«ՆերՈւժ 2»–ը փոփոխությունների է ենթարկվել, սակայն պահանջված է մնում ամբողջ աշխարհում. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

«ՆերՈւժ 2»–ը փոփոխությունների է ենթարկվել, սակայն պահանջված է մնում ամբողջ աշխարհում. armeniasputnik.am

Ամբողջ աշխարհի հայ ստարտափերները հետաքրքրված են «ՆերՈւժ» ծրագրով և ուզում են իրենց նախագծերը իրականացնել Հայաստանում։ Այս մասին այսօր Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագրի համակարգող Լիանա Սիմոնյանը։

Ծրագիրը նախաձեռնել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն ու ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։ Մասնակիցները մինչև 30 հազար դոլարի չափով դրամաշնորհներ կստանան Հայաստանում իրենց ձեռնարկությունները զարգացնելու համար։ Ծրագրի մեկնարկը կտրվի դեկտեմբերի 16-20-ը կայանալիք միջոցառումների շրջանակում:

«Այս տարի ունենք դիմումներ տարբեր տեղերից՝ ԱՄՆ-ից, Եվրոպայից, Ռուսաստանից, Մերձավոր և Միջին արևելքից, Ավստրալիայից, Հարավային Կորեայից: Նախատեսում էինք հոկտեմբերի 21–ին դադարեցնել հայտերի ընդունումը, սակայն շատերը խնդրում էին երկարացնել ժամկետը։ Հետաձգեցինք դեդլայնը մինչև նոյեմբերի 3–ը»,- ասաց Սիմոնյանը։

Ծրագրի պատասխանատու Գայանե Սերոբյանը հայտնեց, որ այս տարի լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել. ծրագրին կարող են մասնակցել միայն տեխնոլոգիական ստարտափները։ Պարտադիր չէ, որ մասնակիցները հայրենադարձներ լինեն, սակայն պարտադիր է, որ նրանցից առնվազն մեկը հայկական ծագում ունենա։

«Այս անգամ ծրագիրը կապել ենք «Հայկական վիրտուալ կամուրջ» նախագծի հետ, ինչը մասնակիցներին համաշխարհային շուկա դուրս գալու ավելի մեծ հնարավորություններ է տալիս։ Բացի այդ` ծրագրում կներգրավվեն ներդրողներ, ինչը զգալիորեն կմեծացնի նախագծի հնարավորությունները», – ասաց նա։

Սերոբյանը նշեց, որ այս տարի ծրագրին կարող են մասնակցել 14 ոլորտների ստարտափներ (ֆինանսական, սոցիալական, գյուղատնտեսական, ռոբոտաշինական, զբոսաշրջային և այլն)։ Ակնկալվում է, որ 50–60 ստարտափ դրամաշնորհ է ստանալու։

«Այս տարի մասնակիցներն իրենք են ավիատոմսեր գնելու ու միայն 25 ստարտափի համար են միջոցներ տրամադրվել` ելնելով որոշակի չափանիշներից»,–ընդգծեց նա։

«ՆերՈւժ» ծրագրի նպատակն է ստարտափների միջոցով հայկական համայնքի ներուժն օգտագործել Հայաստանի զարգացման համար։ Ծրագիրը մեկնարկել է 2018 թվականին։ Այն իրականացնում էր Սփյուռքի նախարարությունը, որն արդեն կազմալուծվել է։

armeniasputnik.am



Նման նյութեր