Ժարդել. գոլերը լինում կարևոր և վճռորոշ
Advertisement 1000 x 90

Ժարդել. գոլերը լինում կարևոր և վճռորոշ

Կար մի պահ, երբ եվրոպական, հնարավոր է՝ նաև համաշխարհային ֆուտբոլում չկար ավելի կայուն արդյունավետությամբ աչքի ընկնող մեկ այլ հարձակվող, քան մեր այսօրվա հերոսը: Վերջին մի քանի տարիների ընթացքում նրա միջին արդյունավետությունն անցնում էր մեկ գնդակի սահմանագիծը: Այնուամենայնիվ, նրա հայրենիքում` Բրազիլիայում, մոռացել էին տաղանդավոր հարձակվողի գոյության մասին, և, ինչպես երևաց, հիշել այդպես էլ չցանկացան…

Մարիո Ժարդելը ծնվել է 1973թ. սեպտեմբերի 18-ին, Ֆորտալեզեում: Ամենահետաքրքիրն այն է, որ բրազիլացի ֆուտբոլիստն իր կարիերան սկսել է որպես դարպասապահ: Ժարդելի առաջին մարզիչը, նրա մեջ տեսնելով դարպասապահներին բնորոշ խաղաոճ, միանգամից որոշում է պատանու ամպլուան՝ դարպասապահ։ Սակայն այդ ժամանակահատվածը շատ կարճ է տևում, քանի որ հետագայում պարզ է դառնում, որ Մարիոյի մոտ ավելի լավ էր ստացվում գնդակը մրցակցի դարպասն ուղարկելը, քան սեփական դարպասն անառիկ պահելը:

Ֆորտալեզեն Բրազիլիայի հյուսիսում գտնվող Սեստա նահանգի մայրաքաղաքն է: Մարիո Ժարդելը, մինչև 17 տարեկան դառնալը, հանդես է եկել այդ նահանգի «Ֆերրովիարո» թիմի կազմում: Ամեն օր նա արթնանում էր առավոտյան ժամը 6-ին, որպեսզի դպրոց հաճախեր, իսկ դասերը վերջացնելուց հետո, ճանապարհին 4 ավտոբուս փոխելով, շտապում էր մարզադպրոց: 1992 թվականին 17-ամյա Ժարդելը «Վասկու դա Գամայի» հետ կնքեց իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը։ Այս թիմի կազմում մեր այսօրվա հերոսը 1992 և 1993 թվականներին դարձավ Ռիո դը Ժանեյրո նահանգի երիտասարդների չեմպիոն: Ժարդելի տաղանդը գնահատվեց բոլորի կողմից, և բրազիլացի հարձակվողը 1993թ. իր երկրի երիտասարդական հավաքականի կազմում մեկնեց Ավստրիա, որպեսզի մասնակցի մինչև 20 տարեկան ֆուտբոլիստների Աշխարհի առաջնությանը:

pizap.com14706600113201

Բրազիլացիները, եզրափակիչում 2:1 հաշվով առավելության հասնելով Գանայի երիտասարդական հավաքականի նկատմամբ, դարձան մինչև 20 տարեկան ֆուտբոլիստների Աշխարհի չեմպիոն:
1993 թվականին Ժարդելին ընդգրկեցին «Վասկու դա Գամայի» հիմնական կազմ, և բրազիլացի հարձակվողը կամաց-կամաց սկսեց մասնակցել «կարիոկային» (Ռիո դը Ժանեյրոյի նահանգի առաջնությունը)։ «Վասկու դա Գամայի» կազմում անցկացրած առաջին մրցաշրջանի ընթացքում Ժարդելը 9 խաղում դարձավ 3 գոլի հեղինակ, իսկ հաջորդ տարի «Վասկու դա Գամայի» մարզաշապիկով խաղադաշտում անցկացրեց 7 խաղ՝ մրցակիցների դարպասները գրավելով 4 անգամ:

Մարիո Ժարդելի կարիերայում մեծ փոփոխություն տեղի ունեցավ 1994թ. դեկտեմբերին, երբ նա Ռիոյից տեղափոխվեց Պորտու-Ալեգրի` երկրի հարավում գտնվող Ռիո Գրանդե դու Սուլ նահանգի մայրաքաղաք: «Գրեմիոյի» կազմում անցկացրած առաջին իսկ մրցաշրջանի ընթացքում Ժարդելն իր խփած 45 գնդակով զարմացրեց բոլորին, իսկ նահանգի առաջնությունում դարձավ 14 գոլի հեղինակ և դարձավ «Կամպեոնատո Գաուշոյի» լավագույն ռմբարկուն: Եվս 10 գնդակ նա խփեց Լիբերտադորեսի Գավաթի մրցաշարում` «Գրեմիոյին» օգնելով նվաճել Հարավային Ամերիկայի ակումբային ֆուտբոլի ամենահեղինակավոր գավաթը:

1995թ. Ժարդելը միջազգային խաղերում ընդհանուր առմամբ խփեց 16 գնդակ: Այդ տարի նրանից շատ գոլերի հեղինակ դարձել էր միայն Յուրգեն Կլինսմանը, ով մրցակիցների դարպասները գրավել էր ոչ միայն ՈՒԵՖԱ-ի գավաթի մրցաշարում, այլ, ի տարբերություն բրազիլացի հարձակվողի` նաև իր երկրի հավաքականի կազմում:

Բրազիլացի հարձակվողի արդյունավետությունը գրավեց մի շարք եվրոպական թիմերի ղեկավարների ուշադրությունը: Առաջինը նրանով հետաքրքրվեց Գլազգոյի «Ռեյնջերսը», սակայն շոտլանդական ակումբում այդ ժամանակ արդեն հանդես էին գալիս 10 լեգեոներներ։ Իսկ եթե հաշվի առնենք, որ դեռ չէր սկսվել «բոսմանյան» կարգ ու կանոնը, այսինքն՝ յուրաքանչյուր թիմի կազմում թույլատրվում էր խաղադաշտ դուրս բերել առավելագույնը երեք օտարերկրացի ֆուտբոլիստ, ապա պարզ է դառնում Ժարդելի տրանսֆերի խափանման պատճառը: «Ռեյնջերները» հրաժարվեցին բրազիլացի հարձակվողին ձեռք բերելու մտադրությունից, և վերջինս մնաց իր հայրենիքում ևս կես տարի:

Այդ ժամանակահատվածում «Գրեմիոն»՝ որպես Լիբերտադորեսի գավաթի մրցաշարի հաղթող, Միջմայրցամաքային գավաթի խաղարկությունում ուժերը չափեց Ամստերդամի «Այաքսի» հետ։ Չնայած Ժարդելն ուներ հոլանդացիների դարպասը գրավելու մի շարք հնարավորություններ, այնուամենայնիվ, հանդիպման հիմնական ժամանակում դարպասի գրավում չարձանագրվեց, իսկ 11 մետրանոց տուգանային հարվածներն ավելի դիպուկ իրացրեցին եվրոպացիները: Մարիո Ժարդելով սկսեցին հետաքրքրվել պորտուգալական թիմերը, ու եղավ մի պահ, երբ թվում էր, թե «Բենֆիկան» արդեն ձեռք է բերել բրազիլացի հարձակվողին։ Սակայն «Գրեմիոյի» և լիսաբոնյան ակումբի բանակցություններին խառնվեց «Պորտոն»՝ բրազիլացիներին առաջարկելով ավելի շատ գումար, քան «Բենֆիկան»: Արդյունքում Ժարդելը հայտնվեց «Պորտոյում»:

Եթե մեր հերոսին ձեռք բերելու նպատակով պայքարում էին պորտուգալական առաջատար թիմերը, հայրենիքում շարունակում էին անտեսել նրան. անգամ հրաժարվեցին ընդգրկել 1996 թվականի` Ատլանտայում անցկացվող Օլիմպիական խաղերի ֆուտբոլային մրցաշարին մասնակցող Բրազիլիայի հավաքականի կազմում:

Մարիո Ժարդելին «Պորտոյի» մարզաշապիկով Հին մայրցամաքում առաջին անգամ տեսան 1996թ. սեպտեմբերի 11-ին՝ Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում: Չեմպիոնների լիգայի մրցաշարում «Պորտոն» արտագնա խաղում ուժերը չափում էր տեղի «Միլանի» հետ, և խաղավարտից 20 րոպե առաջ խաղադաշտ մտավ Ժարդելը: Այդ ժամանակ պորտուգալական ակումբի ֆուտբոլիստները պարտվում էին 1:2 հաշվով: Սակայն 76-րդ և 82-րդ րոպեներին Մարիո Ժարդելի խփած գնդակները «Պորտոյին» հաղթանակ պարգևեցին 3:2 հաշվով:

«Պորտոյի» կազմում անցկացրած առաջին մրցաշրջանին Ժարդելը մասնակցեց Պորտուգալիայի առաջնության 30 խաղի և դարձավ 31 գոլի հեղինակ` ստիպելով իր մասին խոսել` որպես նոր աստղի: Հաջորդ մրցաշրջանում բրազիլացի հարձակվողի արդյունավետությունը մի փոքր ընկավ: Նա այդ տարի հաջողության էր հասել 26 անգամ: Այնուամենայնիվ, Ժարդելը հաջորդ տարի դարձավ 36 գոլի հեղինակ և նվաճեց «Ոսկե խաղակոշիկը»: Հիշեցնեմ, որ այդ մրցանակը հանձնվում է Եվրոպայում մրցաշրջանի արդյունքներով տարվա լավագույն ռմբարկուին: Մարիո Ժարդելի արդյունավետությունը 1999/2000 մրցաշրջանում է՛լ ավելի աճեց: Նա այդ տարի մրցակիցների դարպասները գրավեց 38 անգամ և 4-րդ տարին անընդմեջ դարձավ Պորտուգալիայի առաջնության լավագույն ռմբարկուն։ Ընդհանուր առմամբ, «Պորտոյի» կազմում անցկացրած 125 խաղում նա դարձավ 130 գոլի հեղինակ: Եվ սա՝ միայն Պորտուգալիայի առաջնություններում, ընդ որում` այդ գոլերի գրեթե կեսը նա խփել է գլխի հարվածներով: Անձամբ ֆուտբոլիստը հետևյալ կերպ է դա բացատրում. «Քչերը գիտեն, որ գնդակին գլխով հարվածելու պահին ես աչքերս չեմ փակում և հիանալի ու պարզորոշ տեսնում եմ, թե ինչ է պատրաստվում անել դարպասապահը: Այդ իսկ պատճառով էլ շատերն իմ հարվածներից հետո չեն կարողանում կռահել գնդակի ուղղությունը»:

Բրազիլացի հարձակվողի նման ունակության հիմքում ընկած էր բարձր ցատկելու վարպետությունը: Նրա համար մրցակցի պաշտպանների բարձր ցատկելը բարդություն չէր ներկայացնում, քանի որ մեր հերոսը կանգնած տեղից կարողանում է ցատկել մինչև 260 սմ:

1999/2000 մրցաշրջանում պորտուգալական ֆուտբոլի պատմության մեջ տեղի ունեցավ չափազանց կարևոր մի իրադարձություն… «Սալգեյրուշի» հետ խաղից առաջ Ժարդելն իր անվան դիմաց ուներ գրանցած 103 գնդակ: Խաղն ավարտվեց «Պորտոյի» ֆուտբոլիստների հաղթանակով` խոշոր 4:0 հաշվով, որտեղ Ժարդելը դարձավ հեթ-տրիկի հեղինակ` պորտուգալական լիգայում խփած իր գոլերի քանակը հասցնելով 106-ի։ Դրանով նա գերազանցեց արգենտինացի Էկտոր Յազալդեի ցուցանիշը, ում պատկանում էր Պորտուգալիայի առաջնությունների պատմության մեջ թիվ 1 լեգեոներ-ռմբարկուի տիտղոսը (արգենտինացի լեգեոներն ընդհանուր առմամբ հաջողության էր հասել 104 անգամ):

Մարիո Ժարդելին պատկանում է մի ֆենոմենալ նվաճում ևս. 1998 թվականին` Պորտուգալիայի գավաթի 1/16 եզրափակիչ փուլում, «Պորտոյի» մրցակիցն Էվորի քաղաքը ներկայացնող «Ժուվենտուդն» էր: Այդ խաղն ավարտվեց «Պորտոյի» հաղթանակով` ոչ ֆուտբոլային 9:1 հաշվով: Մարիո Ժարդելը, 2-րդ խաղակեսի սկզբնամասում մտնելով խաղադաշտ, հաջողության հասավ 6 անգամ:

Թե ինչո՞ւ հանկարծ Ժարդելը հայտնվեց Թուրքիայում, այնքան էլ հասկանալի չէ, հատկապես, որ նրանով հետաքրքրվում էին իտալական և իսպանական մի շարք թիմեր: Հանուն արդարության նշեմ, որ «Գալաթասարայն» այդ տարիներին նույնպես դասվում էր եվրոպական առաջատար ակումբների շարքին, և ֆինանսական առումով թուրքական ակումբն առհասարակ մտահոգվելու առիթ չուներ: Օրինակ` Ժարդելի համար «Գալաթասարայը» «Պորտոյին» վճարել էր մոտ 20 մլն դոլար, իսկ անձամբ բրազիլացի ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կազմում էր 2 մլն դոլար: Թուրքիայի առաջնությունում ևս Ժարդելը չունեցավ լուրջ մրցակիցներ: Արդեն 2-րդ տուրում` «Էրզրումսփորի» հետ խաղում, նա դարձավ 5 գոլի հեղինակ: Իր նոր ակումբի կազմում Ժարդելն արդեն առաջնության կեսին հաջողության էր հասել 19 անգամ:

Թուրքիայից հետո Ժարդելը տարիներով անհետացավ. խաղաց մի շարք ասիական՝ մասնավորապես, ճապոնական թիմերում: Այնուհետև վերադարձավ հայրենիք, սակայն՝ կարիերան ավարտելու նպատակով:
Բրազիլացի ֆուտբոլիստն այժմ արդեն հսկողություն է սահմանել իր փոքր եղբոր վրա:

Ժորժին հանդես է գալիս պորտուգալական 2-րդ լիգան ներկայացնող «Տենաֆիելում»: Ժարդելը եղբորն օգնում է գործնական պայմանագրերի ժամանակ: Մեր հերոսն ամուսնացած է նախկին ֆոտոմոդել Քարենի հետ: Նրանք մեկ տղա ունեն, որին նույնպես Մարիո են կոչել: Գիշերային ակումբներն ու հասարակական վայրերը Ժարդելի համար չեն: Նա հավասարակշռված և հանգիստ անձնավորություն է, ով գերադասում է ողջ ժամանակն անցկացնել իր ընտանիքի կողքին:

«Գոյություն չունի այնպիսի հասկացություն, ինչպիսին խփած գեղեցիկ գնդակն է. գոլերը լինում են կամ կարևորագույն, կամ էլ վճռորոշ»,- պարզաբանում է Մարիո Ժարդելը:

Միգուցե նրա հաջողությունը հենց նման մտածելակերպով է պայմանավորված: Մնում է միայն հավատալ, որ Բրազիլիայի հավաքականի ղեկավարներն օրերից մի օր կհասկանան, թե ինչպիսի հարձակվողի ծառայություններից են իրենք ժամանակին հրաժարվել:

ՍԵՆԻԿ ԿԱՐԱ-ՊՈՂՈՍՅԱՆ / PROFF

«3 Միլիոն»