կկաղան: Ուսուցիչները լավ չեն վճարվիր և այլն: Հայկազյան համալսարանը միակ հայալեզու համալսարանն է Միջին Արևելյան շրջանին մեջ:

– 1980-ին հիմնադրեցիք և առաջին անգամ հրատարակեցիք «ԿԱՄ» վերլուծական հանդեսը: Ի՞նչ նկատառումներ ունեիք:

– Կուզեի սփյուռքին մեջ մտավորական բարձր մակարդակով հանդես մը ընել, որ իր շրջապատով շատ չհետաքրքրվիր, այլ միայն իր՝ քիչ մը գրական, քիչ մը փիլիսոփայական, քիչ մը վերլուծական հարցերով և կարևոր թարգմանություններով զբաղվեր: Այսինքն՝ արևմտյան աշխարհը լսել, ընկալել հայերենով: Այդ է նպատակը:

– Ի՞նչ պարբերականությամբ էր այն լույս ընծայվում…

– 1980-86թթ. 3 հավաքական հատորներ հանեցի, հետո 17 տարի ընդմիջեցի, որովհետև կփակվեր, այլևս հոգնած էի և զզված: 2002-ին ուժերս վերագտա և վերսկսած եմ. 5-ը կա, 6-ը և 7-ը այս տարի պիտի լույս տեսնի, և երթալով՝ ավելի փիլիսոփայական: Գիրքը կտպենք մոտավորապես 500 օրինակով:

– Ի՞նչ կմաղթեք հայ հասարակությանն ու հայ ընթերցողին:

– Խելք, միայն խելք, ուրիշ ոչինչ: Խելացի ըլլալ և աշխարհին հետ կապ ստեղծել:

Այդ խելքի պակասն այսօր մենք շատ ենք զգում: Ուզում եմ գավառականութենեն դուրս ելնել, նվազ գավառական ըլլալ: Ամբողջ հայությունը աշխարհի երեսին գավառական վիճակի մեջ է. մտավորական հայությունը, կուզեմ ըսել, մնացածը զիս չի հետաքրքրե. ամեն մարդ կապրի իր ուզած ձևով: Բայց մտավորականությունը պետք ունի խելք ամբարելու. այս է, որ կմաղթեմ…

Զրուցեց Անի Մաթևոսյանը

«3 Միլիոն»