Ասա ինչպիսի հանգիստ ես նախընտրում՝ ասեմ ով ես դու: Որքան էլ զավեշտական, բայց հենց այսպիսին է մերօրյա մարդու նորագույն բնութագրիչներից մեկը: Այդուհանդերձ, գոնե մեր հասարակությունում՝ այս հարցը փոքր-ինչ տարօրինակ է հնչում: Մարդկանց զգալի մասը պարզապես հանգստանալու չի մեկնում և չի էլ մտածում` ինչպիսի հանգստի կարիք ունի: Մյուս մասին էլ այս հարցը հավանաբար չի հուզում, որովհետև կա արդեն տարիներով «փորձարկված», հարմարեցված տարբերակ` մեկնել ծովափ կամ եվրոպական ինչ-որ երկիր` տուրիստական ձանձրալի ծրագրով, որտեղ ամեն ինչ ձեր փոխարեն արդեն մտածել են: Գուցե կարելի է հասկանալ մարդուն, ով ողջ տարին չարչարվել է և այժմ պարզապես ցանկանում է 2 շաբաթ չմտածել, չչարչարվել ու փռվել հյուրանոցի փափուկ մահճակալին: Այդ մարդուն հասկանալ կարելի է, եթե, ասենք, նա ֆիզիկական աշխատանք է կատարել:
Իսկ եթե մարդը տարվա ընթացքում 304 օր անցկացնում է գրասենյակում նստած, ինչո՞ւ չի գնում ակտիվ հանգստի՝ մարմնին սարը (պետք չէ պատկերացնել Էվերեստը) բարձրանալու հաճույքը պարգևելով, քայլելով ու քնելով ծաղկաշատ դաշտում` անսահման էներգիա ստանալով նրանից: Ակտիվ հանգստի համար Հայաստանը միանշանակ հրաշալի երկիր է: Ուզում ես սուզվես ջրի հատա՞կը, ուրեմն գնա Սևան, ուզում ես ոտքիդ տակ առնել լեռնե՞րը` անցիր Սյունիքով և Արցախով:
Հայաստանում ցանկացած ճաշակի բլուր բոլորի համար էլ կգտնվի: Վրանդ կարող ես խփել գրեթե ամենուր` անտառում կամ գետի ափին, չվախենալով աֆրիկյան մրջյունների և ցեցե բզեզների գիշատիչ հարձակումներից: Եթե դուք ուզում եք այսպիսի հանգստի գնալ, բայց այնուհանդերձ կարիք ունեք քաղաքակիրթ պայմանների` ուրեմն Կապանի մոտակայքում գործող էկոճամբարը հենց ձեր համար է: Սյունիքի մարզկենտրոնի մոտակայքում` բարձունքի վրա ստեղծվել է աննախադեպ էկոճամբար: «Ճամփորդը» զրուցել է ճամբարի հիմնադիրների` կապանցի Արմեն Ղազարյանի և նրա կնոջ` գյումրեցի Սիրանուշ Վարդանյանի հետ: Արմենը պրոֆեսիանալ մերսող է, աշխատել է Սոչիում և 2013 թվականին վերադարձել Կապան: Սիրանուշն անգլերենի ուսուցչուհի է: Ռուսաստանի հայաշատ քաղաքում ծանոթանալուց ու Կապան վերադառնալուց նրանք մտածել են հողագործությամբ զբաղվելու մասին: Գնել են հողակտոր( որտեղ էլ այժմ էկոճամբարն է) և սկսել են հողագործությամբ զբաղվել:
«2013 թվականի դեկտեմբերին գնեցինք հողամասը: Սկզբից պարզապես այգեգործությամբ էինք զբաղվում: Մտածում էինք բույսեր աճեցնելու և զուգահեռաբար մերսման փոքր կետ աշխատացնելու մասին: Տուրիզմի մասին չէինք էլ մտածում: Սակայն մի օր շատ զվարճալի դեպք պատահեց: Կինս գյումրեցի է: Մեր ամուսնությունից հետո քույրը Գյումրիից պետք է գար Կապան: Հարցրեց՝ Կապանն ասֆալտապա՞տ է(ծիծաղում է,-խմբ), թե՞ ոչ: Դա էլ մեզ հարկադրեց զբաղվել «բրենդինգով»: Որոշեցինք Կապանի մասին «լիարժեք ու հավաստի» ինֆորմացիան տարածելՀայաստանում և այլուր: Ճամբարի կառուցման աշխատանքները սկսել ենք մեկ տարի անց: Այժմ ունենք 1500 քառակուսի մետր մակերես զբաղեցնող հողամաս, որի վրա էլ տեղակայել ենք երեք փոքրիկ տնակները: Ունենք վրանային ճամբարի համար նախատեսված տարածք ու տնկած բազմաթիվ բույսեր», – պատմում է Արմենը:
Ամբողջությամբ՝ champord.am