Վերջին շրջանում հանրապետության տարբեր քաղաքներում մահվան ելքով գրանցված գազի թունավորման դեպքերով պայմանավորված՝ պատկան մարմինները մեկ անգամ ևս քաղաքացիներին հորդում են պահպանել գազի անվտանգության կանոնները: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության հակահրդեհային քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանը նշեց, որ շատ դեպքեր տեղի են ունենում հենց քաղաքացիների անփութության հետևանքով:
«Քաղաքացիների որոշ մասը տնտեսելու համար օգտագործում է ոչ թե գազի, այլ ուրիշ վառելանյութի, մասնավորապես, ածուխի, փայտի համար նախատեսված վառարաններ, ինչը խստիվ արգելվում է: Պետք չէ օգտագործել տարբեր տեսակի ինքնաշեն սարքավորումներ, վառարաններ: Դրանք պետք է լինեն գործարանային արտադրության»,-ասաց Սերգեյ Հայրապետյանը:
Նրա խոսքով, վերջին տարիներին հանրապետությունում, բարեբախտաբար, հնարավոր է եղել խուսափել գազի պայթյուններից, բայց դա չի նշանակում, որ պետք է հանգիստ լինել:
«Փորձը ցույց է տալիս, որ տարբեր պատճառներով առաջած հրդեհների հիմնական մասը բնակիչների անփութության, ինչ-որ տեղ տգիտության հետևանքով է: Վառարանը տեղադրում են, գազ են այրում առանց ծխահեռացման խողովակների: Ինչպե՞ս կարելի է դա անել, տունը լցնել թունավոր գազով, դա ինքնասպանություն է: Շմոլ գազը վտանգավոր է այն առումով, որ անգույն է և հոտ չունի, մարդիկ չեն կարողանում զգալ»,-ասաց Սերգեյ Հայրապետյանը:
Սերգեյ Հայրապետյանը կարևորեց նաև տունը, որևէ տարածք արդեն գազով լցվելու դեպքում, անվտանգության կանոնները պահպանելը: Ըստ նրա` նման դեպքերում շատ հաճախ սխալ գործողություններ են իրականցվում, լուցկի, կրակայրիչ են վառում:
«Չի կարելի նման դեպքերում էլեկտրական սարքավորումներ միացնել, հեռախոսով զանգահարել, աննշան կայծից հնարավոր է բռնկում լինի: Պետք է անմիջապես օդափոխել տարածքը և հայտնել մասնագետներին»,-հավելեց նա: