Ինքնորոշման ուղին բռնած Արցախի, այն ժամանակ ԼՂԻՄ-ի (Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ) հայության պայքարը, որ տևական ժամանակ բացառապես խաղաղ ցույցերով ու քաղաքական ընդունելի այլ եղանակներով էր դրսևորվում, 1991 թվականի այս օրերին, հերթական անգամ բախվեց Բաքվի ու այն ժամանակ նաև ԽՍՀՄ իշխանությունների բացահայտ արյունոտ ու անմարդկային հակազդեցությանը:
Դեռևս 1988-ին, շարժման մեկնարկելուն պես, Արցախի հայության օրինական ու տրամաբանական պահանջի պատասխանը եղավ Սումգայիթը: Երեք օր քաղաքում հայերի վրա զանգվածային հարձակումներ էին կատարվում` գազանության բոլոր դրսևորումներով: Իսկ, ԽՍՀՄ ղեկավար Միխայիլ Գորբաչովը ցինիկաբար հայտարարում էր, թե Սումգայիթում խորհրդային բանակն, իբր, ընդամենը երեք ժամ է ուշացել:
Հետո, 1990-ին բանակը երևի չէր ուշացել, բայց արդեն ուշացել էր ԽՍՀՄ քաղաքական ղեկավարությունը, և տեղի ունեցան Բաքվի ջարդերը: Հանրագումարում խորհրդային Ադրբեջանի տարածքից` սկսած մայրաքաղաք Բաքվից, վերջացրած Գանձակով, տեղահանվեցին ու բռնագաղթի ենթարկվեցին գրեթե բոլոր հայերը՝ շուրջ 300 հազար մարդ: Իսկ 1990-91 թվականներին գրեթե համատարած ու պարբերական բնույթ էին կրում զանազան ավազակախմբերի հարձակումները հայկական բնակավայրերի վրա։ Դրանք ուղեկցվում էին սպանություններով, մարդկանց առևանգումներով, ունեցվածքի և անասնագլխաքանակի գողություններով:
Այդ ամենը մղեց նրան, որ չնայած պարետային ժամերին, ԽՍՀՄ իշխանությունների, նաև Արցախում այդ ժամանակ հաստատված Պոլյանիչկոյի հակամարդկային ռեժիմին ու վայրագություններին, հայությունը ինքնակազմակերպվում էր, ձևավորվում էին ինքնապաշտպանական ջոկատներ՝ ապահովելու համար սեփական հայրենիքում ու սեփական հողի վրա մեր ժողովրդի ապրելու իրավունքը:
Խորհրդային Միության այն ժամանակվա ղեկավարությունը` Գորբաչովի գլխավորությամբ, ակնհայտորեն ցանկություն չուներ այդ խնդիրը լուծելու համար, չուներ որևէ ընկալելի մոտեցում և առավելապես շեշտը դնում էր «զսպման քաղաքականություն» վարելու, ճնշումների և հետապնդումների միջոցով հարցը փակելուն նպատակաուղղված քայլերի վրա:
Եվ, եթե մինչև 1991 թվականի այս օրերը փորձ էր արվում ինչ-որ արտաքին շղարշ պահել, ապա տխրահռչակ «Կոլցո օպերացիան» կամ «Օղակ» գործողությունը վերջնականապես ու ի տես բոլորին պատռեց այդ՝ արդեն միանգամայն թափանցիկ շղարշը: