Աղավնատունը դարձել է մարդկանց վերադարձի «բույնը»․ «Ստարտափ Հայաստան»
Advertisement 1000 x 90

Աղավնատունը դարձել է մարդկանց վերադարձի «բույնը»․ «Ստարտափ Հայաստան»

Վերջին մեկ ամսվա ընթացքում մտածել ե՞ք, թե մեկուսացումից հետո, երբ նորից կսկսենք ակտիվ կյանքի հետ ընկերություն անել, որտե՞ղ և ի՞նչ պայմաններում պետք է ազատվենք այն սթրեսային վիճակից, որը ձեռք ենք բերել այս ընթացքում։

Արտերկիր գնալը մոտ ժամանակներում վտանգավոր կլինի, իսկ Հայաստանում, օրինակ, կան գյուղեր, որոնք այս ամենից հետո քեզ գրկաբաց և սիրով կընդունեն։ Հենց այդպիսի մի գյուղում էլ ապրում է Ալեքս Ներսիսյանը։ Եվ որքան էլ տարօրինակ է, Ալեքսի կյանքում այս օրերին որևէ բան չի փոխվել։

1988 թվականին գյուղը վերաբնակեցվել է 17 տարբեր շրջաններից գաղթած հայերով; Գյուղում կա 17 տարբեր մշակույթ և ավանդույթ։ Համարվում է Հայաստանի Հանրապետության միակ անտառածածկ գյուղը, որտեղ երբեք անտառահատումներ չեն եղել։ Գաղտնիքը մարդկանց սիրո մեջ է, նրանք սիրում են իրենց գյուղն ու գյուղի կանաչը։ Խոսքն Աղավնավանք գյուղի մասին է։

Ալեքսը որոշ ժամանակ ապրել է արտերկրում, այնտեղ բիզնես գործունեություն ծավալել, գործերը լավ են եղել, բայց գյուղը կանչել է, ցույց տվել իր հնարավորություններն ու համագործակցել, ինչի արդյունքում այսօր գյուղի բնակչության մի մասն ապահովված է աշխատանքով։

Բայց այս ամենից զատ պետք էր նաև մարդկանց պատրաստել գալիք փոփոխություններին, ֆինանս գտնել, հնարավորություններ և կապեր ձեռք բերել։ Այդ պատճառով Ալեքսն ուսումը փոխեց հեռակա և գնաց արտագնա աշխատանքի, հետո բախտը ժպտաց և նոր ֆինանսական միջոցներ ձեռք բերելու հնարավորություններ ստեղծվեցին։

Գյուղի բնակիչները մեծ սիրով աջակցել են Ալեքսին, նրանք էլ իրենց ներդրումն ունեն հաջողության հարցում։ Մի մեծ ընտանիքի պես աշխատում են և զարգացնում իրենց գյուղը, իսկ գյուղի երիտասարդները, ինչպես բոլոր գյուղերում, գալիս են մայրաքաղաք սովորելու և շատերն այստեղ էլ մնում, բայց նաև կան այնպիսիք, որոնք գյուղի խնամակալությունը վերցրել են իրենց վրա, պահում են, փայփայում և միշտ պատրաստ սպասում նրանց, ովքեր ժամանակին ինչ-ինչ պատճառներով հեռացել են գյուղից։

Աղավնատանը գործում է նաև գինու արտադրամաս։ Այնտեղի գինիները սիրով են պատրաստվում, այնքան մեծ սիրով, որ խմողը միանգամից արբում է և՛ սիրուց, և՛ գինուց։

Համաճարակի այս օրերը անվնաս չեն թողի նման բիզնեսներին։ Ալեքսն ասում է, որ արդեն իրենք մշակել են ծրագրեր, որ երբ ամեն ինչ ավարտվի հնարավորինս քիչ կորուստներ ունենան։

Գալու է ժամանակ, որ գյուղերը դառնան մարդաշատ, մարդիկ գալու են և ապրեն գյուղերում, Ալեքսը միշտ է մտածել այսպես և այս սցենարը վաղուց գծել իր ուղեղում, պարզապես անակնկալի է եկել, որ այդ ամենն այսքան շուտ ստացվեց, բայց և ուրախ է, սա հնարավորություն է գյուղերում կյանքը բարելավելու և մարդկանց ցույց տալու, որ Հայաստանը հնարավորությունների երկիր է։

Ամբողջությամբ՝ armradio.am