Նախկին վարչապետի տան` 3-4 հարկանի շենքի բարձրությամբ պատնեշը բողոքի ալիք է բարձրացրել. armeniasputnik.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Նախկին վարչապետի տան` 3-4 հարկանի շենքի բարձրությամբ պատնեշը բողոքի ալիք է բարձրացրել. armeniasputnik.am

Երևանի Արաբկիր վարչական շրջանի Երազ թաղամասում գտնվող ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի տանը, ըստ տեղի բնակիչների, միայն գիշերն է լույս վառվում։ Կան մարդիկ, որոնք պնդում են` Կարապետյանը վաղուց այդ տանը չի ապրում։ Սակայն հարևան բարձրահարկի, հատկապես վերևի հարկում գտնվողները հակառակն են պնդում։ Բոլորին չէ տրված տեսնել նախկին վարչապետի տան ներսի լույսը, որովհետև տունը 3-4 հարկանի շենքի բարձրությամբ պարսպապատված է։

Փայտից և մետաղից կառուցված պատնեշը 2016-ին տեղի բնակիչների մոտ բողոքի ալիք էր բարձրացրել։ Նրանք նշում էին` երբ այն կառուցվում էր, իրենց ասում էին` Կարեն Կարապետյանի և նրա ընտանիքի անվտանգության նկատառումներից ելնելով են դա անում, քանի որ նա բարձր պաշտոն է զբաղեցնում։

«Սկզբից էլ տեսել եմ` ինչպես են այն կառուցում ու հենց այդ ժամանակ էլ քանիցս բողոքել ենք։ Մի քանի խնդիր է առաջացնում պատնեշը` ստացվում է մինչև 4–րդ հարկի բնակիչները պատուհանից նայելով միայն ճաղեր են տեսնում։ Բացի այդ, հակահրդեհային պայմաններն ապահովված չեն. հրշեջ մեքենան անհրաժեշտության դեպքում ուղղակի շենքի մյուս կողմն անցնել չի կարող»,–ասաց հարևանությամբ` Ադոնցի 6/2 –ում գտնվող շենքի բնակիչ Արմեն Հակոբյանը։

Նույն շենքի մեկ այլ բնակիչ` տիկին Անահիտը, որը վերջերս է Գերմանիայից եկել Հայաստան մշտական բնակության, ասում է, որ տեսել է իրենց շենքը երիզող պատնեշն ու ապշած մնացել։ Բացի այն հանգամանքից, որ կառուցատարրի տեսքն ակնահաճո չէ և փակում է հարևանների լույսը, տիկին Անահիտին զարմացնում է փաստը` ինչի՞ համար են մարդիկ պատնեշներ կառուցում։

Իսկ առջևում գտնվող շենքում տեղակայված գրասենյակներից մեկի աշխատակիցներն առհասարակ չգիտեն` ինչ կա պատնեշի ներսում։ Նրանք նույնպես համաձայն են, որ պատնեշը հեռացվի, բայց զուտ հետաքրքրությունից դրդված։

Արաբկիր վարչական շրջանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Մհեր Մանթաշյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ պատնեշներն ընդգրկված չեն տարածքի կառուցապատման փաստաթղթերում, այսինքն` դրանք ապօրինի են։ Դրանց գերակշիռ մասը` 80 տոկոսը, պատկանում է «Միկշինին» (Երազ թաղամասի բնակարանների մի մասը ևս պատկանում է հենց այս ընկերությանը), կառուցապատողը նույնպես այդ ընկերությունն է։ Սակայն համայնքը չի կարող պատասխանատվության ենթարկել ընկերությանը, քանի որ վաղեմության ժամկետի խնդիր կա։

Ավելի մանրամասն՝ armeniasputnik.am



Նման նյութեր