Երևանում տեղի ունեցել Creative Fashion Day նորաձևության շոուն, որին մասնակցելու, սեփական հավաքածուն ներկայացնելու համար Հայաստան է ժամանել կոշիկի հայտնի դիզայներ Տիգրան Ալբերտին: Դիզայների մոդելավորած կոշիկները միջազգային մամուլն անվանում է «հայկական հետք»: Տիգրան Ալբերտիի կոշիկների այցեքարտը հայկական կարպետի նախշերն են` տակացուի վրա պատկերված:
16 տարեկան վանաձորցի պատանին գեղեցկության փնտրտուքով նախ մեկնում է Մոսկվա, մասնագիտանում որպես հագուստի դիզայներ, ապա` տեղափոխվում Շանհայ, որտեղ հրավեր է ստանում դասավանդելու միջազգային SISU համալսարանում: Չորս տարի ապրելով և աշխատելով աշխարհի մեգապոլիսներից մեկում՝ դիզայները որոշում է նվիրվել կոշիկների դիզայնին և 2014 թ-ին ստեղծում է Tigran Alberti իր առաջին կոշիկի հավաքածուն:
Wnews.am-ը բացառիկ հնարավորություն է ունեցել շոուից առաջ հանդիպել և զրուցել Տիգրան Ալբերտիի և նրա կնոջ` երգչուհի Աստայի հետ: Զույգի հետ մենք շրջել ենք Երևանում: Երկար ժամանակ հայրենիքից բացակայած արվեստագետները ծանոթանում էին Երևանին և խոսում արվեստի, սիրո և գեղեցկության մասին:
–Տիգրան 16 տարեկանում փոքր քաղաքից` Վանաձորից, միանգամից հայտնվեցիք Մոսկվայում, ապա` Շանհայում: Աշխարհի մեգապոլիսներից ձեր առաջին տպավորությունն ու ստացած փորձը ինչպե՞ս է ազդել ձեր ստեղծագործական ճաշակի և ուղու վրա:
-Այդ ամենը մարդու ներսում է, նշանակություն չունի դու մեծ քաղաքում ես ծնվել, թե փոքր, մայրաքաղաքում, թե մարզում, եթե ներսում ունես գեղեցիկի ընկալում և ցանկություն, ապա ամեն ինչ կստացվի: Շանհայը մեգապոլիս է և դրանից ստացած տպավորությունները ես ողջ կյանքում կպահեմ: Չափազանց էմոցիոնալ էր: Դու տեսնում ես, ներկա ու մասնակից ես, թե ինչպես է նորաձևության աշխարհի այդ ահռելի շարժը տեղի ունենում: Եթե մենք տեսնում ենք ամսագրում որևէ բան և մի քանի ամիս, անգամ տարի հետո նոր հնարավորություն ենք ունենում ձեռք բերելու, ապա այնտեղ այդ ամենը ծնվում է, արտադրվում ու նկարվում է քո աչքի առաջ: Առավոտյան գնում ես խանութ և արդեն այդ ամենը կարող ես գտնել: Դա շատ լուրջ ազդում է որպես ստեղծագործող մարդ կայանալու վրա:
–Դասավանդել եք Շանհայում: Մենք հաճախ ասում ենք, որ չինացիները «այլմոլորակայիններ» են, որքանո՞վ էր հեշտ շփվել, ինչ որ բան սովորեցնել չինացի երիտասարդներին:
-Եթե Չինաստանում ապրում ես, պետք է չինացուն սիրես, բարեբախտաբար, դա ինձ մոտ ստացվեց՝ հակառակ դեպքում շատ դժվար էր լինելու: Նրանք շատ պոզիտիվ են, ժպիտը դեմքին, դա միանգամից գրավում է: Շանհայում այլ ձև են ապրում, եթե նույնիսկ նրանց համար շատ ծանր է, մրցակցությունը չափազանց շատ է, բայց միևնույն է նրանք պոզիտիվ են, ուրախ են քեզ տեսնել, չգիտեմ Հայաստանում ինչպես է, բայց Մոսկվայում, օրինակ, բոլորը մռայլ են, սպասարկումը վատ է, կարող են բղավել, վիրավորել, Շանհայում` ոչ: Չինարեն հասկանում եմ, կարող եմ ինքս բացատրել, բայց չեմ գրում ու չեմ կարդում: Դասավանդման առաջարկ ատացա իտալական դիզայնի դպրոցից, որը գործում էր Չինաստանում: 12 ուսանող ունեի: Ցավալի է, որ նրանց սովորեցնում ես կրկնօրինակում անել, դա էր դժվար, բայց կային նաև ստեղծագործող աշակերտներ:
–Հետաքրքիր է, ինչպե՞ս են աշխարհում ընդունում հայկական նախշերը:
-Շատ լավ: Սկզբում ինձ զարացնում էին մուսուլմանները, Դուբայից ունեմ հաճախորդներ, որոնք իսլամ են դավանում, իսկ կարպետի նախշերի մեջ կան խաչեր ու ես զարմանում էի, որ նրանք գնում էին: Արվեստն անկախ է կրոնից, ազգությունից, եթե դա գեղեցիկ է, գրագետ է, դուր է գալիս բոլորին:
Ամբողջըը՝ wnews.am կայքում