Ֆաստֆուդի չարաշահումը ու սննդակարգից մրգերի բացառումը կարող է բարդացնել վերարդատրողական տարիքի կանանց հղիացումը։ Նման եզրակացության են հանգել ավստրալացի գիտնականները, որոնք ուսումնասիրել են հղիանալու ցանկություն ունեցող ավելի քան հինգ հազար կանանց սննդային սովորությունները ու փորձել հայտնաբերել օրինաչափություններ։ Հոդվածը հրապարակվել է Human Reproduction ամսագրում։
Հղիանալու ցանկություն ունեցող կանանց, ինչպես նաև նրանց զուգընկերներին խորհուրդ է տրվում հետևել առողջ կենսակերպի՝ ճիշտ սնվել, հրաժարվել վնասակար սովորություններից, նաև ավելացնել ֆիզիկական ծանրաբեռնվածությունները։ Այդուհանդերձ, առայսօր չէին իրականացվել հետազոտություններ առողջ բեղուն կանանց սննդային սովորությունների ու նրանց հղիանալու ունակության միջև կապի առկայության մասին․ սննդակարգի տեսակի ու բեղունության միջև կապը հիմնականում ուսումնասիրվել էր անպտղության դեմ բուժում անցնող կանանց օրինակով։
Ադելաիդայի համալսարանից Քլեր Ռոբերթսի ղեկավարությամբ իրականացված հետազոտությանը մասնակցել է նախկինում երբևէ չծննդաբերած 5598 կին, որոնք դիմել էին ավստրալիական կլինիկաներից մեկը հղիության 14-16 շաբաթում։ Մասնակիցների շրջանում հարցում էին իրականացրել այն թեմայով, թե որքան ժամանակ են նրանք փորձել հղիանալ, նաև հավաքել են տեղեկություններ այն մասին, թե ինչով էին նրանք սնվում հղիանալուն նախորդող ամսվա ընթացքում։ Հետազոտողները հաշվի են առել գործածվող մրգերի, կանաչ բանջարեղենի, ձկնեղենի ու ֆաստֆուդի քանակը։ Բացի դրանից գիտնականները նաև տվյալներ են հավաքել այլ գործոնների մասին, որոնք կարող էին ազդել հղիանալու վրա՝ ծխելը, ոգելիցի չարաշահումը, մարմնի զանգվածի գործակիցը, նաև անպտղության բուժում անցնելը։
Կանանց սննդային սովորությունները, պարզվել է, հաջող հղիացման վրա ազդող հիմնական գործոնն էին։ Եվ այսպես, գիտնականները պարզել են, որ քիչ միրգ ուտող կանանց շրջանում անպտղության հավանականությունը բարձր էր չորս տոկոսով, իսկ արագ սննդի կետերում կանոնավոր սնվողների շրջանում՝ ութ տոկոսով։
Այսպիսով, գիտնականները նշում են հավասարակշռված սննդակարգի կարևորությունը կանանց համար, որոնք փորձում են հղիանալ՝ ընդ որում նույնիսկ նրանց համար, ովքեր անպտղությունից չեն բուժվել ։
Հղիության հավանականությունը բարձրացնող նվազ ակնհայտ գործոնների շրջանում արժի նշել նշագեղձերի ու կույրաղիքի բացակայությունը ՝ 2016-ին գիտնականները պարզել են, որ դրանց հեռացման վիրահատություններն իրոք կապակցված են հետագայում հղիանալու հավանականության բարձրացման հետ։ Նման կապի պատճառները, սակայն, մինչև վերջ չեն պարզվել։