Նիրահելու մասին խորհուրդներն այսօր այնքան շատ են, որ ավելորդ քաշից ազատվել ցանկացող մարդկանց համար բավական բարդ է կողմնորոշվել: Հնարավոր է՝ հենց չափազանց շատ տեղեկությունները (որոնք ոչ միշտ են ճիշտ) հանգեցնում են նրան, որ նիհարել փորձող բազմաթիվ մարդիկ միևնույն սխալներն են թույլ տալիս, որոնք դանդաղեցնում են նիհարելու գործընթացը. նրանք ավելի քիչ կալորիա են օգտագործում, քան անհրաժեշտ է օրգանիզմին:
Ըստ Express.co.uk-ի՝ միջին վիճակագրական կինը քաշը պահպանելու համար պետք է օրական 2.000 կալորիա օգտագործի, տղամարդը՝ 2.500 կալորիա: Եթե նրանք ցանկանում են նիհարել, կալորիաների թիվը խորհուրդ է տրվում հասցնել, համապատասխանաբար, 1.500-ի և 2.000-ի:
Օգտագործվող կալորիաների թվի կրճատումն իսկապես օգնում է նիհարել, բայց խնդիրն այն է, որ եթե մարդը շատ քիչ կալորիա է օգտագործում, նիրահելու գործընթացն արգելակվում է:
Բանն այն է, որ ակտիվ ֆիզիոլոգիական պրոցեսները պահպանելու համար անհրաժեշտ քանակությամբ կալորիա չստանալով՝ օրգանիզմը սկսում է սեփական մեխանիզմները գործարկել՝ սովամահությունից խուսափելու համար: Մասնավորապես, դանդաղում է նյութափոխանակությունը. օրգանիզմը սկսում է ավելի քիչ էներգիա ծախսել, իսկ յուրաքանչյուր «ավելորդ» կալորիա ճարպի տեսքով կուտակում է: Արդյունքում մարդը ոչ միայն չի նիհարում, այլ հակառակը, սկսում է քաշ հավաքել:
Գիտնականների կարծիքով՝ հարկավոր է ակտիվորեն ծախսել սննդի հետ ստացած կալորիաները: Այլ կերպ ասած՝ հարկավոր է ֆիզիկապես ակտիվ լինել, շատ շարժվել, քայլել, սպորտով զբաղվել:
Միաժամանակ, մասնագետներն ընդգծում են, որ կալորիաները պետք է ստանալ առողջ և բնական աղբյուրներից: Ամենօրյա սննդակարգում պարտադիր պետք է ներառել սպիտակուցներ, մանրաթելեր և վիտամիններ, իսկ արհեստական բաղադրիչներով մթերքից հարկավոր է հրաժարվել:
Հիշեցնենք, որ Քեմբրիջի համալսարանի գիտնականների հետազոտությունը ցույց է տվել, որ մարդու օրգանիզմում, այսպես կոչված, սովահարության ռեժիմ կա, որը մարմնին ստիպում է դանդաղեցնել էներգիա արտադրելու համար ճարպերի այրումը: Սահմանափակ սննդի դեպքում ուղեղը հորմոններ է արտադրում, որոնք օրգանիզմին թույլ չեն տալիս կալորիաներ այրել: