«Եթե կյանքը չի հոգնեցնում, ապա միասին լինելը երբեք չի հոգնեցնի»,- ասում է Տիգրան Ներսիսյանը։ Ընդունված է կարծել, որ արվեստագետները կայուն ընտանիք չեն ունենում։ Բայց արի ու տես, որ Նելլի Խերանյան-Տիգրան Ներսիսյան զույգն ապացուցել է, որ արվեստագետները կարողանում են ընտանիքի սյուներն ամուր ու կայուն պահել։ Նրանք շուրջ 20 տարի է` համատեղ երջանիկ կյանք են վարում։
Կյանքն անկանխատեսելի է
Թվում է, լավ դերասան լինելու անհրաժեշտ նախապայմաններից մեկն էլ դերասան ծնողների զավակ լինելն է։ Բայց ո՛չ։ Նելլի Խերանյան տաղանդավոր դերասանուհին ծնվել է մի ընտանիքում, որտեղ հայրը հեռուստատեսային օպերատոր էր, մայրը՝ ուսուցչուհի։ Նրանց մտքով անգամ չէր անցնի, որ Նելլին կարող է դերասանուհի դառնալ։ Սովորելով ֆրանսիական թեքումով դպրոցում, նա հաճախել է նաև դպրոցի ներսում գործող երգի, պարի, արվեստի այլ բնագավառների խմբակները։ Ծնողները, դեմ չլինելով, միևնույն ժամանակ նաև չխրախուսեցին Նելլիի՝ գեղարվեստաթատերական ինստիտուտ ընդունվելը…
Ի տարբերություն Նելլի Խերանյանի, Տիգրան Ներսիսյանն արդեն 10 տարեկանից թատրոնում էր։ Լինելով բեմարվեստի վարպետ Բաբկեն Ներսիսյանի որդին, նա չէր կարող անտարբեր լինել թատրոնի հանդեպ։ Բաց չէր թողնում ոչ մի ներկայացում։ Առաջին դերը, որ խաղաց, Օրեսթեսի դերն էր՝ «Իֆիգենիան Ավլիսում» ներկայացման մեջ։ Իսկ հետո… «13 տարեկան էի, երբ խաղացի Ջոնիի դերը «Իմ սիրտը լեռներում է» ներկայացման մեջ։ Այն կարելի է իմ բեմական օծումը համարել, քանի որ ես խաղացի հանրաճանաչ ու վաստակավոր դերասանների հետ»,- հիշում է Տիգրանը։ Կարելի է ասել, որ նա արդեն դերասան էր, սակայն դեռ պետք է ուսաներ Գեղարվեստաթատերական ինստիտուտում։ Իսկ ո՞վ չի սիրել ուսանողական տարիները և չի ապրել պատանեկության բուռն շրջան…
Սեր, որ ծնվեց ուսանելու ընթացքում
Ուսանողական տարիները հետաքրքիր ու արտասովոր են, հատկապես, երբ սիրահարված ես։ Հենց այդ տարիներին էր, որ Տիգրանը և Նելլին ստեղծեցին ամուր ու բուռն սիրով լի մի միություն։ Ընդունելով Պատանի հանդիսատեսի թատրոնի հրավերը, իրենց սիրուն գումարելով շեքսպիրյան կրքերը՝ խաղացին «Ռոմեո և Ջուլիետ»։ Նրանց փոխադարձ սիրո, վստահության և հարգանքի շնորհիվ է, որ ի սկզբանե բացակայել են խանդն ու կոնֆլիկտները։ Իսկ իսկական սիրուն հաջորդում է ամուսնությունը։
Հարսանիք և ընտանիք
1988թ. հունվարի 30-ին Հայաստանում ևս մեկ ընտանիք կազմավորվեց։ Ցուրտ ու մութ տարիներին Տիգրանն ու Նելլին ջերմությամբ ու մեծ խանդավառությամբ նշեցին իրենց հարսանիքը։
