Հայաստան և Ճապոնիա. 25 տարի անց. armenian-interest.com
Advertisement 1000 x 90

Հայաստան և Ճապոնիա. 25 տարի անց. armenian-interest.com

Էյջի Տագուչի՝ Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան

– Հարգարժան պարոն Դեսպան, այս տարվա սեպտեմբերին Հայաստանը և Ճապոնիան կնշեն դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Սակայն, հայ-ճապոնական հարաբերությունների պատմությունն ունի ավելի խորը արմատներ: Մասնավորապես, ճապոնացի ժողովրդի աջակցությունը 1988թ. ողբերգական իրադարձությունների՝ Սպիտակի երկրաշարժի ժամանակ, Հայաստանում հիշում և գնահատում են: Ինչպե՞ս եք գնահատում երկկողմ հարաբերություններն այս ժամանակահատվածում:

– Ինչպես նշեցիք, սեպտեմբերի 7-ին Ճապոնիան և Հայաստանը կնշեն երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Սակայն մեր հարաբերությունները սկսվեցին Սպիտակում տեղի ունեցած ողբերգությունից հետո, երբ Ճապոնիայի կառավարությունը պաշտոնապես ուղարկեց առաջին փրկարարական խմբերը 1988թ. երկրաշարժի հետևանքով ավերված վայրեր: Իր հերթին, 2011թ. Ճապոնիայում տեղի ունեցած բնական աղետի ժամանակ, հայ ժողովուրդը Ճապոնիային սիրով շատ ռեսուրսներ նվիրաբերեց, ինչպես նաև պատարագ մատուցվեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: Մեր միջև մարդկային հուզիչ համագործակցություն է, և մենք շատ լավ դիվանագիտական հարաբերություններ ունենք` ոչ միայն երկկողմ ձևաչափով, այլ նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

– Պարոն Դեսպան, կարո՞ղ եք մանրամասնորեն անդրադառնալ մեր երկրների միջև առավել առաջնային նախագծերին և համագործակցության ոլորտներին:

– Մեր գործընկերության հիմնական ոլորտը տնտեսական զարգացումն է, հատկապես Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ) ծրագրի շրջանակներում, որը մեծապես նպաստել է երկու երկրների միջև փոխգործակցությանը: Զարգացող համագործակցության շատ լավ օրինակ է Երևանի ՋԷԿ-ը, որը կառուցվել է 2010թ. ճապոնական ընկերությունների աջակցությամբ և իենով տրված վարկի միջոցներով: Այն մեծ քանակի էլեկտրաէներգիա է արտադրում Հայաստանի համար:

Ցավոք, մեր երկրները հակված են երկրաշարժերի և սողանքների: Ահա թե ինչու, մենք կարծում ենք, որ մեր կառավարությունները պետք է շարունակեն համատեղ աշխատել աղետալի միջադեպերը կանխելու համար: Բացի այդ, մենք կազմել ենք Հայաստանի սողանքային ռիսկերի քարտեզը, որը ցույց է տալիս երկրի տարածքում վտանգավոր վայրերը: Ավելին, ամեն տարի Հայաստանից ավելի քան 10 կամ 20 մասնագետներ հրավիրվում են Ճապոնիա՝ տնտեսական պլանավորման, սոցիալական բարեկեցության և արտակարգ իրավիճակների գծով վերապատրաստման դասընթացներ անցնելու համար:

– Չնայած այն փաստին, որ Ճապոնիան ճանաչված երկիր է, որի մշակույթը տարածված է ողջ աշխարհով մեկ, Հայաստանի համար այն դեռևս հետաքրքիր առեղծված է մնում: Ինչպիսի՞ քայլեր է նախատեսում ձեռնարկել Ճապոնիան, որպեսզի օգնի Հայաստանին լուծել ճապոնական հանելուկը:

– Կարծում եմ, որ փոխըմբռնումն երկկողմ հարաբերությունների շատ կարևոր բաղադրիչ է: Այսպես, մենք մեծապես աջակցում ենք Հայաստանում ճապոներենի ուսուցմանը: Ցավոք, այստեղ ճապոներեն է սովորողների թիվը ընդամենը մի փոքր է ավել 200-ից: Մենք կցանկանայինք ավելացնել այս թիվը ոչ միայն Երևանում, այլ նաև մարզերում: Այս առումով մենք աջակցում ենք Երևանի պետական համալսարանին, Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանին և Հայ-ռուսական սլավոնական համալսարանին: Բացի այդ, Երևանում գործում են երկու մասնավոր կրթական կենտրոններ` «Իրոհա» և «Հիկարի», որոնք նույնպես մեծապես նպաստում են մեր ժողովուրդների և երկրների միջև սերտ կապերի հաստատմանը:

Մշակույթը նույնպես շատ կարևոր տարր է: Դեսպանության հիմնադրումից ի վեր, մենք կազմակերպել ենք մի շարք մշակութային միջոցառումներ: Օրինակ, մենք հրավիրեցինք ճապոնացի երիտասարդ և հայտնի գրողներից մեկին՝ վերոնշյալ համալսարանների ուսանողների համար դասախոսություններ կարդալու նպատակով: Ամեն տարի մենք այստեղ կազմակերպում ենք ճապոնական կինոփառատոն: Անցյալ տարի առաջին անգամ մենք Երևան հրավիրեցինք «Նոհ» թատրոնը` ներկայացմամբ հանդես գալու: Այս տարի նախատեսում ենք կազմակերպել ճապոնական արհեստագործական արվեստի ցուցահանդես: Ի դեպ, ցուցահանդեսի բացումը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին և կնվիրվի մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը: Բացի այդ, մենք կհրավիրենք ճապոնական թմբուկահարների «ՎԱԴԱԻԿՈ» խմբի մենակատարին և «Շամիսեն» խմբին (շամիսեն երեք լարանի գործիք է):

– Այսօր ամբողջ աշխարհում մարդիկ ակտիվորեն ուսումնասիրում են արդիականացման ճապոնական մոդելը, որն օրինակ է ծառայում շատ երկրների համար: Սա եզակի ձեռքբերում է` հաշվի առնելով այն, որ ճապոնական հասարակությունը, ինչպես և հայկականը, մոնոէթնիկ է և հարգում է պատմականորեն ձևավորված ավանդույթները: Ինչպե՞ս դա Ձեզ հաջողվեց:

– Ճապոնիան եզակի երկիր է, որը պահպանել է իր ավանդական մշակույթը: Միևնույն ժամանակ, մենք ընդունեցինք և մեզ հարմարեցրինք եվրոպական մշակույթը, և ինքներս էլ հաջողությամբ արդիականացվեցինք: Երբ 19-րդ դարի վերջին մենք սկսեցինք արդիականացնել մեր երկիրը, այն դեռևս գաղութացված չէր Եվրոպական գերտերությունների կողմից: Մենք պահպանեցինք մեր անկախությունը, իսկ եվրոպական մշակույթի որոշ տարրերի որդեգրումը, ինչպիսիք են, օրինակ, իրավական համակարգը, սահմանադրությունը և անգամ խոհանոցը, մեր որոշումն էր: Իրականում, մենք փորձեցինք հավասարակշռություն գտնել ճապոնական կայսերական համակարգի և արևմտյան ժողովրդավարության միջև, ինչը միտումնավոր քայլ էր:

Ամբողջությամբ՝ armenian-interest.com



Նման նյութեր