Ես շատ սիրում եմ «Քեզ համար Հայաստան» երգը. Էմմա Պետրոսյան. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Ես շատ սիրում եմ «Քեզ համար Հայաստան» երգը. Էմմա Պետրոսյան. life.panorama.am

Le Club de Richard Findykian ռադիոհաղորդաշարին Շառլ Ազնավուրի հյուրընկալվելուց և այնտեղ Հայաստանի օրհներգը փոխելու հետ կապված հնչեցրած հայտարարությունից հետո մեր երկրում կարծես թե հասարակությունը բաժանվել է երկու բանակի: Աշխարհահռչակ երգիչը նշել է.

«Հայաստանի այժմյան օրհներգն առանձնապես ոչինչ չի ասում և, հնարավոր է, Pour toi Arménie-ն («Քեզ համար Հայաստան»-ը) նոր օրհներգը դառնա: Դա այն է, ինչ ես ուզում եմ: Նախագահ Սերժ Սարգսյանը համաձայն է ինձ հետ, և ոչ միայն նա»:

1991-ից գործող` ՀՀ օրհներգը փոխե՞լ, թե ոչ: Վրջին օրերին սա ամենաքննարկվող հարցն է:

Life.panorama.am-ը լսել է ՀՀ վաստակավոր արտիստուհի Էմմա Պետրոսյանի կարծիքը:

«Գիտեք, մեր գործող օրհներգի նկատմամբ շատ տարբեր է մարդկանց վերաբերմունքը: Այն արդեն երկար տարիներ է, մեր հիմն է, ու ինչպես ասում են` երկար լսելուց հետո ականջդ ասես սովորում է դրան: Ես առանձնապես չեմ ըմբոստանում մեր հիմնը լսելիս, շատ հարգում եմ այն, ինքս ոտքի եմ կանգնում, երբ հնչում է և վերջապես ինձ վաղուց բերել եմ այն մտքին, որ բացի իմ կարծիքից, կա համայն հայության կարծիքը, սակայն, միաժամանակ, չեմ կարող չնշել, որ այն երաժշտական կառուցվածքի իմաստով սխալ հնչյունաբանություն ու շեշտադրումներ ունի: Ողջ երգի ընթացքում այն վեր ու վար է իջնում, իսկ աշխարհի բոլոր հիմները կառուցվում են վեր բարձրանալու սիստեմով, դրանցում մեղեդիական գծի շարահյուսության վեր շարժումը ոտքի է բարձրացնում յուրաքանչյուրին: Այնուամենայնիվ, այս երգն արդեն կա, ողջ աշխարհը գիտի, ու հիմա քննադատել չեմ ուզում»,- նշեց Էմմա Պետրոսյանն ու շարունակեց.

«Ինչ վերաբերվում է Շառլ Ազնավուրի երգին, այն շատ գեղեցիկ երգ է և իր մեջ ունի հիմնի մտածողություն: Ես շատ հարգում ու սիրում եմ «Քեզ համար Հայաստան» երգն, ու դեմ չեմ լինի, եթե այն դառնա Հայաստանի Հանրապետության օրհներգը»:

Մեր նկատառմանը, որ հասարակությունը մշտապես նորություններին դժվար է հարմարվում ու ընկալում, և հարցին, թե ըստ երգչուհու հայ ժողովուրդը պատրա՞ստ է նոր օրհներգի, պատասխանեց.

«Փոփոխության տարբերակներ կան: Լինում են դեպքեր, երբ դրանք ըմբոստության ալիքներ են իրենց մեջ պարունակում, և չեն էլ կարող դրանք չլինել, քանի որ բացի գիտակցությունից, ունենք նաև հուզական աշխարհ, որը կամ միանում է երգին, կամ` ոչ: Կան երգեր, երբ լսելիս արդեն իսկ փշաքաղվում ես, հուզվում, քար ես կտրում, բայց կան երգեր, որոնք այս զգացողությունները չեն արթնացնում մարդու մեջ: Այսինքն` մինչև միանում է գիտակցությունդ, երգի նկատմամբ վերաբերմունքդ արդեն իսկ ձևավորվում է: Նույն կերպ օրհներգում` անկախ նրանից, թե որ երգը կընտրվի, կարևոր է, որ երգը լսելիս, մարդիկ զգան երկրի ուժը: Եթե երգը ճիշտ է կառուցված, օժտված է միավորելու հատկությամբ,  մարդիկ չեն ըմբոստանա, փոխարենը կմիանան դրան»:

 



Նման նյութեր