«Երբ պետք է ներս մտնեինք Տիգրանենց բնակարան, ափսեները կոտրելիս կոտրվեց կոշիկիս կրունկը։ Ես այնքան երջանիկ ու ինչ-որ տեղ անհանգիստ ու արտասովոր զգացմունքներով էի համակված, որ չնկատեցի դա։ Ինձ թվում էր, թե Տիգրանենց տան հատակն է խորդուբորդ»,- մեղմ ժպիտով հիշում է Նելլին։ Դե, իսկ հետո, երբ տեղեկանում են, կոշիկն անմիջապես տանում են նորոգելու, իսկ մինչ այդ Նելլիին տալիս են պատմական նշանակություն ունեցող կոշիկ՝ Ռոմանոս Մելիքյանի տիկնոջ՝ Արուս Բադալյանի կոշիկը։
Սիրո պտուղներ
Այսօր Նելլի ու Տիգրան զույգը երջանիկ է իր դուստրերով։ Առաջնեկը՝ Անին, արդեն Գեղարվեստաթատերական ինստիտուտի ուսանողուհի է (չնայած ծնողները դեմ էին, որ իրենց դուստրն անցնի այդ դժվարին ճանապարհը)։ Տիգրանին թվում էր, թե աղջիկը տեղյակ լինելով թատրոնի դժվարություններին, լսած լինելով պապի անցած ճանապարհի պատմությունները՝ չէր ցանկանա շարունակել ծնողների աշխատանքը։ Բայց Անին հաստատակամ էր ու պատրաստ հաղթահարելու բոլոր խոչընդոտները։ Փոքրիկ աղջիկը՝ Մանեն, շատ ավելի աշխույժ է։ Լինելով 3 տարեկան, արդեն թատրոնի հետ կապված պատմություններ է հորինում։ Նրա աշխուժությունը նոր լիցքեր է հաղորդում ընտանիքի անդամներին։ Նելլիի հորդորները, որ նա է՛լ դերասան չդառնա, կարծես արդյունք են տվել։ Մանեն որոշել է բժշկուհի դառնալ։ Երեխաներով ապրում են, ուրախանում ու մտահոգվում։ Տիգրանի բնութագրմամբ՝ «Նելլին չափազանց ուշադիր մայր է, որն էլ զայրացնում է։ Նրան տանը «միջանցիկ քամիների մանիակ» ենք ասում, քանզի շատ զգոն է այդ քամիների նկատմամբ։ Բայց ուրախ եմ նաև, որ աշխատանքի հետ մեկտեղ՝ կարողանում է այդքան սեր ու ուշադրություն հատկացնել ընտանիքին»։
Երջանկության բանաձև
Այո, այս ընտանիքում իշխում է ամեն ինչի շարժիչ ուժ սերը։ Բուռն աշխատանքային առօրյայից հետո նրանք իրենց հանգիստն անցկացնում են տանը։ Ընտանեկան ջերմությամբ լիցքավորվում, ոգեշնչվում և պատրաստվում են դիմակայել նոր օրվա դժվարություններին։ Իսկ թատրոնի հետ կապված դժվարությունները փորձում են միասին հաղթահարել։ Եթե նույնիսկ ներկայացման մեջ միասին չեն խաղում, միևնույն է, միասին են լինում փորձերի ժամանակ և օգնում են իրար։ Տիգրանը համոզված է, որ կյանքում պետք է տարանջատել ընտանիքն աշխատանքից. «Երբեք չենք փորձում աշխատանքը շարունակել տանը։ Ճիշտ է, լինում են խոսակցություններ, բանավեճեր՝ կապված թատրոնի հետ, բայց դա ուղղակի կապված է մեր պրոֆեսիոնալ գործունեության հետ։ Թատրոնը պրոբլեմների շղթա է, և չի կարելի աշխատանքային հոգսերով ծանրաբեռնել ընտանիքի անդամներին։ Ես դա տեսել եմ մեր տանը. հայրս երբեք տանը չի խոսել իր դերերից, թատրոնի հոգսերից։ Նա իր հոգսերով չէր ծանրաբեռնում մեզ»։
Դե, իսկ ծագած վեճերը հարթվում են շատ արագ։ «Ես բնավորությամբ ավելի հանգիստ եմ, ուստի փորձում եմ մեղմ վերաբերվել ամենին։ Բացի այդ, մեզ մոտ հազվադեպ են վեճեր առաջանում։ Դրանք մանր կենցաղային հարցեր են, որոնց այդքան էլ նշանակություն չենք տալիս։ Երկուսս էլ գիտենք մեր թերություններն ու առավելությունները և վաղուց արդեն հարմարվել ենք դրանց։ Փորձում ենք չնկատել թերությունները, և ամեն ինչ շուտով իր հունով է ընթանում, ու հաղթանակ է տանում համերաշխությունը»,- ասում է Նելլի Խերանյանը։
Սերը խա՞նդ է ծնում
Լավ արվեստագետները միշտ ունենում են երկրպագուներ, որոնցից շատերը փորձում են ավելի մտերմիկ կապեր ստեղծել։ Նելլիի և Տիգրանի երկրպագուները նրանց սիրում են զուսպ և անբռնազբոս կերպով, ինչը հաճելի է ու ոչ հոգնեցնող։ Որքան էլ զարմանալի հնչի, նրանց հավաստմամբ, երբեք խանդի առիթ չի եղել։
«Աշխատանքը մնում է աշխատանք։ Նույնն է, եթե բժշկի կինը խանդի ամուսնուն՝ կին-հիվանդին վիրահատելիս։ Մենք վստահում ու սիրում ենք իրար, չնայած ինձ օգնել է սկեսուր-մայրիկս։ Նա հաճախ էր պատմում իր ամուսնու՝ Բաբկեն Ներսիսյանի երկրպագուների խենթ արարքների մասին ու ինձ փորձում էր զերծ պահել խանդ կոչված հիվանդությունից։ Խանդն ամենևին էլ սիրո խորհրդանիշ չէ»,- ասում է Նելլին։
Բնավորություններ
«Տիգրանի էմոցիոնալ լինելը և՛ սիրում եմ, և՛ չեմ սիրում։ Սիրում եմ, որովհետև էմոցիոնալ անձինք չեն կարողանում թաքցնել ոչինչ, նրանք ավելի ազնիվ ու անկեղծ են։ Չեմ սիրում, քանի որ միանգամից զայրանում է, ու շատ անգամներ դիմացինը չի հասկանում։ Ես գիտեմ, որ այդ զայրույթը մի քանի րոպե հետո փոխվում է քնքշության։ Ուղղակի նրան հասկանալ է պետք։ Մեզ մոտ, տանը, Մատենադարանի պես խստագույն օրենքներով պահպանվում են գրքերը։ Շատ զայրանում է, երբ դրանք խառնում ենք։ Շատ բծախնդիր է ինքն իր նկատմամբ, հիվանդագին բծախնդիր՝ իր մասնագիտության հանդեպ։ Տիգրանի հավաստմամբ՝ դերասանը միշտ շարժման մեջ պետք է լինի և ինքնաքննադատ։ Բոլոր հանճարները կասկած են ունեցել իրենց կատարածի վրա, այլապես մեծագույն չէին լինի։ Կարծում եմ, որ իր հմուտ լինելը մասնագիտության մեջ քննարկման ենթակա չէ»,- ամուսնուն բնութագրում է Նելլի Խերանյանը։
«Նելլիի մեջ գնահատում եմ հավատարմությունը, նվիրվածությունը ընտանիքին, երեխաներին ու ծնողներին։ Գնահատում եմ նրա սկզբունքային լինելը։ Գիտի, որ կյանքում շատ թանկ բաներ կան և որոնցով պետք է հպարտանալ։ Մենք երկուսս օգնում ենք միմյանց տարբեր պարագաներում։ Միասին ապրող, իրար սիրող մարդիկ միշտ էլ դժվարին պահին սատարում են միմյանց։ Նա ստեղծագործող անհատականություն է։ Ես գործ ունեմ պրոֆեսիոնալ դաշտում ստեղծագործող անձի հետ, որի համար շատ ուրախ եմ»,- խոստովանում է Տիգրան Ներսիսյանը։
Տաթևիկ Պետրոսյան
«3 Միլիոն»