Կաթնամթերք կերեք, կամ ինչու է ավելի ճիշտ «լսել» սեփական օրգանիզմին
Advertisement 1000 x 90

Կաթնամթերք կերեք, կամ ինչու է ավելի ճիշտ «լսել» սեփական օրգանիզմին

«Ես թթվասեր չեմ սիրում։ Չէ, կաթնաշոռ էլ չեմ ուտում։ Պանիր էլ չեմ ուտում։ Կաթ էլ չեմ ուզում»,–ինչպես կարող էի, հրաժարվում էի։

Յուրաքանչյուր այսպիսի մեկնաբանություն զարմանք էր առաջացնում, և իմ սիրելի ազգականները, համարյա սրտները բռնած, խրատում էին, թե կաթը կալցիումի լավագույն աղբյուրն է, առանց դրա ատամներս կթափվեն, իմ տարիքում պետք է լավ սնվել և այլն։ Իսկ հետո ծնողներիս էին փնտրում, որ նույն դասախոսությունը նրանց գլխին կարդան։

«Հա, փորձել ենք կաթնամթերքի սովորեցնել, բայց դե չի ստացվում, չի ուտում, ու վերջ»,–ասում էին ծնողներս։

«Դե լավ, կմեծանա, խելք կհավաքի ու էլ կամակորություններ չի անի»,–կարեկցանքով ասում էին ազգականներս ու գնում էին նոր զոհեր փնտրելու` խրատներ կարդալու համար։

Զարմանալի չէ, որ խիղճս տանջում էր «բոլոր նորմալ երեխաների պես» կաթնամթերք չուտելու համար։ Երկու տասնամյակ պետք եղավ, որպեսզի ապշեմ սեփական օրգանիզմիս իմաստնությունից, և որ «աննորմալության» զգացումն ընդմիշտ լքի ինձ։

–Ինչպես ենթադրում էի` ձեզ մոտ հիպոլակտազիա է։ Ընդ որում՝ ամենաբարձր աստիճանի,–նայելով անալիզներիս արդյունքները` հայտարարեց իմ հմայիչ բժշկուհին` գաստրոէնտերոլոգ Շուշանիկ Միրիջանյանը։

–Դա ի՞նչ է նշանակում,–անհանգստացած հարցրի ես։

–Նշանակում է, որ լակտոզային անհանդուրժողականություն ունեք։ Ձեզ խստիվ արգելվում է կաթնամթերք օգտագործել։

Հավանաբար բժշկուհին սպասում էր, որ այդպիսի տեղեկությունից ես շոկ կապրեմ կամ գոնե կտխրեմ։ Բայց ոչ, գլխումս անմիջապես միտք ծագեց. «Ախ, ահա թե ինչու ես ենթագիտակցաբար, չնայած բոլոր խրատներին, կաթնամթերքին մոտ չէի գնում»։

Որքան իմաստուն է մեր բնազդը, երբ մենք ականջ ենք դնում դրան։ Բայց ես, թեև կաթնամթերք չէի ուտում, սակայն կաթով սուրճ խմում էի, յոգուրտ ուտում էի, պանրով պիցցա ու բուրգերներ պատվիրում էի։ Բժշկի ախտորոշումից հետո ստիպված եղա հրաժարվել այդ ամենից, և փորացավերս տեղում վերացան։

Մինչդեռ նախքան այդ բժշկի մոտ հայտնվելը շատ բժիշկների մոտ էի եղել, շատերը նրանից տարիքով մեծ էին։ Ինձ ուղարկում էին ստամոքսի ուլտրաձայնային հետազոտության, պահանջում էին արյան և դիսբակտերիոզի անալիզներ հանձնել։ Ոչ մի խնդիր չէին հայտնաբերում։ Բժիշկները տարակուսում էին, մեկը նույնիսկ ասաց. «Քո ցավերը քո գլխում են»։ Իհարկե, ես նրան պատասխանեցի այն, ինչ լեզվիս ծայրին էր։

Ուրեմն ինչո՞ւ միայն մեկ բժիշկ, լսելով իմ գանգատները և նայելով «մաքուր» անալիզները, ուղարկեց լակտոզայի անհանդուրժողականության անալիզ հանձնելու։ Այն էլ՝ ոչ «արտասահմանից եկած կադր», այլ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի շրջանավարտ։

Հաջորդ քայլը` հարկավոր էր լաբորատորիա գտնել։ Իմ տան շրջակայքում երկու խոշոր լաբորատորիա կա, որտեղ հնարավոր է հանձնել բոլոր հնարավոր անալիզները, բացի լակտոզայի անհանդուրժողականության անալիզից։ Զանգեցի Երևանի այլ լաբորատորիաներ, և գտնվեց ընդամենը երկու լաբորատորիա, որտեղ նման անալիզ էին անում` Promtest–ը և Abmed–ը։ Դրա համար պետք էր արյուն հանձնել, և երկու օրվա ընթացքում արդյունքները պարզ կլինեին։

«Մեր բժիշկները բավականաչափ տեղեկացված չեն, լաբորատորիաները նոր–նոր են սկսում նման անալիզներ անել։ Շատ բժիշկների համար ավելի հեշտ է բոլոր տեսակի փորացավերի դեպքում «դիսբակտերիոզ» ախտորոշել և բուժել»,–ասաց իմ բժիշկ Շուշան Միրիջանյանը։

Հայաստանում ավագ սերունդն առանձնապես չի հավատում «լակտոզայի անհանդուրժողականությանը», նրանց համար շարունակում է արժանահավատ մնալ լեգենդը, թե իբր կաթը կալցիումի գլխավոր աղբյուրն է։ Իրականում լոբազգիները, ոսպը, նուշը և թուզը ավելի շատ կալցիում են պարունակում, քան կաթը։ Սակայն մեր երկրում ևս լինում են դեպքեր, երբ ավագ սերնդի հարցում մարդկանց բախտը բերում է։ 34-ամյա Արսեն Հայթյանին «լակտոզայի անհանդուրժողականություն» են ախտորոշել դեռ նոր ծնված ժամանակ։

«Կրծքի կաթ չեմ կերել, ինձ տարել են բժշկի, և պարզվել է, որ լակտոզայի անհանդուրժողականություն ունեմ»,–պատմում է Հայթյանը։

Նա կաթնամթերք և կաթ պարունակող որևէ սնունդ չի ուտում։ Բայց առանձին դիետոլոգ չունի, անգամ գաստրոէնտերոլոգի մոտ վաղուց չի եղել. օրգանիզմը մանկուց հարմարվել է և, ի տարբերություն ինձ, նրա համար խնդիրներ չի ստեղծել։

Լակտոզայի անհանդուրժողականություն կամ հիպոլակտազիա տերմինով նկարագրվում են պաթոլոգիական վիճակները, որոնք առաջանում են լակտազայի մակարդակի նվազման հետևանքով։ Լակտազան ֆերմենտ է, որն անհրաժեշտ է կաթնամթերքում պարունակվող լակտոզայի ճիշտ մարսման համար։ Առողջապահության միջազգային կազմակերպության տվյալներով` մարդկանց 65 տոկոսը լակտոզայի անհանդուրժողականություն ունի։ Ռուսաստանում այսպիսի ախտորոշում ունի մարդկանց 48 տոկոսը։ Հայաստանում նմանատիպ վիճակագրություն չկա։

armeniasputnik.am



Նման նյութեր